Շուշիի ուղղությամբ, գրոհող խմբավորումները հայտնաբերվել և ենթարկվել են կրակային ներգործության ու կրել մեծ կորուստներ․ ՊԲ ներկայացուցիչ

Վերջին երեք-չորս օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ։ Այդ ժամանակահատվածում ընթացել են համառ մարտեր, ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել և պաշտպանում են մեր ինքնության, Արցախի խորհրդանիշներից մեկը՝ բերդաքաղաք Շուշին, և վճռականորեն տրամադրված են՝ պատվով կատարել իրենց խնդիրը։ Այդ մասին այսօր ճեպազրույցում տեղեկացրեց Արցախի ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը։

Ըստ ՊԲ ներկայացուցչի, օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ, գրոհող խմբավորումները հայտնաբերվել և ենթարկվել են կրակային ներգործության ու կրել մեծ կորուստներ։

Սարումյանը տեղեկացրեց, որ օրվա ընթացքում տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող մեկ տանկ, չորս ավտոտեխնիկա, ութ ԱԹՍ։

«Հարավարևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումներին հաջողվել է որպես ռազմավար վերցնել հակառակորդի մեկ տանկ և հրետանային միջոցներ։ Ներկայում Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռ շարունակվում են։

Կա մի նրբություն․ մարտական գործողությունների տրամաբանությունը ենթադրում է գործողությունների զարգացում, որոշակի ժամանակահատված, որի ընթացքում տեղի են ունենում այդ գործողությունները։

Մարտական գործողությունների արդյունքների մասին կարելի է խոսել դրանց ամբողջության մեջ, երբ դրանք մոտենում են ավարին կամ արդեն ավարտվել են», -նշեց Սարումյան։