«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– Պարո՛ն Սուրենյանց, ՀՀ արտգործնախարարը ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանը չի ընդունում խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի նախապայմանը:
– Դա մանիպուլյացիա է, եթե Արարատ Միրզոյանն ուզում է, որ մենք հավատանք իր խոսքին, ապա թող փոխեն Սահմանադրությունը՝ առանց Սահմանադրության նախաբանին դիպչելու: Խնդրեմ, թող ներքին փոփոխություններ առաջարկեն, երաշխավորեն, որ նախաբանից Անկախության հռչակագրին հղումը չի հանվելու, մենք էլ կառուցողական դաշտում իշխանության հետ քննարկենք փոփոխությունները ու ընտրենք այն մոդելը, որն ավելի շատ համապատասխանում է Հայաստանի շահերին:
Երկրորդ ձևն առաջարկեմ․ եթե Ադրբեջանի պահանջը չկա, ապա կնքեք խաղաղության պայմանագիր, երկրում վերջապես ինստիտուցիոնալ խաղաղության էլեմենտներ ի հայտ կգան, մենք էլ հանգիստ կքննարկենք սահմանադրական փոփոխությունների հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո: Այս երկու տարբերակն եմ առաջարկում իշխանությանը, եթե չեն ընդունում Ադրբեջանի նախապայմանը:
– Բացառո՞ւմ եք, որ նախաբանի փոփոխությունը հենց գործող իշխանության նախաձեռնությունն է՝ ելնելով նրանց վարած քաղաքականությունից ու հայտարարություններից:
– Բացառում եմ, ձեր ասածը գուցե ընդունեի, որովհետև մի շարք բաներ կան, որ իսկապես Անկարայից ու Բաքվից չեն առաջարկվում, իշխանությունն է ավելորդ ջանասիրություն ցուցաբերում: Օրինակ՝ ես վստահ եմ, որ սահմանանշման կնիքի վրայից Արարատի պատկերը հանելը Հայաստանի իշխանության շողոքորթության ու ավելորդ ջանասիրության դրսևորումն է, այլ ոչ թե Թուրքիայի պահանջը, որովհետև Թուրքիայի կարգի պետությունը նման կարգի պահանջ չի առաջադրի, եթե նրանք դնեին պահանջը, ապա միանգամից զինանշանի փոփոխության պահանջը կդնեին:
Մինդեռ Սահմանադրության փոփոխությունը այդ դեպքը չէ, որովհետև մենք ունենք Ադրբեջանի ամենաբարձր պաշտոնյաների՝ սկսած նախագահի մակարդակով, հայտարարությունները, որտեղ իրենք ասել են, որ Հայաստանն ունի տնային առաջադրանք Սահմանադրություն փոխելու:
Ընդ որում՝ այդ հայտարարությունների ինտենսիվությունը բացարձակապես չի նվազել անգամ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրից հետո: Հետևաբար սա թույլ տվեք համարել Բաքվի պահանջ, այլ խնդիր է, որ Նիկոլ Փաշինյանը այդ պահանջը լիարժեք մանիպուլյացիոն դաշտում փորձում է ներկայացնել որպես չորրորդ հանրապետության ծնունդ, այսինքն՝ արտաքին պահանջը փաթեթավորում են որպես ներքին պրոցես:
– Դե հիմա արտգործնախարարի մակարդակով հայտարարվում է, որ հայկական կողմը չի ընդունում այդ պահանջը:
– Շատ լավ, թող չընդունեն, բայց դա սոսկ հայտարարություն չի կարող լինել, կա՛մ իմ նշած լուծումներից մեկն են առաջարկում, մենք էլ որպես հասարակություն կասենք, որ այս հարցում իշխանությունը պահել է կարմիր գիծը, կա՛մ դա պետք է ուղիղ ասեն Ալիևին:
Մեզ համար Արարատ Միրզոյանի հայտարարությունը սին հայտարարություն է, քանի դեռ այդ գործընթացը չի կանգնեցվել, կամ վարչապետի մակարդակով չի հնչել հավաստիացում, որ մենք Մայր օրենքը բարեփոխում ենք՝ առանց նախաբանի փոփոխության: Բայց ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ Սահմանադրության նախաբանը պետք է փոխվի: Իսկ եթե Բաքվի պահանջը համընկնում է Նիկոլ Փաշինյանի ներքին օրակարգի հետ, ապա հետևությունները շատ տխուր են:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















