Կորոնավիրուս․ Եվրոպան՝ էպիկենտրոն. Հիմնական փաստերն ու թվերն աշխարհում և Կովկասում մարտի 15–ին

Կորոնավիրուսից տուժած համաշխարհային առաջնորդների ցանկը։ Վատիկանը չեղարկել է Զատկի հանրային տոնակատարությունը

Հիմնական աղբյուրներ՝ CNN և The Economist։

Վերջին երկու շաբաթում հիվանդության օջախը Չինաստանից տեղափոխվել է աշխարհի մնացած երկրներ։ Պանդեմիայի կենտրոնը Եվրոպան է, որին շուտով կարող է անցնել ԱՄՆ–ն։

Վիճակագրությունը՝ մարտի 15–ի առավոտվա դրությամբ

• Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով 156,400 հիվանդ։ Նրանցից ավելի քան մեկ երրորդը Չինաստանի սահմաններից դուրս է։

• Աշխարհի 116 երկրներում մահացել է ավելի քան 5,833 մարդ։ Պանդեմիայի մասշտաբների մասին է խոսում հետևյալ համեմատությունն․ ընդամենը մեկ շաբաթ առաջ՝  մարտի 8–ին, գրանցվել էր կորոնավիրուսի հետևանքով մահվան 3,200 դեպք 85 երկրներում և տարածքներում։

• 73,968 մարդ ապաքինվել է։

• Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը կարելի է ծանոթանալ այստեղ։

Իրավիճակը Կովկասում

 23 վարակված կա Հայաստանում։ Առաջին վարակվածն Իրանից էր ժամանել, մնացածներն Իտալիայում են եղել։ Կարանտինի մեջ է ավելի քան 200 մարդ։ Երկիրը վիզային ռեժիմ է մտցրել Իրանի հետ։ Փակ են բոլոր ուսումնական հաստատությունները։

• 19 հիվանդ կա Ադրբեջանում։ Հիվանդներից մեկը մահացել է, վեցն ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցից։ 17 հիվանդ ժամանել է Իրանից, երկուսն՝ Իտալիայից։ Ադրբեջանը փակել է սահմանն Իրանի հետ, երկրով մեկ փակ են դպրոցներն ու մանկապարտեզները։

 30 հիվանդ կա Վրաստանում։ Երկուսը ժամանել են Իրանից, մնացածներն՝ Իտալիայից։ Ավելի քան 500 մարդ է կարանտինի մեջ։ Վրաստանը երկիր մուտք գործելու խիստ սահմանափակումներ է մտցրել աշխարհի բոլոր երկրների համար, այդ թվում՝ ժամանակավորապես փակ է սահմանն Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Փակ են բոլոր ուսումնական հաստատությունները, չեղարկվել են բոլոր հանրային միջոցառումները։

Շարունակվում է համաճարակի արագ աճն Իտալիայում

• Իտալիայում կորոնավիրուսով վարակման 2,547 նոր դեպք կա և մահվան 252 դեպք մեկ օրում՝ շաբաթ, մարտի 14–ին։ Սա ամենաբարձր վիճակագրությունն է մեկ օրվա համար՝ աշխարհում պանդեմիայի փաստն ընդունեուց ի վեր։

• Ընդհանուր առմամբ, Իտալիայում հաստատվել է 21,157 դեպք, 1,441 մարդ մահացել է։

Իրանը ճգնաժամի մեջ է

Իրանում հաստատված դեպքերի արագ աճ կա․ ավելի քան հազար նոր դեպք մեկ օրում՝ մարտի 14–ի ընթացքում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Իրանում 12,729 հիվանդ կա, 611 մարդ մահացել է։ Սակայն տեղի հասարակությունում և աշխարհում խոսում են, որ այդ տվյալները կարող են նվազեցված լինել։ Համացանցում արբանյակից արված լուսանկարներ են հայտնվել, որտեղ երևում են եղբայրական գերեզմաններն Իրանի Ղոմ քաղաքում։ Դրանք 100 մետր ընդհանուր երկարությամբ խրամատներ են, որոնք փորվել են փետրվարի սկզբին։

Վատիականը չեղարկել է Զատկի հանրային տոնակատարությունը

• Վատիկանը մարտի 15–ին հայտարարել է Զատկի բոլոր պատարագների և հանրային տոնական միջոցառումների չեղարկման մասին։

• Փակ են Վատիկանի բոլոր թանգարանները, Սուրբ Պետրոսի հրապարակն ու Սուրբ Պետրոսի տաճարը։

• Վատիկանում կորոնավիրուսի մեկ հաստատված դեպք կա։

Կորոնավիրուսից տուժած համաշխարհային առաջնորդները

• ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել։ Նա ստուգվել էր այն բանից հետո, երբ հանդիպել էր բրազիլացի պատվիրակների հետ, որոնք կորոնավիրուսվ վարակված են եղել։

• Վարակվել է Մայամիի քաղաքապետ Ֆրենսիս Սուարեսը։

• Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի տիկինը՝ Սոֆին, վարակվել է։ Նրանք երկուսն էլ մեկուսացման մեջ են, թեև Թրյուրդոյի մոտ դեռևս ոչ մի ախտանշան չկա։

• Ֆրանսիայում չորս քաղաքական գործչի թեստերը դրական են եղել, խոսքը խորհրդարանի անդամի, խորհրդարանի աշխատակցի, մշակույթի նախարարի և բնապահպանության հարցերով նախարարի պետքարտուղարի մասին է։

• Իսպանիայում վարչապետ Պեդրո Սանչեսի տիկինը կորոնավիրուսով վարակվել է, երկուսն էլ մեկուսացման մեջ են։

• Մեծ Բրիտանիայում վարակը հայտնաբերվել է առողջապահության փոխնախարարի մոտ։

• Իրանում կառավարության 8 տոկոսն ու 23 պատգամավոր վարակված են կորոնավիրուսով։ Երկու պատգամավոր մահացել է։

• Ավստրալիայում վարակված է ներքին գործերի նախարարը։

Աղբյուրը՝ JAMNEWS