Հաղթելու ենք. Լոս Անջելեսի հուժկու երթն ու ցույցն աշխարհի ուշադրությունը հրավիրել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի վրա

Լոս Անջելեսում բազմահազարանոց «Հաղթանակի երթ»-ն ու ցույցը Թուրքիայի հյուպատոսության առջև Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչ վարձկանների սանձազերծած ագրեսիայի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հզոր ձայն էր:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 11-ին լայնամասշտաբ բողոքի ակցիային միացել էին ինչպես ամերիկահայեր, այնպես էլ օտարազգի բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ:

Նախաձեռնության մասնակիցները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու վանկարկել, որ «Արցախը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է», «Թուրքիան մեղավոր է ռազմական հանցագործությունների համար», «Հաղթելու ենք»:

Բողոքի ակցիայի մասնակիցների կողքին էր սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը, որին վստահվել էր ՀՀ ազգային օրհներգը հավաքվածների հետ միաձայն հնչեցնելու գործը:

Տարբեր գնահատականներով՝ խաղաղ երթին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ: «Հաղթանակի երթ»-ին հայերի կողքին է եղել նաև ԱՄՆ կոնգրեսական  Բրեդ Շերմանը, որն իր «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում գրել է՝ իր համար պատիվ է եղել կանգնել հազարավոր ցուցարարների կողքին և դատապարտել Հայաստանի, Արցախի դեմ ադրբեջանցիների և թուրքերի  սանձազերծած ագրեսիվ գործողությունները: Գրության վերջում նա օգտագործել է #ArtsakhStrong հեշթեգը:

ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ իրականացնող հայերն ու նրանց օտարերկրացի աջակիցները ԱՄՆ-ի կառավարությունից պահանջում են ընդունել Արցախի անկախությունը, Թուրքիային զրկել ՆԱՏՕ-ի անդամակցությունից և դադարել որևէ ֆինանսական կամ ռազմական աջակցություն ցույց տալ Ադրբեջանին և Թուրքիային: