«Թեժ գծերով ստացվող ահազանգերը փաստում են, որ մոտ 30 տոկոսով աճել են ընտանեկան բռնության դեպքերը». Իրավապաշտպան

Լուսանկարը՝ «Ազատություն»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, ընտանեկան բռնության դեպքերը արտակարգ դրության պայմաններում կարծես ավելացել են։ Ի՞նչ են ցույց տալիս ձեր դիտարկումները։

– Այո՛, առաջին խնդիրը, որ հիմա կա, համավարակով պայմանավորված փոփոխություններն են, որ մարդիկ հայտնվել են տանը։ Առանց այդ էլ բոլոր լարվածությունները, որոնք առկա են հասարակության տարբեր շերտերում՝ սկսած սոցիալական լարվածությունից, տեղաշարժի հետ կապված և այլն, պայթյուն են առաջացնում հենց տանը։ Եվ մեր բոլոր թվերը ցույց են տալիս, որ ընտանեկան բռնության դեպքերն աճում են։

Թեժ գծերով ստացվող ահազանգերը փաստում են, որ մոտ 30 տոկոսով աճել են հենց ընտանեկան բռնության դեպքերը։ Ընդհանուր ահազանգերն աճել են մոտ 50 տոկոսով, բայց նրանց մի մասը սոցիալալական աջակցության կարիք ունեցողներն են։

Մենք մեր միջոցներով բոլոր ծրագրերը կազմակերպել և ուղղել ենք կանանց սոցիալական աջակցություն տրամադրելուն, որ նրանք խոցելի վիճակում հայտնվելով՝ չվերադառնան բռնարարի մոտ։

Ինչ վերաբերում է օրենքի շրջանակներում կանխարգելման և քննության մարմինների աշխատանքին, իրականում ոչ բոլոր դեպքերում է ոստիկանություն զանգ լինում։

Անգամ սպանության կամ ծանր մարմնական վնասվածքներով դեպքերի պարագայում մենք տեսնում ենք, որ ոստիկանությունն այդ ընտանիքից որևէ ահազանգ չի ստացել։ Եվ դա ցույց է տալիս, որ բարձրաձայնման խնդիր կա։ 

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում օրերս ընտանիքում հինգ երեխաների նկատմամբ բռնության դեպք գրանցվեց։

Պատճառը կարծես անտարբերությունն է, իրավասու մարմինները թերացել են, քանի որ իմանալով այդ ընտանիքում տիրող մթնոլորտի մասին՝ երեխաներին օգնություն չեն ցուցաբերել։ Որտեղի՞ց է գալիս այս խնդիրը, ի՞նչ անել նման դեպքերը բացառելու համար։

– Երեխաների հարցն ավելի լուրջ է, որովհետև երեխաներն ավելի անտեսված են ու անպաշտպան։ Երեխան ինքն ահազանգ չի հնչեցնում, մեծահասակներն էլ երբեմն միմյանց հետ համաձայնության են գալիս։

Կան նաև շատ դեպքեր, և վերջին ընթացքում այդ դեպքերն ավելանում են, որ լինում են ահազանգեր, դրան հետևում են որոշակի գործողություններ տվյալ ընտանիքում, բայց այդ գործողություններն արդյունավետ չեն լինում, որովհետև պետական մարմինների տարբեր աշխատակիցների մոտ ընտանեկան բռնության վերաբերյալ գիտելիքների պակաս կա։

Եվ երկրորդ խնդիրը, որը շատ է խանգարում, հասարակության մեջ կանանց իրավունքների և ընտանեկան բռնության վերաբերյալ օրեցօր ավելացող հակաքարոզչությունն է։

Համապատասխան կառույցների աշխատակիցների հետ՝ լինեն խնամակալության հանձնաժողովներ, սոցիալական աշխատողներ կամ մարզպետարանի համապատասխան բաժիններ, որքան էլ մենք աշխատում ենք ու փորձում գիտելիքներ փոխանցել ընտանեկան բռնության, դրա վտանգավորության, երեխաների կյանքի վրա ազդեցության վերաբերյալ, նրանք դուրս են գալիս այդ տարածքից և հանդիպում հանրության մեջ բավական ակտիվ այդ հակաքարոզչությանն ու հետադիմական մտածողությանը հագուրդ տվող խմբերին։ Իսկ այդ խմբերն իրենց սև գործը կատարում են, և պետությունը որևէ գործառույթ չի իրականացնում, որպեսզի այդ հակաքարոզչությանն առավել լայնամասշտաբ քարոզչությամբ և տեղեկատվությամբ հակազդի։

