«Ռաֆը ուժեղ գոռացել ա՝ ո՛չ մեկդ դուրս չգաք, ինքը մենակ դուրս ա եկել, ու ԱԹՍ-ն խփել ա»․ մայրն ասում է՝ «մեղադրում եմ, որ ես կամ, ինքը՝ չկա»

46-ամյա Տաթև Մամուլյանը հուզմունքով է հիշում սեպտեմբերի 27-ը, երբ որդին զանգել է ու ասել, որ մեկնում է առաջնագիծ։ Մայրն ասում է՝ հորդորել է տղային մի փոքր սպասել, սակայն տղան րոպե առաջ ուզում էր հասնել Արցախ, լինել իր զինվորների կողքին:

«Ասեց՝ մամ, ո՞նց սպասեմ, էրեխեքս մենակ են, վեր կացավ, իր մեքենայով գնաց Ջրական»,- հիշում է Տաթևն ու ասում, որ երբեք չէր կարող պատկերացնել, որ այդ զանգից մի քանի օր անց կկորցներ միակ որդուն։

Տաթևի որդին՝ 27-ամյա Ռաֆայել Ղազարյանը, Արցախի պաշտպանության բանակի կապիտան էր, թիկունքի հրամանատար։ Պատերազմը սկսվելու օրը եղել է արձակուրդում՝ Ստեփանավանում։ Թողնելով ամեն ինչ՝ Ռաֆայելը շտապել է մարտի դաշտ, որտեղ իր զինվորների հետ թեժ մարտերի է մասնակցել մինչև հոկտեմբերի 2-ը։

«Տղայիս զինվորները պատմում են, որ խրամատներում են եղել: Հոկտեմբերի 2-ին խառը վիճակ ա եղել, ասում են՝ մեկ էլ մոմենտի տակ Ռաֆի ձենը լսեցինք, ուժեղ գոռաց՝ ո՛չ մեկդ դուրս չգաք, բոլո՛րդ ձեր տեղերում մնացեք։ Ասում են, որ զարմացել են Ռաֆի գոռալուց, թաքնված մնացել են, Ռաֆը մենակ դուրս ա եկել, ու ԱԹՍ-ն խփել ա»,- հուզմունքով պատմում է որդեկորույս մայրն ու նշում, որ բոլոր զինվորները ողջ և առողջ են, ոչ մեկին ոչինչ չի պատահել։ «Ինքը բոլորին պահել ա»։

Օրեր անց ստանալով որդու մահվան գույժը՝ Տաթևը Հունաստանից, որտեղ աշխատում էր, հապշտապ վերադարձել է Հայաստան։ 

2020-ի հոկտեմբերի 2-ից հետո Տաթևի կյանքը բաժանվել է երկու մասի՝ Ռաֆից առաջ և Ռաֆից հետո:

«Ես մտածում եմ՝ Ռաֆոս Ջրականում ա, եթե մի րոպեից ավելի մտածեմ, որ չկա, դա խենթանալու ա»,- ասում է 46-ամյա կինը։

Ռաֆայելը ծնվել է Ստեփանավանում։ Մանկության տարիներն անցել են Մոլդովայում, այնուհետև վերադարձել է Հայաստան և ընդունվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։ 

Վարժարանն ավարտելուց հետո մեկնել է Հունաստան՝ Աթենքի զինվորական ակադեմիայում ուսումը շարունակելու։ Հետագայում Ռաֆայելը վերադարձել է Հայաստան և ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։

2015-ին համալսարանն ավարտելուց հետո ծառայությունը շարունակել է Ջրականում։ 2016-ին մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին։ Պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով։

Մայրն ասում է՝ որդուն շուտով մայորի կոչում պետք է տային, նպատակ ուներ տուն ունենալ, ծառայությունն ավարտելուց հետո բիզնես դնել․ «Սակայն մնաց օդում»։

Ռաֆայելը բնավորությամբ բարի էր, ուշադիր, հոգատար, անվախ՝ պատմում է մայրը որդու մասին։

«Շատ հասնող էր, ներողամիտ, օգնում էր առանց մտածելու, իր գրպանից անգամ իր զինվորների համար ինչ-որ բաներ կգներ»։

Երբ մայրը խոսում է որդու մասին, սիրտը տակնուվրա է լինում: Ասում է՝ շատ մոտ էին, ջերմ, կապված:

Որդուն կորցնելուց հետո մայրն ասում է՝ հաճախ է իրեն մեղադրում, կարծում է, թե կարող էր որդուն հետ պահել նման ճակատագրից։

«Շատ ժամանակ ինձ եմ մեղադրում, շատ ծանր զգացողություն ա, ես մեղավոր եմ զգում, որ չպահեցի մոտս՝ Հունաստանում, մեղավոր եմ զգում, որ ես ապրում եմ, ինքը՝ չէ»,- կսկիծով ասում է Տաթևը։

Մայրն ասում է՝ ամեն պահ ապրում է որդու մասին հուշերով, հիշողություններով։ Ուժ է գտնում դստեր շնորհիվ, որ ծանր ապրումների ու ցավոտ իրականության մեջ կարողանա ապրել։

«Սկզբում դեղերով էի ապրում, աղջկաս աչքաթող էի արել, ասում էի՝ Աստված չկա, ինձ Ստեփանավանի եկեղեցու քահանան օգնեց, հանեց էդ վիճակից»,- ասում է Տաթևը։

Ռաֆայել Ղազարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Հուղարկավորված է ծննդավայր Ստեփանավանում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am