Շվեդիայում պետական ծառայողներին արգելել են աշխատանքի ընթացքում օգտվել ChatGPT-ից և Claude-ից

Շվեդիայում հոկտեմբերի 26-ից պետական ծառայողներին արգելվել է աշխատանքային նպատակներով օգտագործել OpenAI-ի ChatGPT և Anthropic-ի Claude արհեստական բանականության ծառայությունները՝ տեղեկատվական անվտանգության հնարավոր ռիսկերի պատճառով։

Սահմանափակման նպատակն է ապահովել, որ պետական աշխատակիցներն օգտվեն բացառապես կառավարության կողմից հաստատված արհեստական բանականության գործիքներից, այդ թվում՝ Microsoft Copilot-ից։

Թվայնացման տնօրեն և տեղեկատվական տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Միքայել Վետերկրանցի խոսքով՝ առանց կառավարության թույլտվության արհեստական բանականության ծառայությունների օգտագործումը կարող է բացասական հետևանքներ ունենալ Շվեդիայի տեղեկատվական անվտանգության համար։

Ավելի վաղ Շվեդիայի տրանսպորտի վարչությունում անցկացված ներքին աուդիտի ընթացքում հայտնաբերվել էին արհեստական բանականության կիրառման դեպքեր, որոնք գնահատվել էին որպես խնդրահարույց։