«Եթե մենք մեզ զրկենք անկախությունից, սա կլինի վերջին էջը». Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը 

– Պարո՛ն Բաբայան, հետպատերազմյան Հայաստանն ինչպե՞ս եք գնահատում։ Գերիներ, որոնց հարցերով արվեստագետները Երևանում երթ են անում, դիմում են ՌԴ դեսպանատանը, Պուտինին։ 

Ես կարծում եմ, որ գերիների հարցն առաջնային հարց է, որովհետև հումանիստական հարց է և այն պետք է դրվեր հրադադարը սահմանելու ժամանակ։ Եվ ես այս մասին դեռ տասը օրը առաջ եմ հայտարարել, մասնակցել այս հարցով ստորագրությանը, որ սա առաջին խնդիրն է, որ պետք է լուծվի։ Ո

րովհետև ամեն մեկ օր ու ժամը, որ անցկացնում են նրանք գերության մեջ, սարսափելի է, անթույլատրելի։ Չգիտեմ՝ պայքարի տարբերակներից որն է ավելի արդունավետ, կարծում եմ՝ բոլոր տարբերակներն էլ կիրառելի են. եթե ցույցերով հնարավոր է գոնե մեկ գերի վերադարձնել, ուրեմն արդյունավետ է։ 

Բոլոր շփումները երրորդ կողմի միջոցով կարող են բերել լավ արդյունքի, բայց երկարացնում է գործընթացը։ Պիտի ուղիղ շփում լինի երկու երկրների միջև։ Երբ դու երրորդ կողմ ես մեջբերում, երրորդ կողմը, բնականաբար, սեփական շահն է առաջ տանում։ Այնպես որ, սա առաջնային հարց է։ 

Ես ինքս չեմ սիրում ո՛չ հանրահավաքներ, ո՛չ երթեր։ Սա իմ անձնական կարծիքն է։ Առավել ես՝ մտավորականը անհատ է, որի ձայնը ուժեղ պետք է լինի, մտավորականը քանակի կարիք չունի, բայց էլի եմ ասում, ես չեմ ուզում որևէ մեկին կշտամբել, որովհետև կարող է պատահել՝ դա էլ տա իր արդյունքը։

-Դեսպանատունը նրանց դիմեց, այսօր էլ նախագահ Սարգսյանը դիմեց Պուտինին։ Ինչո՞ւ։

– Մենք ինքներս ենք տվել այդ երկրի ղեկավարին այդ դերակատարումը, և, որքան էլ ցավալի է, դեռ շատուշատ հարցերով ենք դիմելու։ 

Չգիտեմ՝ որքանո՞վ Պուտինը կամ դեսպանատունը կկարողանան արդյունավետ ազդել այդ գործընթացի վրա, կամ նախագահի նամակը որքանով կազդի։ Ես ներքին խոհանոցին ծանոթ չեմ և դրա արդյունավետությունը չգիտեմ՝ որքանով է արդարացված, և չգիտեմ՝ Պուտինը որքանով է առաջնորդվելու այդ նամակներով։ 

– Շատ քաղաքական ուժեր պահանջում են վարչապետի հրաժարականը, բայց նա կարծեք թե աթոռին կառչած է։ Արդյոք նրա բերած փաստարկները հիմնավո՞ր են։ Ավելին, գերիների հարցերով էլ դիմում են Պուտինին։

– Այն հիմնական փաստարկները, որոնք վերաբերում էին զինադադարին, կարծում եմ՝ ո՛չ, համոզիչ չեն։ Ինձ համար միակ փաստարկը մարդն է։ Երբ նա արհամարհվում է, բերվում են այլ փաստարկներ, դրանք ինձ համար շատ երկրորդական են։ 

Այս տարիների ընթացքում միասին շատ ենք խոսել արժեքային համակարգի մասին, որ դրա կենտրոնում պետք է լինի մարդը, և որ որոշումները կայացվում են՝ ելնելով այս հանգամանքից։ 

Ես կհասկանայի, եթե մարդկային կյանքեր չզոհաբերվեին, և պատերազմի առաջին օրը գնար բանակցությունների տարածքների հանձնման շուրջ, եթե կյանքի փրկությունն է։ 

Շատ հավանական է, որ կլինեին մեղադրանքներ դավաճանության մեջ, բայց կլիներ արդարացում՝ ես կյանք եմ փրկել, որովհետև բոլոր դեպքերում ամեն ինչ կարելի է վերադարձնել, հանձնել, նվաճել, բայց կյանքը չի կարող վերադարձվել։ 

