«Ասեցին՝ ստեղ վիրավորներ չեն բերում, գնացեք կողքը նայեք, կողքն էլ մորգն էր»․ ամուսնու զոհվելուց հետո 24-ամյա կինը առողջական լուրջ խնդիրներ է ձեռք բերել

Երկու անչափահաս երեխաների մայր, 24-ամյա Կարինա Գրիգորյանը ամուսնու զոհվելուց հետո չի կարողանում ուշքի գալ։ Ծանր ու ցավոտ ապրումները նաև առողջական վիճակի վրա են ազդել․ «Որ իմացա ամուսնուս զոհվելու մասին, վատացա, հիվանդություն էլ ձեռք բերեցի, նյարդայնանալուց ոտքերս անզգայանում են»,- հուզմունքով ասում է Կարինան։

Կարինայի ամուսինը՝ 30-ամյա կապիտան Հովհաննես Գրիգորյանը, զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ Թալիշում՝ ընկնելով հակառակորդի շրջափակման մեջ։ 

Կարինա Գրիգորյանը ամուսնու հետ վերջին անգամ կապ է հաստատել սեպտեմբերի 27-ի երեկոյան, ասել, որ երեխաների հետ բարեհաջող հասել են Հայաստան։ Այդ զանգը վերջինն է եղել, այնուհետև Հովհաննես Գրիգորյանի հեռախոսը մշտապես անհասանելի է եղել։

«Որ անհասանելի դարձավ, ես ծանր ապրումների մեջ էի, կասկածանքի մեջ էի ընկել։ Սթրեսների մեջ էի ահավոր ձևի, անգամ գիշերները որ պառկում էի, զոհվածների անունները, որ գրում էին, չէի ուզում կարդայի, որ հանկարծ իրա անունը չլիներ, մենակ ծննդյան թվականներին էի նայում, ու ամեն անգամ որ չէր համընկնում՝ Աստծուն փառք էի տալիս։

Մեր աղջիկներից ով խոսում էր իր ամուսնու հետ, ինձ հարցնում էին՝ Կա՛ր, խոսեցի՞ր Հովոյի հետ, ասում էի՝ չէ՛։ Անընդհատ սպասում էի իր զանգին, բայց էդպես էլ չզանգեց»,- արտասվելով ասում է կինը:

Ընտանիքը սկզբում տեղեկացել է, որ Հովհաննես Գրիգորյանը վիրավորվել է, սակայն երբ հիվանդանոց են գնացել, որ տեսնեն, պարզել են, որ ոչ թե պետք է հիվանդանոցում փնտրեն, այլ դիահերձարանում։
«Զանգեցին սկեսրայրիս համարին, ասեցին՝ Հովոյին բերել են, Գյումրիի հիվանդանոցում ա արդեն։ Մենք էլ, ճիշտ ա, վատ էինք տարել, բայց ուրախացել էինք, որ գոնե վիրավոր մեզ ա հասել: Ես մտքիս մեջ ուրախացել էի, ասում էի՝ երեխեքիս հետ գնամ, տեսնի, դրանից լավ կզգա։ 

Գնացինք հիվանդանոց, սկեսուրս ասեց՝ դուք մնացեք, մենք գնանք, տեսնենք՝ Հովոն որ սենյակում ա: Գնացին, իրանց ասեցին, որ ստեղ վիրավորներ չեն բերում։ Երևան են բերում վիրավորներին, գնացեք կողքը նայեք, կողքն էլ արդեն մորգն էր»,- հուզմունքով հիշում է Կարինեն։

Այնուհետև պատմում է, որ փորձել են սկեսուրի հետ ներս մտնել, բայց թույլ չեն տվել․ «Բժիշկները կանգնել էին մեր դեմը, ասում էին՝ դուք հիմա էն վիճակում չեք, որ իրան տեսնեք, ինքն էլ էն վիճակում չի, որ տեսնեք։ Կեսուրս մի կողմից էր հրում, ես՝ մյուս կողմից, զոռով ներս մտանք, էդպես էլ չթողեցին: Հետո սկեսրայրս ու տեգրս գնացին ու տեսան, որ ինքն էր»,- պատմում է Կարինան։

Կինը պատմում է, որ ամուսինը զոհվել է բեկորային վնասվածքից՝ հայտնվելով սնարյադի տակ․ 

