Հայաստանը սկսել է դանդաղ դուրս գալ խորը տնտեսական ճգնաժամից

Հայաստանը սկսել է դանդաղ դուրս գալ խորը տնտեսական ճգնաժամից
Հայաստանը սկսել է դանդաղ դուրս գալ խորը տնտեսական ճգնաժամից

«Հայաստանը դանդաղորեն դուրս է գալիս խորը տնտեսական ճգնաժամից: Նման եզրահանգման են հանգել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) մասնագետները:

Օրերս հրապարակած զեկույցում եվրոպական այս հեղինակավոր կառույցի մասնագետները նկատում են, որ Հայաստանի հետճգնաժամային վերականգնման հիմնական շարժիչ ուժերն են վերամշակող եւ հանքային արդյունաբերությունները:

«Հայաստանի իշխանությունները իրականացրեցին հարկային վարչարության ուժեղացմանն ու համակարգային բարեփոխումներին ուղղված մի շարք քայլեր` Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությունը վայելող ծրագրի շրջանակներում: Հայաստանյան տնտեսությունը շահում է նաեւ պետական ֆինանսավորումից եւ հատկապես` դրսից եկող տրանսֆերտների մեծ ծավալից: Այս պահին հայաստանյան տնտեսության համար առկա ռիսկերից առավել նկատելի են հենց կախվածությունը դրսից եկող փոխանցումներից եւ այն հանգամանքը, որ Հայաստանը քիչ քանակությամբ ապրանքատեսակներ է արտահանում», – նշում են զեկույցի հեղինակները:

ՎԶԵԲ-ի մասնագետները նաեւ նկատում են. «Վրաստանն արձանագրեց սղաճի նվազման ամենատպավորիչ տեպերը ողջ տարածաշրջանում: Դրան զուգահեռ` գնաճի տեմպերը Հայաստանում, Ադբեջանում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում կրկնապատկվեցին»:

Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում տնտեսական առավել հաջողված քաղաքականությունը, ըստ Վերակառուցման եւ զարգացման բանկի մասնագետների, իրականացնում են հենց Վրաստանի իշխանությունները:

«Տնտեսական ակտիվության ցուցանիշները Վրաստանում 2011-ի տարեվերջին զգալի աճ արձանագրեցին եւ այժմ էլ հաջողությամբ պահպանվում են: Այն գումարները, որ տրամադրվեցին Վրաստանին միջազգային դոնորների կողմից 2008-ին, այժմ սպառված են, ուստի վրացական իշխանությունները փորձում են դրանց պակասը լրացնել ֆինանսավորման մասնավոր աղբյուրներից», – նշում են զեկույցի հեղինակները:

Ինչ վերաբերում է էներգետիկ բումի արդյունքում տնտեսական աճի աննախադեպ ցուցանիշներ արձանագրած Ադրբեջանին, ապա այստեղ, ըստ ՎԶԵԲ-ի մասնագետների, որոշակի բացասական միտումներ են նկատվում:

«Համաշխարհային ֆինանսական ճգնաժամին հաջողությամբ դիմակայելուց հետո Ադրբեջանում նավթի արդյունահանման տեմպերի անկմանը զուգահեռ սկսվել է նաեւ տնտեսական աճի տեմպերի նվազումը: Դրա բացասական հետեւանքները հնարավոր է եղել չեզոքացնել մասամբ` տնտեսության ոչ նավթային սեկտորում իրականացված պետական սուբսիդավորման հաշվին», – նշում են զեկույցի հեղինակները` հատուկ ընդգծելով, որ ադրբեջանական տնտեսության թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ դրա կախվածությունը նավթային ոլորտից:

«Տնտեսության դիվերսիֆիկացումը լուրջ խնդիր է Ադրբեջանի համար: Նավթարդյունաբերությունից այդ կախվածության ռիսկայնությունն ակնհայտ դարձավ ճգնաժամի ընթացքում, երբ նավթի գներն անկում արձանագրեցին», – նշված է զեկույցում:

Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կանխատեսմամբ` իրական ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2012-ին եւ 2013 ին կկազմի 4 տոկոս, Ադրբեջանում` համապատասխանաբար 3.5 եւ 3 տոկոս։ Այս առումով առաջատարը կրկին վրացիներն են. ՎԶԵԲ-ի կանխատեսմամբ` մինչեւ 2013-ի տարեվերջ ՀՆԱ-ի աճը Վրաստանում կկազմի շուրջ 5.5 տոկոս, ինչն արեւելաեվրոպական տարածաշրջանում կանխատեսվող միջին ցուցանիշից կրկնապատիկ բարձր է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը»:

Այս մասին հաղորդում է NEWS.am-ը:

© Medialab.am