Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումից կշահեն նաև Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան․ Լավրով․ Ազատություն

Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումից կշահեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, այլև՝ Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան, այսօր հյատարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ իրանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո, գրում է «Ազատությունը»։

Լավրովը նշել է, թե իրանական կողմը դրական է արձագանքել այս երկրների մասնակցությամբ 3+3 ձևաչափով նոր հարթակ ստեղծելու նախաձեռնությանը։ Պնդելով, թե առաջարկին կողմ են նաև Ադրբեջանում և Թուրքիայում, Լավրովն ասել է՝ հայ գործընկերների հետ դեռ աշխատում են այս ուղղությամբ։

Իրանի արտգործնախարարը երեկ Մոսկվա ժամանելուն պես հայտարարել էր՝ հույս ունեն, որ Ռուսաստանը կարձագանքի Հարավային Կովկասում սահմանների հնարավոր փոփոխությանը։

«Մենք մտահոգություններ ունենք և քննարկել ենք այդ հարցը Լավրովի հետ», – այսօր բանակցություններից հետո հայտարարել է Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։

Մանրամասներն ու ռուսական կողմից արձագանքը, սակայն, նա չի մանրամասնել։