«Տրամաբանություն չկա այն մեղադրանքում, որ կառավարող ուժի համար ձեռնտու էր ԸՕ-ի փոփոխությունների ընդունման տապալումը». Լենա Նազարյան

«Ոչ մի տրամաբանություն չկա այն մեղադրանքում, որ կառավարող ուժի համար ձեռնտու էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունման տապալումը»:

Ֆեյսբուքում գրել է ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ հարցնելով, «ո՞րն է կառավարող ուժի համար տարածքային ցուցակներ պահելու շահը»:

«Որպեսզի՞ շահագրգռենք մարզերում ու վարչական շրջաններում հեղինակություն ունեցող թեկնածուներին` մեր ցուցակներում ընդգրկվելու համար: Բայց դրա համար հատուկ ջանքի կարիք չկա էլ մեր դեպքում. Երևանի ավագանու ցուցակ կազմելու համար մոտ 500 անձի հայտ ենք դիտարկել: Մինչդեռ մեկ ընտրական ցուցակով ընտրությունների մասնակցելը միշտ ավելի կանխատեսելի ու պակաս ռիսկային է քաղաքական թիմ ձևավորելու առումով ու սա շա՛տ ավելի նախընտրելի տարբերակ է բոլոր նրանց համար, ովքեր ոչ թե ընտրվելու խնդիր ունեն, այլ` ԱԺ-ում քաղաքական և աշխատող թիմ ունենալու նպատակ ունեն: Իսկ մենք ունենք այդ նպատակը: Եվ անգամ գործող օրենսգիրքը մեզ չի խանգարի, որ մենք հասնենք այդ նպատակին, թեև ավելի դժվար կլինի: Ափսոսում եմ, որ մարդիկ, ովքեր շատ լավ են պատկերացնում այս տարբերությունը, անտեսեցին մեր ջանքերը քաղաքական խորհրդարան ունենալու ուղղությամբ և չմատնանշեցին իրական խոչընդոտողներին»,- գրել է Նազարյանը: