Եթե 4 մլրդ դրամ և ավելի գումարները մուտքագրվեին Առինջ գյուղի բյուջե, ապա այդ գյուղը կարող էր մրցել Երևանի կենտրոնի հետ․ Կոտայքի մարզպետ

«Մեդիալաբի» հարցազրույցը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ

– Պարո՛ն Պետրոսյան, այսօր ԱԱԾ-ն տարածել է Կոտայքի մարզի Առինջ գյուղին վերաբերող հաղորդագրություն, որում նշվում է պաշտոնեական չարաշահումների մասին։ Ընդհանուր ներկայացրեք խնդրում եմ՝ ի՞նչ է կատարվել այդ գյուղում։

– Դա նախկին կառավարման ընթացքում Հողային օրենսգրքի կոպիտ խախտումների, առերևույթ չարաշահումների, արտոնյալ որոշակի շրջանակների կողմից անխնա մեր համայնքները բզկտելու, համայնքների զարգացման պոտենցիալը մսխելու դասական օրինակ է։ 

Դա իմ քաղաքական գնահատականն է։ Պարզապես գյուղի բնականոն, կայուն զարգացումը, գյուղում նոր թաղամասեր հիմնելու համար բնակելի նշանակության հողատարածքները, ի վնաս գյուղի շահերի, փոխարինվել են մի քանի հարյուր անգամ ցածրարժեք հողերի ու մասնավորեցվել են։ 

Եթե այսօր դուք Առինջում հարցախույզ անեք, կտեսնեք, որ տնամերձ հողակտորները շատ մեծ պահանջարկ ունեն ու հիմնականում՝ մայրաքաղաքի մի ստվար զանգվածի համար, որոնք ցանկանում են Կոտայքի մարզում բնակվել կամ լինել Երևանին մոտ։ 

Դրանց գները մի քանի տասնյակ անգամ բարձր են կադաստրային արժեքներից։ Եվ միայն այս տեսանկյունից նայելով արդեն պարզ է դառնում, թե համայնքի շահի տեսանկյունից ինչ ահռելի պոտենցիալ է մսխվել։ 

Այն դեպքում, երբ մենք տասնյակ տարիներ շարունակ լսել ենք, թե ինչպես համայնքի նախկին հանրապետական ու տեղական իշխանության ներկայացուցիչները շեփորել են, թե միջոցներ չունեն, դոտացիաները ցածր են, համայնքները բյուջե չունեն, որ մանկապարտեզներ կառուցեն, ջրագծեր գցեն և այլն։ 

Իսկ իրականում, մեղմ ասած, անբարեխիղճ, բայց իրական գնահատականներով առերևույթ հանցավոր եթե ոչ անփութությամբ, ապա հանցավոր անտարբերությամբ մսխվել է մի ամբողջ սերնդի կայուն զարգացման պոտենցիալ։

– Ի դեպ, Առինջում իմ մասնավոր հարցախույզի ընթացքում մարդիկ դժգոհել են՝ ճանապարհներն անբարեկարգ են, լուսավորություն չկա, աղբահանություն չի իրականացվում։ Հույսեր կա՞ն, որ այդ խնդիրները կլուծվեն։

– Այո՛, իհարկե։ Միայն անցյալ տարի 200 մլն դրամից ավելի սուբվենցիոն ծրագրերով աշխատանքներ ենք իրականացրել Առինջ համայնքում՝ պետություն և համայնք համաֆինանսավորման միջոցով։ Ու դա միայն 2019-ին։ 

Այս տարի ևս Առինջում նախատեսվում են թե՛ ջրագծի կառուցում, թե՛ համայնքային մի շարք կարևոր ճանապարհների ասֆալտապատում։ Բայց այդ դժգոհությունները, որ դուք լսել եք, դեռ մի քանի տարի առաջ կարելի էր վերացնել՝ Առինջ համայնքի պոտենցիալը ճիշտ իրացնելու ու բնակվելու համար նախատեսված տարածքները արդար, թափանցիկ աճուրդների միջոցով օտարելու միջոցով։ 

Կադաստրային արժեքով է այդ 3,9 մլրդ դրամ գնահատված, բայց աճուրդով անցկացնելու պարագայում կարող էին այդ թվերը մինչև 10 անգամ աճել։ 

Այսինքն՝ եթե աճուրդներ կայանային ու իրական, թափանցիկ գործընթաց տեղի ունենար, ապա այդ գումարները Առինջ համայնքի բյուջե ներգրավելով՝ գյուղն այսօր կարող էր մրցել Երևանի կենտրոնի հետ։ 

Նման պատկեր ունենք մեր մի շատ համայնքներում։ Ձեզ ասեմ՝ մեր մարզում 4 տասնյակից ավելի կոռուպցիոն բնույթի գործեր են հարուցված հեղափոխությունից հետո, որոնցով անցնում են մեծ թվով համայնքների նախկին և մի քանի գործող ղեկավարներ։ 

Նրանք նման կերպ իրենց մերձավոր ազգականներին են օտարել հեկտարներով հողեր արտոնյալ գներով, ձևական աճուրդների, ինչպես նաև կոռուպցիոն ամենատարբեր սխեմաների միջոցով այդ հողերը հասու են դարձրել շատ նեղ, կլանային շրջանակների, որոնք տասնամյակներով ավանդաբար Կոտայքում իրենց օրենքից վեր են դասել և արտոնյալ են համարվել։ 

Այսօր, փառք Աստծո, ունենք օրենքի գերակայություն, պետական ինստիտուտները, վերահսկողական գերատեսչությունները ամուր են, և ահա ջրի երես են դուրս գալիս այդ երևույթները։ Վստահ եմ՝ օրենքի գերակայության պարագայում արդարադատությունը վերականգնելու է այդ կորսված պոտենցիալը և վերականգնելու է համայնքների շահը։ 

– Լավ, ինչպե՞ս պետք է վերադարձվեն այդ գումարները, ո՞վ պետք է վերադարձնի։

– ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ հողատարածքները՝ 87,7 հա, կադաստրային փաստաթղթով հաշվարկված է 3․9 մլրդ դրամ, ձեռք է բերվել «Մուլտի գրուպ» կոնցեռնի կողմից։ Ես այս պահին չեմ կարող ասել, թե ինչ կարգավիճակ կտրվի կոնցեռնի կառավարումն իրականացնող անձանց կամ կոնցեռնի սեփականատիրոջը։ 

Դա կարող է որոշել միայն նախաքննություն իրականացնող մարմինը։ Իրավական առումով որևէ բան չեմ կարող ասել։ Բայց փաստն այն է, որ բնակավայրային նշանակության այդ կարևորագույն հողատարածքները, խիստ մոտ գտնվելով մայրաքաղաքին, ունենալով բավական զարգացած ենթակառուցվածքներ, քաղաքաշինական ու տարածաշրջանի զարգացման դիտանկյունից բավականին թանկարժեք հողեր են համարվում։ 

Այդ կոնտեքստում իմ քաղաքական գնահատականն այն է, որ, հիրավի, լրջագույն պոտենցիալ է մսխվել։ Վստահ եմ՝ իրավական գործընթացների արդյունքում հանրային շահը կվերականգնվի։ 

Նաև քաղաքական որոշ շրջանակներ, որոնք շահարկում են օրենքի գերակայության ապահովմանն ուղղված այս ամբողջ գործընթացները, կարծում եմ, պետք է ամոթից գլուխները կախեն ու հետևեն դեպքերի իրավական հետագա զարգացմանը։ 

Ահա այս դեպքերի մասին էինք ասում, որ կան քրեական գործեր, որոնք շուտով բացահայտվելու են, մեղադրանքների առաջադրման փուլ են մտնում, և որոշ շրջանակներ սկսեցին քաղաքական տվայտանքների մեջ ընկնել։

– Դուք ասացիք, որ 4 տասնյակից ավելի քրեական գործեր են հարուցվել ձեր մարզի համայնքների նախկին, գործող ղեկավարների վերաբերյալ։ Կա՞ն վերադարձված գումարներ, որքա՞ն են դրանք։

– Չեմ կարող ասել, դրանք տարբեր դրվագներով են։ Դրվագներ կան, որ մի քանի հարյուր միլիոն դրամի մասին է խոսքը, դրվագներ կան՝ տասնյակ միլիոնավոր դրամների մասին։ Մինչ օրս հրապարակված ամենախոշոր դրվագը սա է՝ շուրջ 4 մլրդ դրամի վնաս է հասցվել Առինջ համայնքին։ 

Մեր զարգացման տեսլականում կարևորագույն բաղադրիչ են մանկապարտեզները, և այդ գումարով հնարավոր էր Կոտայքի մարզում կառուցել 20 մանկապարտեզ՝ հիմքից։ 

Համայնքի շահի վերականգնմանը զուգահեռ, պետք է նաև ասեմ, որ այժմ մարզում իրականացվում են անցյալ տարվանից 52 սուբվենցիոն ծրագրերից մնացած 15-ը, և ևս 104 ծրագիր արդեն այս տարի է հաստատվել։ 

Միայն 2020-ին մեր մարզում իրականացվելու է 6 մլրդ դրամի կապիտալ շինարարություն՝ ջրագծեր, միջհամայնքային ու ներհամայնքային ճանապարհների բարեկարգում, ասֆալտապատում, ևս 15 մանկապարտեզներ են կառուցվում ու վերակառուցվում, ինչպես նաև 10 մշակույթի տուն։

Այս ամենը համայնքներում անդրադառնալու է անմիջապես մարդկանց կյանքի որակի վրա, բացի այդ, ստեղծվելու են աշխատատեղեր։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am