Ուրացեալ անցյալ. «մութ ու ցուրտ»

Ուրացեալ անցյալ. «մութ ու ցուրտ»
Ուրացեալ անցյալ. «մութ ու ցուրտ»

Հայկական քարոզչական դաշտում կան կեղտոտ հնարքներ, որոնք պարբերաբար բերվում են առաջին պլան: Դրանք բանսարկություններին, ունեցածը թերարժևորելու, դեղին մամուլին բնորոշ, երբեմն կեղտոտ ստերով հագեցած կեղծիքներ են, որոնք պարտադրվում են հասարակության լայն շերտերին: Ավելին, երբեմն այդ որակի ստերը ստանում են կեղծ ակադեմիական ձևակերպումներ ու մատուցվում են որպես հավաքական դաժան հիշողություն:

Պայմանական հավաքական հիշողության մի տեսակ է նաև այսպես ասված «մութ ու ցուրտ» տարիները: Դրանք շրջանառության մեջ են դրվել քոչարյանասերժական քարոզչամեքենայի կողմից: Հատկապես լայն կիրառում գտան այն ժամանակ, երբ Տեր-Պետրոսյանը վերադարձավ մեծ քաղաքականություն: «Մութ ու ցուրտ»`ասում են ոմանք ու անցնում առաջ, առանց ավելորդ հարցեր տալու: Կարծես այդ երկու բառի մեջ ի վերուստ փոխանցված անքննելի ճշմարտությունն է:

Թեմային չէի անդրադառնա, եթե իրեն Շիրակ աշխարհի դեսպան հռչակած երեսփոխանը, ինչպես հետո պարզվեց, ոչ թե օրվա իշխանությունների, այլ սեփական նախաձեռնությամբ, չընկներ պարտված ուժերի ռևանշիստական թակարդը: Վաղուց ընդունված է, որ հայկական քաղաքական դաշտում շատերը կայանում են հենց Տեր-Պետրոսյանին հայհոյելու փորձերով: Հայհոյելու, այլ ոչ թե փաստարկված բանավիճելու: Խնդիր չեմ դրել հակադարձելու երեսփոխանի կամ մեկ այլ օգնականի հուզամռինչ ու անհիմն տեքստերին: Նրանց կրթական ցենզի բարձրացման համար ես չեմ վճարվում, իսկ կամավորության տարիքից վաղուց դուրս եմ եկել:

Փոքրիկ պատմական տեղեկանք: Կայանի առաջին բլոկի աշխատանքները դադարեցվեցին 1989 թվականի փետրվարի 25-ին, իսկ երկրորդ բլոկինը` նույն թվի մարտի 18-ին: Հայաստանը մինչև 1991 թ. սեպտեմբերի 23-ը փաստացի և իրավականորեն գտնվել է ԽՍՀՄ կազմի մեջ: Ցանկացած բան փակել-բացելու իրավունք ուներ միմիայն ԽՍՀՄ քաղաքական ղեկավարությունը: Իսկ ինչո՞վ էր զբաղված Տեր-Պետրոսյանն այդ ժամանակ:

1988 թ. դեկտեմբերի 10-ին Տեր-Պետրոսյանը և ևս 21 մարդ ձերբակալվում են գեներալ Մակաշովի կողմից: 1988 թ. դեկտեմբերի 10-ից մինչև 1989-ի հունվարի 9-ը ժամանակամիջոցը ձերբակալվել են Ղարաբաղ կոմիտեի մյուս անդամները: 1989 թ. հունվարի 9-10-ին բոլոր Մատրոսկայա տիշինա» և «Բուտիրյան» բանտերում: Եթե Դուք այդ բանտերից որևէ մեկից, կարող եք ատոմակայան փակել տալ, ուրեմն ամենակարող Ջեքն եք:

Ստալինին շատ բաների մեջ են մեղադրել, սակայն որևէ մեկի մտքով չի անցել մեղադրել նրան, Լենինգրադի բլոկադայի ժամանակ ժողովրդին սովամահության մատնելու մեջ: Բլոկադա էր: Պատերազմն ունի իր դաժան վարքագիծը և այդ վարքագծից բխող կանոնները: Հաղթում է նա, ով դիմանում է այդ դաժան կանոններին: Մենք հաղթեցինք, որովհետև որոշել էինք դիմանալ:

Իմ թաղից, իմ ընկերներից որևէ մեկը, որոնք կրում էին ոչ միայն պատերազմի, այլ նաև ավերիչ երկրաշարժի հետևանքները, երբեք չի փորձել կաղկանձել այդ թեմայով: Լույս չկար՝ ոչինչ: Փոխարենը գիրք էինք կարդում, ոմանց մոտ կարծես դա էլ չի ստացվել: Համայնք ու հասարակություն կար:

Մարդկային ցավի և ամբողջության ալեկոծում: Որևէ մեկը մյուսի նկատմամբ անտարբեր չէր: Ծանոթ է արդյո՞ք միասնություն, փոխօգնություն, ուրիշի ցավով ապրել հասկացությունները: Շահարկողներին՝ դժվար: Բոլորի համար կար մեկ սրբազան նպատակ: Այդ սրբազան նպատակի արտացոլումը Գյումրեցի կնոջ հարցն էր Գորբաչյովին: Ավերիչ երկրաշարժից հետո, երբ Գորբաչյովը եկել էր Հայաստան, Գյումրեցի մի կին, հետաքրքվեց ԽՍՀՄ առաջնորդից, թե ի՞նչ է լինելու Արցախի ճակատագիրը, այն կմիանա՞ Հայաստանին: Հարցը հունից հանեց Գորբաչյովին, սակայն կարծես կանխորոշեց հայերիս՝ հաջորդ տարիների ճակատագիրը:

Էժանագին քաղաքական դիվիդենտների և մի զանգվածի առօրյա լայքերի համար, միթե՞ պատշաճ է ուրանալ անցյալը:

Իսկ այս ողբերգության գագաթնակետը հետևյալ աբսուրդն է: Ռազմասիրական ու պատերազմական են տրամադրված հատկապես նրանք, ովքեր մշտապես շահարկում են մութն ու ցուրտը: Իսկ ու՞ր է տրամաբանությունը:

Հ. Գ. Ատոմակայանը վերաբացվեց արդեն 1995 թվականին, նույն Տեր-Պետրոսյանի օրոք: Ինձ հայտնի չէ փակված և վերաբացված ատոմակայանի երկրորդ դեպք: Հայաստանը, նախկին ԽՍՀՄ հանրապետություններից առաջինն էր, որ ունեցավ 24 ժամյա հոսանք:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am