Նույնիսկ ՔՈՎԻԴ-19-ից առաջ ավելի քան 13 միլիոն երեխա ընդհանրապես չի պատվաստվել․ ՅՈՒՆԻՍԵՖ

July 2016 City of Gyumri- Policlinic No 2: General check-ups including growth monitoring and immunisation for babies and children. Routine activities.

Համավարակի պատճառով դադարեցվել են կարմրուկի դեմ պատվաստումների ծրագրերը հիվանդության տարածվածության ամենաբարձր մակարդակ ունեցող 25 երկրներում

ՆՅՈՒՅՈՐՔ, 25 ապրիլի, 2020թ. – Մինչ աշխարհն անհամբեր սպասում է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմանը, համաճարակը շարունակում է մեծ թափով տարածվել ամբողջ աշխարհում։ Միլիոնավոր երեխաներ կարմրուկի, դիֆթերիայի և պոլիոմիելիտի դեմ կենսական նշանակության պատվաստումներ չստանալու վտանգի տակ են՝ այս ծառայությունները տրամադրող օղակների աշխատանքի ընդհատման պատճառով: Վերջին տվյալներով, պետությունների մեծամասնությունը դադարեցրել է պոլիոմիելիտի, իսկ 25 երկիր հետաձգել է կարմրուկի դեմ զանգվածային արշավները՝ առաջնորդվելով նոր ուղեցույցով։

Նույնիսկ մինչ կորոնավիրուսի համաճարակը, կարմրուկի, պոլիոմիելիտի և այլ հիվանդությունների դեմ պատվաստումները յուրաքանչյուր տարի անհասանելի էին 20 միլիոն երեխայի համար: 2018թ․ աշխարհում ավելի քան 13 միլիոն երեխա ընդհանրապես չի պատվաստվել, որոնցից շատերն ապրում են թույլ առողջապահական համակարգ ունեցող երկրներում: Հաշվի առնելով ներկայիս ընդհատումները՝ 2020 թվականի և գալիք տարիների ընթացքում սա կարող է աղետալի հետևանքների բերել։

«Քանի դեռ կորոնավիրուսը շարունակում է տարածվել աշխարհում, կյանքեր փրկող մեր աշխատանքը` ուղղված երեխաներին պատվաստանյութերով ապահովելուն, հույժ կարևոր է», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի իմունիզացիայի հարցերով գլխավոր խորհրդական և բաժնի ղեկավար Ռոբին Նանդին (Robin Nandy): «ՔՈՎԻԴ-19 համաճարակի պատճառով միլիոնավոր երեխաների ճակատագրեր են անորոշության մեջ»:

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերլուծության, 2010-2018 թթ․ ընկած ժամանակահատվածում գրեթե 182 միլիոն երեխա կամ տարեկան միջին հաշվով 20,3 միլիոն երեխա, չի ստացել կարմրուկի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը: Սա այն պատճառով է, որ կարմրուկի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժնի գլոբալ ծածկույթը կազմում է ընդամենը 86 տոկոս, ինչը բավականին ցածր ցուցանիշ է կարմրուկի բռնկումը կանխելու համար անհրաժեշտ 95 տոկոսից:

Չպատվաստված երեխաների թվաքանակը հանգեցրեց նրան, որ 2019 թվականին կարմրուկի տագնապալի բռնկումներ արձանագրվեցին այդ թվում բարձր եկամուտ ունեցող երկրներում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում։  

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից մշակված տարածաշրջանային նոր բնութագրերի, կարմրուկից բացի, իմունիզացիայի բացերն արդեն իսկ բավականին խնդրահարույց էին: Իսկ այսօր բոլոր պետությունները նաև պայքարում են կորոնավիրուսի բռնկումների դեմ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը կենսական նշանակության պատվաստանյութեր է մատակարարում, որպեսզի հիվանդությունների բռնկումներ ունեցող վայրերում երեխաները պատվաստվեն։

Մինչ աշխարհը շտապում է ՔՈՎԻԴ-19-ի դեմ նոր պատվաստանյութ ստեղծել և փորձարկել, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Կարմրուկի և կարմրախտի նախաձեռնությունն ու ԳԱՎԻ պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը կառավարություններին և դոնորներին կոչ է անում.

  • շարունակել իրականացնել պլանային պատվաստումները՝ միևնույն ժամանակ պաշտպանելով բուժաշխատողներին։
  • Երբ համաճարակն ավարտվի, պլանավորել յուրաքանչյուր երեխայի բաց թողած պատվաստումների իրականացումը։
  • Երբ ՔՈՎԻԴ-19-ը պատվաստանյութը ստեղծվի, ապահովել, որ այն հասանելի լինի նույնիսկ ամենակարիքավոր մարդկանց համար:

 «Այսօր չպատվաստվող երեխաները չպետք է իրենց ողջ կյանքն ապրեն առանց հիվանդությունից պաշտպանված լինելու», – նշել է ԳԱՎԻ պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի գլխավոր գործադիր տնօրեն Սեթ Բերկլին (Seth Berkley) «ՔՈՎԻԴ-19-ը չպետք է պատճառ հանդիսանա, որ աշխարհում կարմրուկի և պոլիոմիելիտի նման այլ մարդասպան հիվանդություններ վերածնունդ ապրեն»։