Սա վերաբերում է ոչ միայն վարչապետին, այլ նաև մյուս քաղաքական ուժերին: Ես, ճիշտն ասած, չեմ հավատում, որ նրանց համար մարդու կյանքը առաջնային է։ 

Այնպես որ, շատ եմ վախենում, որ մենք շարունակենք մնալ նույն դաշտում, չդառնանք ավելի քաղաքակիրթ՝ արժեքային տեսանկյունից, իսկ այդ ժամանակ մենք միշտ կլինենք պարտված։ Այնպես որ, աթոռին մնալ կամ չմնալը ինձ համար այդքան կարևոր չէ։ 

Պարզապես ես շատ կուզեի, որ եթե կատարվի փոփոխություն, այդ փոփոխությունը լինի ոչ թե անձի, այլ համակարգի։ Այն ժամանակ էլ մենք ասում էինք, որ պարզունակ լոզունգ է՝ «մերժի՛ր Սերժին», դրա համար ունեցանք էլի միանձնյա կառավարում, կոճակային ԱԺ, անհասկանալի լիազորություններով նախագահ, և արդյունքը սա է։ 

Հիմա կարելի է միավորել հանրությանը «Նիկո՛լ, հեռացի՛ր» լոզունգի տակ, մենք պետք է, սակայն, շատ կոնկրետ ասենք, թե ինչ համակարգ ենք տեսնում։ Եվ հիմա, բացի «Նիկո՛լ, հեռացի՛ր» լոզունգից, ես ուրիշ պրոդուկտիվ գաղափարներ չեմ լսում, իսկ ինձ համար դա շատ քիչ է։

– Կա՞ արդյոք թունելից դուրս գալու ճանապարհ։

– Կա, տեսնել է պետք։ Պատմությունը, իհարկե, դաս է, բայց հարց է՝ այդ դասը սովորո՞ւմ ես, թե՞ ոչ։ Պարզապես պետք է դասը սովորել, հետո զարմանում ենք, թե ինչպես եղավ, որ նույն առարկայից, նույն թեմայից մենք նորից կտրվում ենք։ 

Իսկ դասատուն ժամանակն է։ Մեզնից է կախված, մենք պետք է հասկանանք, որ ատելությունը ընդհանրապես որևէ հարց չի լուծում։ Զուտ բնության օրենքներով՝ երեխան ծնվում է սիրո, ոչ թե ատելության արդյունքում։ Իհարկե, կարող է ատելության արդյունքում էլ երեխա ծնվել, բայց հաստատ այդ երեխան գեշ է լինելու։

– Արդյոք կորցրե՞լ ենք մեր անկախությունը, և դա անվերադա՞րձ է։

– Չէ՛, անկախությունը չենք կորցրել, բայց մեծ վտանգի տակ են անկախությունը և ինքնիշխանությունը։ Երևի թե անկախության ամենակարևոր փաստարկն այն է, երբ շատ սթափ գնահատում ես քո ուժերը, երբ քո պահանջները և քո հնարավորությունները համապատասխանում են իրար, այդ ժամանակ դու կարողանում ես կերտել քո պատմությունը։ 

Մեր անկախությունը վտանգված է, մեր մտածողության մեջ է առաջին հերթին սերմանվում այն, որ մենք ինքներս ենք փորձում համոզել, որ մենակ չենք կարող, սա անընդունելի է։ 

Ես բացարձակապես չեմ կարծում, որ այս պատերազմը հայոց պատմության վերջին էջն է, եթե մենք մեզ զրկենք անկախությունից, սա կլինի վերջին էջը։ 

– Իրականում ի՞նչ տեղի ունեցավ։ 

– Մեծ ողբերգություն՝ առաջին հերթին, մարդկային մեծ կորուստ, սա ողբերգություն է, բայց յուրաքանչյուր ողբերգությունից կարելի է դուրս գալ պատվով։ Լույս հաճախ ասում ենք, որ չկա, դա ասում ենք փակ աչքերով։ 

Մեզ սա մի քանի տասնամյակ հետ գցեց, որովհետև հետպատերազմյան վիճակ կա, բայց ես ուզում եմ, որ մենք բոլոր դեպքերում նայենք առաջ, հասկանանք, որ մենք ստեղծում ենք անկախ պետություն, և այն պետք է լինի պետություն, այլ ոչ թե գաղութ։ 

Պետությունը պահանջում է յուրաքանչյուրիցս մեծ աշխատանք հաստատվելու, ոչ թե անցյալը քարշ տալու։ Եվ եթե այս ստացած դասը ստիպի մեզ փոխվել, վտանգավոր կարգավիճակից դուրս կգանք, և ես հույս ունեմ, որ դեռ կտեսնեմ դա։

Մանե Հարությունյան

MediaLab.am