Այսօր ԱԺ քննարկմանը ներկայացրի քրեական ենթամշակույթի դեմ պայքարին վերաբերող նախագծերի փաթեթը. Ռուստամ Բադասյան

Այսօր ԱԺ քննարկմանը ներկայացրի քրեական ենթամշակույթի դեմ պայքարին վերաբերող  նախագծերի  փաթեթը. Ռուստամ Բադասյան
Այսօր ԱԺ քննարկմանը ներկայացրի քրեական ենթամշակույթի դեմ պայքարին վերաբերող նախագծերի փաթեթը. Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Այսօր Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրի վերջին շրջանում երևի թե ամենաշատը քննարկվող նախագծերի փաթեթը, որը վերաբերում է քրեական ենթամշակույթի դեմ պայքարին:
Վստահ եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ քրեական ենթամշակույթը մարտահրավեր է մեր հասարակության համար, քանի որ նման երևույթը սպառնում է աղավաղել մեր արժեքներն ու պատկերացումները:

Հաշվի առելով քրեական ենթամշակույթի բացասական ազդեցության վերացման սոցիալական անհրաժեշտությունը՝ Կառավարությունը հայտարարել է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը մեր պետության քրեական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է լինելու:

Նախագծերի փաթեթով առաջարկել ենք քրեական պատասխանատվություն նախատեսել.

☑️քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու համար.

☑️ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ կամ 223-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները.

☑️ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար՝ միաժամանակ նախատեսելով խրախուսական նորմ առ այն, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մասին քրեական հետապնդման մարմիններին կամովին հայտնած և դրա գործունեության խափանմանը նպաստած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում.

☑️ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու կամ իրական կամ ենթադրյալ իրավունքներն իրականացնելու համար:

Առաջարկել ենք որպես որակյալ հանցակազմեր նախատեսել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը, որոնք կատարվել են.

☑️ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից,

☑️ պաշտոնեական դիրքն օգտագործելով,

☑️ զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից,

☑️ անչափահասի ներգրավմամբ,

☑️ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից:

Հաշվի առնելով միջազգային փորձը և ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքը՝ տրվել են «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում», «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ» հասկացությունների մեկնաբանությունները՝ այդպիսով ապահովելով նշված հասկացությունների բովանդակության կանխատեսելիությունը և բացառելով իրավական որոշակիության սկզբունքի խախտման հնարավորությունը:

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ, լիարժեք և վճռական պայքար մղել քրեական ենթամշակույթ երևույթի գոյությունը բացառելու ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով հասարակական անվտանգությունն ու պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանումը:
Միաժամանակ, նշեմ, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը չի սահմանափակվելու միայն օրենսդրական փոփոխություններով. ձեռնարկելու ենք գործնական այլ քայլեր, որոնք կօգնեն քրեական ենթամշակույթի դեմ մղել համալիր պայքար:

Հ.Գ. շնորհակալ եմ պատգամավոր գործընկերներիս այս արատավոր երևույթի դեմ պայքարը կարևորելու և օժանդակելու համար»: