Իրանը փորձում է ներկայություն ընդլայնել տարածաշրջանում, բայց դժվար է ասել՝ դա թույլ կտա՞ն, թե՞ ոչ. Գարիկ Միսակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Գարիկ Միսակյանը

– Պարո՛ն Միսակյան, փետրվարի 21-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարը հայտարարեց, որ Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների մասնակցությամբ։ Ինչո՞ւ է Իրանը շահագրգիռ այս ձևաչափի գործարկմամբ, որովհետև, եթե չեմ սխալվում, սկզբնական շրջանում իրենք դեմ էին այս ձևաչափին իրենց մասնակցությանը։

– Իրանը փորձում է բոլոր հնարավոր միջոցներով ներգրավվածություն ունենալ Հարավային Կովկասում, և միակ միջոցն Իրանի համար մնում է այս ձևաչափը, որով Իրանը պետք է փորձի որոշակի առումով ներկայություն ունենալ ու նաև, հավանաբար, հաշվի առնելով երկրաշարժի հետևանքով Թուրքիայում ստեղծված խնդիրները, փորձում է միջնորդական որևէ դերակատարություն ունենալ կամ լրացնել Թուրքիայի բացը։

Այս նպատակներից ելնելով էլ առաջ է քաշում «3+3» ձևաչափը։ Իրանում նաև բավականին լավ հասկանում են, որ այս ձևաչափի պետությունները միմյանց հետ բավականին լուրջ խնդիրներ ունեն, ու այնքան էլ հեշտ չէ «3+3»-ով խնդիրներ լուծել, բայց, այնուամենայնիվ, փորձում է այս ձևաչափով խնդիրներ լուծել։

– Իսկ կկարողանա՞։

– Դժվար է ասել՝ Իրանը կունենա՞ ներգրավվածություն, թե՞ չէ, որովհետև արցախյան հակամարտության հետ կապված բանակցություններն ընթանում են եռաչափ տարբերակով՝ կա՛մ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան, կա՛մ Հայաստան-Ադրբեջան-ԵՄ:

– Պարո՛ն Միսակյան, իսկ այս ձևաչափն ի՞նչ կարող է տալ Հայաստանին։

– Համենայնդեպս, կտա մի պետության ներկայություն, որը փորձում է ներկա պահին Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատել, բայց այդ ձևաչափով դա կիրառելի կլինի՞, թե՞ չէ՝ դժվար է ասել։

Դատելով այն խնդիրներից, որոնք կան այս ձևաչափում ընդգրկված երկրների միջև, բավականին բարդ է ասել, արդյունավետ կլինի՞ դրա կիրառումը, թե՞ չէ։

– Եթե այս ձևաչափն ի վերջո չհաջողվի կյանքի կոչել, կստացվի, որ Իրանը այլ տարբերակ չի՞ ունենա տարածաշրջանում իր խոսքն ասելու կամ ներկայությունն ապահովելու։

– Իրանը փորձում է նաև այս ձևաչափն օգտագործել իր ներգրավվածությունն ապահովելու համար, բայց եռակողմ-երկկողմ ձևաչափով ևս փորձում է հայ-իրանական հարաբերությունները առավելագույն կերպով զարգացնել։ Որոշ առումներով նաև առաջ է քաշում Հայաստան-Իրան-Ռուսաստան համագործակցության գաղափարը մի քանի ոլորտներում։

Իրանի գերնպատակներից մեկն է լրացնել այն բացը, որ ստեղծվել է Արցախյան պատերազմից հետո ու մեծացնել իր ներկայությունը, քանի որ Թուրքիան, որը լրջորեն ներկայացված էր Կովկասում, այժմ կարծես թե որոշակի դադար է վերցրել՝ ըստ իրանցիների։

– Իսկ ըստ ձեզ՝ Թուրքիան իսկապե՞ս դադար է վերցրել։

– Դժվար է ասել, որովհետև երկրաշարժից հետո դեռ երկար ժամանակ չի անցել։ Եվ հարց է նաև՝ արդյոք Իրանին թույլ կտա՞ն այդքան մեծ ներկայություն ունենալ տարածաշրջանում, թե՞ չէ։

– Ովքե՞ր թույլ չեն տա։

– Արևմուտքը, Թուրքիան, որոշ դեպքերում՝ նաև Ռուսաստանը, այսինքն՝ բավականին բարդ իրավիճակ է։ Եթե Իրանին հաջողվի ռուսական կողմի հետ համագործակցության արդյունքում որոշակի ներկայություն ապահովել, այնուամենայնիվ, Արևմուտքի կողմից, կարծում եմ, այնքան էլ մեծ չէ ցանկությունը, որ Իրանն այստեղ իր ներկայությունն ընդլայնի։

– Իրանը կրկնապատկում է գազի արտահանման ծավալները Հայաստան՝ մինչև 2 մլն խորանարդ մետր օրական՝ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» թարմացված համաձայնագրի շրջանակներում։ Սա ի՞նչ նոր հնարավորություն է Հայաստանի համար ընձեռելու։

– Իրանում արդեն իսկ գազամատակարարման խնդիրներ կան, այսինքն՝ բարդ է խոսել, գազատարն ունա՞կ է այդ ծավալով մեծացմանը, բացի այս, խնդիր է նաև Ռուսաստանի համաձայնությունը, այսինքն՝ գործընթաց է, որը կարծես թե սկսվել է, բայց բավականին խնդիրներ կան այդ ճանապարհին։

– Պարո՛ն Միսակյան, իսկ Իրան-Ադրբեջան հարաբերություններն ի՞նչ փուլում են հիմա։

– Լարվածությունը բնավ չի մեղմացել, ընդհակառակը՝ զարգացման միտում ունի։ Հաշվի առնելով հայտարարությունները, որ դեսպանատան վրա կատարված հարձակման առնչությամբ անում էր Ալիևը, այսօր կարելի է նշել, որ Ադրբեջանը աննշան թուլացրել է ակտիվությունը, ինչը հավանաբար կապված է Թուրքիայի աջակցության նվազեցման ու նաև Իսրայելի ներքին խնդիրների հետ։ Բայց քանի դեռ Թեհրանում չի բացվում Ադրբեջանի դեսպանատունը, նշանակում է, որ հարաբերություններն այնքան էլ կարգավորման միտում չունեն։

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am