Հայաստանն ու Վրաստանը սահմանազատման աշխատանքների վերսկսման պայմանավորվածություն են ձեռք բերել․ ԱԳ փոխնախարար

Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի վերսկսվեն սահմանազատման աշխատանքները, որոնք բավական տևական ժամանակ դադարել էին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։    

«Այս պահին երկու երկրներն էլ թարմացրել են իրենց սահմանազատման հանձնաժողովի կազմերը, բայց դեռևս նիստ տեղի չի ունեցել։ Բնականաբար, որոշակի տնային աշխատանք է կատարվում երկու կողմերում, և հույս ունենք, որ առաջին նիստը չի ուշանա»,- նշեց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե այս գործընթացի շրջանակներում Հայաստանը պատրաստվո՞ւմ է ինչ-որ տարածքներ զիջել Վրաստանին՝ Կոստանյանը պատասխանեց, որ տեղի է ունենալու սահմանազատման գործընթաց, որի տրամաբանությունը բոլոր հարևանների հետ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանագծի վերականգնումն է։