Մակունցն Ալիևի կողմից ներքին խնդիրներից շեղելու միտում է տեսնում

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններում նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներքին խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու միտում է տեսնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մակունցը նշեց, որ այդ անհեռանկար գործողությունները որևէ արդյունքի չեն հանգեցնելու:

«Երեկ՝ հուլիսի 12-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկված սադրիչ գործողությունները, հավանաբար, պայմանավորված են Ադրբեջանի ներքին քաղաքական խնդիրներով, որով Ալիևը փորձում է ինչ-որ կերպ շեղել ուշադրությունը ներքին խնդիրներից: Այս անհեռանկար գործողությունները որևէ արդյունքի չեն բերելու և համարժեք ու կոշտ հակահարված են ստանալու ՀՀ Զինված ուժերի կողմից»,- ասաց Մակունցը:

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանի գործողություններն ակհնայտ է, որ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների համատեքստում են և միտված են վնասելու բանակցային խաղաղ գործընթացը: 

«Հայաստանի Զինված ուժերի համարժեք արձագանքից հուսանք ադրբեջանական կողմն արագորեն կանի համապատասխան հետևություններ և մարդկային կյանքերի գնով չի փորձի իր համար ներքաղաքական խնդիրներ լուծել, հակառակ դեպքում, հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վրա»,- նշեց Լիլիթ Մակունցը: