Երիտասարդը Երևանում վարձակալությամբ բնակարաններ տրամադրելու և այլ պատրվակներով ՀՀ և ՌԴ քաղաքացիներից 14մլն դրամ էր հափշտակել. ՔԿ

Ավարտվել է 27-ամյա երիտասարդի կողմից երկու տասնյակից ավելի ՌԴ և ՀՀ քաղաքացիներից, վստահությունը չարաշահելու եղանակով, խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 27-ամյա երիտասարդը, օգտագործելով ՌԴ-ից այդ երկրի մեծ թվով քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխվելու հանգամանքը, 2021թ. մարտից-2022թ. նոյեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում համացանցի տարբեր էջերում տեղադրել է վարձակալությամբ բնակարաններ տրամադրելու վերաբերյալ հայտարարություններ՝ կցելով համացանցից հավաքագրված տարբեր բնակարանների լուսանկարներ։ Հայտարարությունների հետքերով նրա հետ կապ է հաստատել ՀՀ և հատկապես ՌԴ ավելի քան երկու տասնյակ քաղաքացի:

27-ամյա երիտասարդը վերջիններիս ներկայացել է որպես Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում, Բուզանդ և Աբովյան փողոցներում գտնվող բնակարանները վարձակալության հանձնելու իրավասություն ունեցող անձ։ Բնակարանները նրանց վարձակալությամբ հանձնելու պատրվակով պահանջել և փոխանցման եղանակով՝ որպես նշված բնակարանների վարձակալության կանխավճար, ստացել է խոշոր չափերի գումարներ՝ ընդհուպ մինչև շուրջ 2մլն դրամին համարժեք արտարժույթ: Վերցնելով գումարները՝ երիտասարդը բնակարանները չի տրամադրել հիշյալ քաղաքացիներին, այլևս չի արձագանքել իր հետ կապ հաստատելու նրանց փորձերին՝ վերջիններիս պատճառելով գույքային էական վնասներ:

Պարզվել է նաև, որ 27-ամյա երիտասարդը, տեղեկանալով քաղաքացիների՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու մտադրության մասին, շահավետ պայմաններով տարադրամ փոխանակելու վերաբերյալ հայտարարություն է տեղադրել համացանցում, որի հիման վրա նրա հետ կապ հաստատած քաղաքացիները երիտասարդի կողմից ուղարկված բանկային հաշվին փոխանցել են ՌԴ արտարժույթ: Սակայն 27-ամյա երիտասարդը խոստացված գումարը չի փոխանցել քաղաքացիներին, չի պատասխանել նրանց հեռախոսազանգերին և հաղորդագրություններին և խաբեությամբ հափշտակել է փոխանցված գումարները:

Բացի այդ, խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, համատեղ բիզնես գործունեություն իրականացնելու, ինչպես նաև «Iphone 13 Pro» մոդելի բջջային հեռախոս վաճառելու կեղծ պատրվակներով, 27-ամյա երիտասարդը 34-ամյա և 21-ամյա կանանցից հափշտակել է տարբեր չափերի գումարներ:

Երիտասարդի հանցավոր գործողություններից ընդհանուր առմամբ տուժել է 22 ՌԴ քաղաքացի և 4 ՀՀ քաղաքացի հանդիսացող անձ, որոնց պատճառված ընդհանուր գումարային վնասը կազմել է ավելի քան 14.000.000 ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 2..100.000 ՀՀ դրամը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասին (5 դրվագ), ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (6 դրվագ), ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով (8 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (7 դրվագ) և 44-255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: