Բանկերի մոտ հերթերը կարգավորվում են հակահամաճարակային կանոններին համապատասխան. ԿԲ նախագահ

Հեղինակ MediaLab

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահամաճարակային ստեղծված իրավիճակում գլխավոր խնդիր է համարում անել այնպես, որ առողջապահական համակարգն իսկապես կարողանա սպասարկել բուժօգնության անհրաժեշտություն ունեցող բոլոր քաղաքացիներին։ Այդ մասին վարչապետը նշեց կառավարության նիստում։ «Խնդիրը, որն այսօր ունենք, ամենևին առողջապահական համակարգում չէ, առողջապահական համակարգից դուրս է, և խոսքը հակահամաճարակային կանոնների պահպանման վերաբերյալ է։

Եվ մեր վերջին օրերի մոնիթորինգը ցույց է տալիս հետևյալը՝ հակահամաճարակային կանոնները զանգվածաբար չեն պահպանվում։ Ընդ որում, այստեղ մենք ունենք առավել մեծ ռիսկի գոտիներ, և պետք է ցավով արձանագրեմ, որ այդ ռիսկի գոտիներից մեկը մեր բանկային համակարգն է։ Եվ երեկ մենք շատ սերտ աշխատեցինք նաև Կենտրոնական բանկի հետ, օրվա ընթացքում կարգավորվեց։ Բայց այսօր առավոտից մենք կրկին ստանում ենք տեղեկություններ, որ կանոնները չեն պահվում։ Ընդ որում, ոչ թե խնդիրը գրասենյակի ներսում է, այլ անհրաժեշտություն կա նաև այդ հերթերը կառավարել գրասենյակների տարածքներից դուրս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հորդորեց աշխատանք տանել բանկերի հետ, որպեսզի այդ գործողությունները լինեն ոչ միայն տարածքի ներսում, այլ նաև տարածից դուրս։

Իր հերթին, ԿԲ նախագահը նշեց, որ հունիսի 3-ին բավական լավ արդյունքների են հասել բանկերի մոտ հերթ պահելիս սոցիալական տարածությունների պահպանման,  դիմակների բաժանման, ախտահանող տարբեր միջոցների տրամադրման, նոր սաքերի տեղադրման ուղղությամբ։ «Օրվա վերջում բավական լավ իրավիճակ էր արդեն, բայց այսօր առավոտյան երկու ահազանգ ենք ստանցել, այդ թվում՝ մարզից։ Մարզերում կրկին խնդիրը կապված է թոշակների և մեր սոցիալական ծրագրերի այն բաժանորդների հետ, որոնք դեռ չեն հասցրել վերջնական իրենց գումարները ստանալ։

Աշխատանք տարվում է, բայց տեղեր կան՝ նույն կարգապահության խնդիրն է՝ բանկերը գծերը քաշել են, հատուկ միջոցառումներ են անում, աշխատակիցները բոլորին խնդրում են պահպանել սոցիալական տարածությունը, բաժանում են դիմակներ, եթե անդիմակ մարդիկ կան, դիմում են իրենց հաճախորդներին սոցիալական ցանցերով, սպասարկման ժամկետները մի քանի ժամով երկարացրել են, փորձում են հերթերի հատուկ կարգ սահմանել։ Ես չեմ կարող ասել, որ վիճակն անկառավարելի է։ Լրիվ կառավարելի վիճակ է, մեկ-երկու դեպք է մնացել։ Վիճակն այսօր արդեն անհամեմատելի է երեկվա հետ, այսօր օրվա մեջ այդ վիճակն ամբողջությամբ կկարգավորվի»,- ասաց ԿԲ նախագահը։