Իրանի արտգործնախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածներն Իրանի տարածքին և Պարսից ծոցի հարևան երկրներին զգուշացրել, որ Իրանի դեմ ռազմական գործողություններին ցանկացած աջակցություն կամ համագործակցություն կհամարվի ագրեսիային մասնակցություն։ Այդ մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը։
Իրանի ԱԳՆ-ի պնդմամբ՝ հուլիսի 8-ի առավոտյան ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել երկրի հարավային ափին գտնվող մոնիթորինգի և հսկողության մի շարք կենտրոնների՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունն ու հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Գերատեսչությունը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր հարվածները, Իրանի նավթի վաճառքի սահմանափակումները, Հորմուզի նեղուցում տեղի ունեցած միջադեպերը և Իսրայելի ռազմական գործողությունները Լիբանանում փաստացի անարդյունավետ են դարձրել հրադադարի համաձայնագրի առանցքային դրույթները։
«Իրանի դեմ ագրեսիայի իրականացման գործում ցանկացած համագործակցություն համարժեք է հանցակցության», – նշվում է հայտարարությունում։
Միաժամանակ, Թեհրանը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը կշարունակեն պաշտպանել Իրանի տարածքային ամբողջականությունն ու ազգային անվտանգությունը և, անհրաժեշտության դեպքում, կհարվածեն ագրեսիայի աղբյուրներին։



