«Իրան հաղորդել էին՝ էդ դիրքը թողեք, գնացեք, եթե չեք ուզում զոհվեք, իրանք էլ դիրքը թողող տղերք չէին, առաջ էին գնացել, շրջափակման մեջ էին հայտնվել»,- ասում է Կարինան։

Վիրավորում ստանալուց հետո ամուսինը 4 ժամ ապրել է, այնուհետև արյունահոսությունից մահացել: 

«Իրան տեղափոխել են Մարտակերտի հոսպիտալ, ես բուժքույրի հետ էլ եմ խոսել: Ինքն ասում ա՝ վերջին մարդը ես եմ եղել, որ խոսացել եմ: Ասել ա՝ բժշկուհի՛, ես կապրե՞մ, ես չեմ ուզում մեռնեմ, ինքը ներքին արյունահոսություն ա ունեցել, չկարողացան փրկել»։

Կարինան վերհիշում է, որ պատերազմի սկսվելուն պես ծանր փորձություններով անցնելով և Հայաստան հասնելուց հետո հույս ուներ, որ դրանով ամեն բան կսահմանափակվի, ամուսնուն ոչինչ չի պատահի, սակայն ոչ միայն երեխաների հետ զգաց պատերազմի ահն ու սարսափը, նաև կորցրեց սիրելի ամուսնուն։

«Պատերազմի ժամանակ մենք 4 ժամ մնացել ենք նկուղը, տղես էնքան էր վախեցել, որ վախ բռնող էինք բերել, որ ինձ էլ, իրան էլ վախերս հաներ։

Մենք որ արթնացանք, արդեն ձեները լսվում էին: Ասեցի՝ երեխեքին շուտ հագցնեմ, իջացնեմ պադվալ, տաք հագցնեմ, որ չմրսեն: Տղայիս հագցրեցի, որ անցնեմ աղջկաս, էլ չհասցրեցի… Դիմացի շենքին մոտ խփեց, մենք էլ երրորդ հարկում էինք, էդ ալիքը նենց տվեց, մտածեցի՝ հեսա մեր պատն էլ հետն ա փլվելու, իջանք պադվալ։ 

Թե ինչ ձևով եմ էդ երեք հարկը իջացրել երեխեքին քարշ տալով, ոտքերս կապվել էր, դրանից հետո երանի էի տալիս, որ ամուսնուս հետ խոսեմ, ասեմ՝ մենք լավ ենք, իջել ենք պադվալ: Մենակ էդ ձեները մինչև հիմա ուղեղիս մեջ են, էնքան ուժեղ էին, որ մտածում էինք՝ հեսա լսողություններս կորցնելու ենք… երեխեքը ներսից ղժժում էին, մերերը՝ բարձր աղոթում»,- պատմում է Կարինան։

Այնուհետև հիշում է, որ իր ու երեխաների հետևից եկել են ու մեքենայով տեղափոխել Հայաստան: Նույնքան դժվարին էլ եղել ճանապարհը:

«Երևի ամուսինսս էր մարդ ուղարկել, որ գային մեզ տանեին, ես էդպես էլ չիմացա։ Ճանապարհին էդ ավտոն փչացավ, ուրիշ ավտոյով մեզ տարան, «Կամազի» տիպի ավտո էր՝ գլուխը բաց, հետևն էինք նստել: Էդ ավտոն էլ էնքան արագության տակ էր գնում, որ փոքրս ձեռքիցս թռնում էր, չէի կարողանում, հնար չկար պահելու, էն կարգի, որ մտածում եմ՝ ուղեղի հետ մի բան եղել ա, մտածում էի՝ տանեմ բժշկի, տեսնեմ՝ ինչ կատարվավ հետը։

Որ հասել էինք Հայաստան, ես ասում էի՝ էս երևի վերջն էր, Աստված մեզ փորձություն ա տվել, էս էլ անցանք, երևի Հովոյին էլ ոչ մի բան չի լինելու։ Ես հույս ունեի, որ իրան ոչ մի բան չէր լինելու»,- հուզվում է Կարինան ու խոսքն ընդհատում։

Կարինան ասում է, որ կյանքը 180 աստիճանով փոխվել է պատերազմից հետո, արտասվելով ընդգծում է՝ այժմ իր համար ապագա չի տեսնում: 

«Մենակ երեխեքով եմ ապրում։ Ու ամեն անգամ տղայիս նայելով՝ հորն եմ նրա մեջ տեսնում»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am