Բնակարանային գողություններ Ճոճկան գյուղում․ Թումանյանի ոստիկանների բացահայտումը․ Տեսանյութ

Ապրիլի 14-ի երեկոյան ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ճոճկան գյուղի տներից մեկում գողություն է կատարվում։ Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր և, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Թումանյանի բաժին բերման ենթարկել նույն գյուղի 31-ամյա մի բնակչի։

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նշված բնակարան նա առաջին անգամ չէր ապօրինի մուտք գործում։ Մարտ ամսին, նախապես իմանալով՝ թոշակառու տանտիրուհին որտեղ է պահում բանալին, գողացել էր այն և օգտվելով նրա բացակայությունից՝ տնից հափշտակել էր կենցաղային իրեր։ Ավելի ուշ պարզվեց, որ կասկածյալը գողոնը տեղափոխել էր Ալավերդի քաղաքում բնակվող ծանոթի տուն՝ հետագայում վաճառելու նպատակով։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ 31-ամյա տղամարդը 2020 թվականի սեպտեմբերին լինգով բացել էր Ճոճկան գյուղի մեկ այլ տան մուտքի դուռն ու հյուրասենյակի պահարանից գողացել փող:
Քննությունը շարունակվում է։`