«Գնացել օտար ափերում առոք-փառոք ապրում են ու մի երկու հատ ակցիա են անում, հայրենասերի դեր խաղում, բայց հայրենասիրությունն այդպես չի լինում». Աղասի Թադևոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ազգագրագետ, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը

Պարո՛ն Թադևոսյան, սփյուռքի մեր հայրենակիցները ժամանակ առ ժամանակ իրենց դժգոհությունները, կարծիքն են արտահայտում ներհայաստանյան քաղաքական տարբեր իրավիճակների վերաբերյալ, ինչն այստեղ՝ Հայաստանում, հակասական մեկնաբանությունների է արժանանում: Դուք ինչպես եք վերաբերվում օտար երկրներում ապրող մեր հայրենակիցների այս վարքին:

– Մարդիկ, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, իրավունք չունեն մասնակցելու Հայաստանի քաղաքական կյանքին: Եթե ուզում են մասնակցել Հայաստանի քաղաքական կյանքին, պետք է գան, ապրեն Հայաստանում, սա շատ կոնկրետ է, որովհետև Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելը պետական կյանքին մասնակցել է: Եթե իրենք գնացել ուրիշ պետության տարածքում են ապրում, նշանակում է ձեռքերը լվացել են Հայաստանից, գնացել իրենց համար ապահով պայմաններ են ստեղծել ու հիմա այնտեղից Հայաստանի քաղաքական կյանքին վերաբերող քայլեր են անում, ինչը միանշանակ ընդունելի չէ:

Եթե լինի մշակութային կամ այնպիսի բան, որը չի վերաբերում քաղաքացիության խնդրին, ապա կարելի է ինչ-որ կերպ դա ընկալել, բայց իրենք ի՞նչ գործ ունեն Հայաստանի պետության հետ, նույն հաջողությամբ կարող են Վրաստանի պետության կյանքին էլ մասնակցել: Միայն իրենց հայ լինելը իրավունք չի տալիս, որ իրենք պետական կյանքի վերաբերյալ ակցիաներ անեն: Եթե ուզում են դա անել, թող գան, ապրեն Հայաստանում, ձեռք բերեն Հայաստանի քաղաքացիություն, իրենց երեխաները թող գնան բանակում ծառայեն, պատերազմի դեպքում թող կյանքները վտանգվի, նոր այդ դեպքում իմանանք, որ իրենք լիարժեք իրավունք ունեն: Փախել են Հայաստանից՝ հերիք չէ, մի հատ էլ Հայաստանի վերաբերյալ ինչ-որ բաներ են ուզում անել:

Այդ մարդիկ ձեզ կհակադարձեն՝ ասելով, որ Հայաստանը նաև իրենց հայրենիքն է, իսկ հայրենիքը մեկն է, ու կապ չունի, որ իրենք հիմա Հայաստանում չեն, եթե խոսքն իրենց հայրենիքի մասին է, իրենք չեն կարող անմասն մնալ:

– Մարդիկ հայրենիքը շփոթում են իրենց ծննդավայրի հետ: Հայրենիքը պետությունն է, ու եթե իրենք այդ պետության կյանքին վերաբերող ինչ-որ բան են անում, պարտավոր են լինել այդ երկրի քաղաքացի ու պատասխանատվություն կրել: Այն, ինչ իրենք են անում, պարզապես անպատասխանատվության գագաթնակետն է:

Խնդիրն այն է, որ շատ էմոցիոնալ, անիմաստ բան են անում: Պատասխանատու մարդը հասկանում է, որ ինքը պետք է այդ պետության քաղաքացի լինի, որ պետության ճակատագրի հետ կապված ինչ-որ բան անի, որ եթե ինչ-որ մի բան այդ արարքի հետևանքով այն չլինի, քեզ վրա կրես դա: Թե չէ գնացել օտար ափերում իրենց համար առոք-փառոք ապրում են ու մի երկու հատ ակցիա անում, հայրենասերի դեր խաղում, կուրծք են ծեծում, թե հայրենասեր են: Հայրենասիրությունն այդպես չի լինում. հայրենասիրություն է գալ, ապրել երկրում, այդ երկրի ժողովրդագրական թիվը մեծացնել, պատերազմի դեպքում գնալ, կռվել, թե չէ այդ դահլիճային հայրենասիրությունն ո՞ւմ է պետք:

Ձեր ասած դահլիճային հայրենասիրությունը մարդու էությո՞ւն է, թե՞ միայն մեր ազգի մեծ մասին է բնորոշ, պարո՛ն Թադևոսյան:

– Դժվար է ասել: Դա ուղղակի մեր հայերին բնորոշ մի բան է, ու շատ ցավալի է, որ մեր հայերն այդքան անպատասխանատու են, իհարկե՝ ինչ-որ հատված, ոչ բոլորը: Իրենք թողնում են իրենց երկիրը ու դրսում հայրենասիրություն քարոզում: Եկեք ապրեք Հայաստանում, Հայաստանում ապրելը դատապարտվածությո՞ւն եք համարում, թողեք այդ լավ երկրները, եկեք միասին երկիրը երկիր սարքենք, եթե չեք գալու, գնացեք տվյալ պետության կյանքին վերաբերող հարցերում ցույցեր արեք, ի՞նչ գործ ունեք Հայաստանի հետ:

Ընդունո՞ւմ եք այն հիմնավորումները, որ, օրինակ՝ ներկայիս ղեկավարությունը ինչոր մեկին դուր չի գալիս, դրա համար էլ Հայաստան չի վերադառնում, երբ կփոխվի իշխանությունը, հետ կգան:

– Դրանք բոլորը կեղծ պատճառաբանություններ են Հայաստանից փախած ապրելու համար, իրենց մեծ մասը շատ մորթապաշտ է: Իրենք ընտրել են բարեկեցիկ կյանքը ու չեն ուզում մասնակցել իրենց երկրի կյանքի բարելավմանը, հեռվից սիրում են իրենց հայրենիքը, բայց հայրենիքը սիրելու ձևը հայրենիքում ապրելն է: Բոլորս էլ կարող էինք գնալ, ո՞ր մեկս չէր կարող գնալ:

– Հեռվից սիրելու նպատակը ո՞րն է, ի՞նչ են դրանով ուզում ցույց տալ:

– Չգիտեմ, իրենց մեղքի զգացումն է: Մեծ մասը մեղքի խորքային զգացում ունի, փորձում է ինչ-որ ձևով ցույց տալ, թե իրենք հայրենիք սիրող հայեր են:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am