Պուտինն այս շաբաթ կհանդիպի Փաշինյանի հետ. ԶԼՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթվա ընթացքում կշարունակի տնտեսական խորհրդակցությունների շարքը եւ կքննարկի իրավիճակը մետալուրգիայում, բացի այդ, պաշտոնական այցով Մոսկվա կայցելի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնել են «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի ընթացքում։

«Պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանում Հայաստանի վարչապետը։ Ներկա միջազգային իրադրությունում հատուկ նշանակության իրադարձություն է», – ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նշել են ծրագրում:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտնել էր, որ ապրիլի 9-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Զրուցակիցները կարևորել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի մասին պայմանավորվածությունները: Ռուսաստանի Դաշնության նախագահը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցել նշված գործընթացներին:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանը: Վարչապետ Փաշինյանն արտահայտել է հայկական կողմի ակնկալիքը, որ ռուս խաղաղապահները կոնկրետ միջոցներ ձեռնարկեն ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար:

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև երկու երկրների տնտեսական փոխգործակցության հարցերին ու պայմանավորվել, որ նաև այս հարցերը մանրամասն կքննարկեն ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարելիք պաշտոնական այցի ընթացքում: