Թրամփի վարչակազմը խստացրել է գրին քարտ ստանալու կարգը

1199,674,0,0.45,-1

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խստացրել է ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք տրամադրող «գրին քարտերի» ստացման կարգը։ Այսուհետ դիմորդները մեծ մասամբ պարտավոր կլինեն փաստաթղթերը ներկայացնել ԱՄՆ-ից դուրս և դիմելու պահին չգտնվել երկրի տարածքում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը (USCIS)։

USCIS-ի ներկայացուցիչ Զաք Քալերի խոսքով՝ ԱՄՆ-ում ժամանակավորապես գտնվող օտարերկրացիները, որոնք ցանկանում են ստանալ գրին քարտ, պետք է վերադառնան իրենց երկիր և այնտեղից ներկայացնեն դիմումը։ Բացառություններ հնարավոր են միայն «արտակարգ հանգամանքների» դեպքում։

Նա ընդգծել է, որ ոչ ներգաղթային վիզաներով ԱՄՆ ժամանած անձինք՝ ուսանողները, ժամանակավոր աշխատողները և զբոսաշրջիկները, պարտավոր են սահմանված ժամկետի ավարտից հետո լքել երկիրը։ «Նրանց այցը չպետք է դառնա գրին քարտ ստանալու գործընթացի առաջին քայլը»,-նշել է Քալերը։

The Washington Post-ի տվյալներով՝ ԱՄՆ-ը տարեկան տրամադրում է ավելի քան մեկ միլիոն գրին քարտ, իսկ մինչ այժմ դիմորդների կեսից ավելին փաստաթղթերը ներկայացնում էին արդեն ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում։