«Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ռուս զբոսաշրջիկները չեղարկել են նախապես պլանավորած տուրերը». զբոսավար

«Թեև Երևանի փողոցներում ռուսների պակաս չկա, բայց ես ու գործընկերներիս մեծ մասը դեռ տուրիստ չունենք»,- «Մեդիալաբին» ասում է Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի անդամ, զբոսավար Անդրանիկ Բաղդասարյանը, որը տարիներ շարունակ աշխատում է ռուսական շուկայի հետ։

Անդրանիկի զբոսաշրջիկները, որոնք դեռ Ռուսաստանի Դաշնությունում են, իրենց զբոսավարին ասել են, որ անորոշ վիճակից ելնելով՝ չեն կողմնորոշվում՝ ինչ անել, նստած սպասում են՝ ինչ է լինելու այս ամենի վերջը։

«Զբոսաշրջիկներս ասում են, որ իրենց համար անսպասելի էր ռուբլու այս աստիճան արժեզրկումը, այս պահին ձեռնտու չէ օգտագործել ունեցած գումարը։ Ռուբլու արժեզրկմանը գումարվել է նաև ավիատոմսերի գների աննախադեպ աճը, ինչն է՛լ ավելի է բարդացրել վիճակը, շատերը նստած սպասում են ու չեն էլ պատկերացնում, թե ինչպես է այս ամենն ավարտվելու»,- ասում է զբոսավարը։

Անդրանիկը չի բացառում, որ դեպի Հայաստան եկող ռուսական մեծ հոսքի մեջ լինեն նաև տուրիստական խմբեր, բայց տուրիստական այն հոսքը չէ, ինչն իրենք սպասում էին։

«Հաստատ, այս տարի ռուսների հոսքն ավելի շատ է, քան անցած տարի, բայց ռուսական շուկայի տուրիստական այն հոսքը, որին սպասում էինք, չկա։ Մարտ ամսվա համար նախատեսված գրեթե բոլոր տուրերը կասեցվել են։ Այսինքն՝ ակտիվ շարժը պետք է սկսվեր մարտի 3, 4, 5-ից ու ձգվեր մինչև ամսի 13-ը, բայց զբոսավարներից ոչ մեկի մոտ հիմա զբոսաշրջիկ չկա: Իհարկե, կան տուրեր, բայց մարտ ամսվա մեր սպասած ակտիվությունը չկա այս տարի»,- ասում է Անդրանիկը։

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ռուս զբոսաշրջիկները չեղարկել են նախապես պլանավորած տուրերը, որովհետև, ինչպես ասում է Անդրանիկը, ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված՝ հիմա պետք է նախատեսված գումարից շատ ծախսեն, ինչին ՌԴ քաղաքացիները պատրաստ չեն։

«Ի թիվս ռուբլու արժեզրկման, տուրիստներս նաև մտավախություն ունեն, որ եթե գան Հայաստան, հնարավոր է՝ այլևս չկարողանան հետ գնալ ՌԴ, որովհետև մեկ էլ տեսար՝ որոշեցին փակել ճանապարհները»,- ասում է Անդրանիկ Բաղդասարյանն ու ընդգծում, որ ՌԴ քաղաքացիների մոտ անորոշ վիճակ է, ընդհանրապես պատկերացում չունեն, թե դեպքերն ինչպիսի զարգացում են ունենալու, ու երբ է ավարտվելու այս ամենը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am