Որքան էլ հասարակական կազմակերպությունները տեղեկատվություն տրամադրեն հասարակության շերտերին, անհնար է այդ քարոզչությանը դիմագրավել, որովետև այն կրթական ու տեղեկատվական ռեսուրսներին, որոնք առկա են պետության ձեռքին, մենք երբեմն չենք կարող տիրապետել։

Իսկ այդ ռեսուրսները ոչ միայն չեն օգտագործվում, այլև երբեմն անգամ տրամադրվում են հակաքարոզչության համար, որովհետև դիտարկվում է, որ հասարակության մեջ կան երկու տարբեր կարծիքներ։

Բայց դա կարծիք չէ, մարդու իրավունքների խախտումը չի կարող կարծիք լինել և տարածվել որևէ զանգվածային լրատվության միջոցով ու դիտարկվել որպես կարծիք։ 

Ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ օրենսդրության ընդունման նախաշեմին ահավոր հակաքարոզչություն սկսվեց, թե՝ տեսեք, երեխաներին մեր ձեռքից վերցնելու են, տանեն։ 

Երկու տարի և ավելի ժամանակ է անցել, որևէ մեկի երեխային իր ձեռքից չեն տարել։ Փոխանակ պետությունը շեշտը դնի դրա վրա, ցուցադրի, թե ինչ օգուտներ կան, բացարձակ որևէ ցուցադրություն չկա։

Մենք ենք միայն խոսում, բայց վերջերս այդ հակաքարոզիչները նաև հասարակական կազմակերպություններն են թիրախավորել։ Եվ մեր ձայնը ոչ միայն լսելի չէ, այլ նաև մենք թիրախավորված ենք՝ որպես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձինք։

Եվ դա նվազեցնում է նաև հասարակության վստահությունը մեր նկատմամբ։ Եվ այս իրավիճակում նաև գումարվում է Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ հակաքարոզչությունը, որը վերաբերում է դարձյալ կանանց ու ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելմանը։

Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ նույն աղմուկն էր։ Երբ բարձրաձայնում ենք երեխաների իրավունքների պաշտպանության մասին, ասում են, թե նման բան չկա։ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ ինչ այլանդակություն ասես խոսեցին, և մեր պետությունը այդ կոնվենցիայի հետ կապված նույնպես սարսափելի անգործություն դրսևորեց։

Ցանկացած իրավական փաստաթուղթ, որը պետք է ընդունվի Ազգային ժողովի կողմից, պետք է հավուր պատշաճի բացատրվի հասարակությանը։

Այսինքն՝ օրենսդրական դաշտը կա, բայց հնարավոր չի՞ լինում կանխարգելել ընտանեկան բռնությունները, քանի դեռ կա այս մտածելակերպը։

– Պետական մարմիններում ներգրավված անձանց գիտակցությունը ցածր է։ Դուք մտեք ոստիկանություն, Քննչական կոմիտե։ Անգամ եթե ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում, քննությունը տարվում է բավական ցածր մակարդակով։ 

Դա հենց այն օղակն է, որը պետք է բացահայտի դեպքի մանրամասները, կարողանա ամբողջական ծավալով թափանցիկ քննություն իրականացնել և ոչ թե փորձի կոծկել դեպքերը այն նույն քննիչը, որի իրավագիտակցությունը ևս բավական ցածր մակարդակի է, և նա նույն ստերեոտիպի կրողն է։ 

Հետո գործը հասնում է դատարան, դատավորը սկսում է ծաղրել ընտանեկան բռնության զոհ դարձած կնոջը և կրկնակի զոհայնացնել։ Ցավոք, մենք այդ համակարգն ունենք, և պետության կողմից որևէ գործուն քայլ չի իրականացվում, որպեսզի հասարակության մեջ և կոնկրետ այդ գործերով առնչվող իրավապահ համակարգում այդ գիտակցության փոփոխությունը տեղի ունենա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am