«Ոչ մեկը չգիտի՝ ի՞նչ են դրել Փաշինյանի սեղանին, իսկ ինքն էլ չի խոսում, միայն մանիպուլյացիաների միջոցով փորձում է շտկել իրավիճակը». Աննա Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը

– Տիկի՛ն Գրիգորյան, տեղյա՞կ եք՝ ի՞նչ իրավիճակ է այսօր Սյունիքում: Որոշ չափով լուծվե՞լ է այն գյուղերի խնդիրները, որոնք ադրբեջանական անցակետերի տեղադրման հետևանքով համայնքի հետ կապվելու խնդիր ունեցան:

– Գորիս-Կապան ճանապարհն այժմ ամբողջովին գտնվում է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, չի օգտագործվում մեր հայրենակիցների կողմից: Ստիպված ենք շրջանցել՝ անցելով Մեղրիի ճանապարհով, այսինքն՝ պետք է հասնենք Մեղրի, հետ գանք Կապան ու հակառակը: 5-6 կիլոմետր անցնելու փոխարեն այս պահին անցնում ենք 150 կիլոմետր: Այլընտրանքային ճանապարհը, որն օր առաջ պետք է վերանորոգվեր, կառուցվեր, դեռևս շատ քիչ աշխատանքներ են իրականացվել, այն էլ՝ ժամանակին համայնքապետարանի կողմից՝ ճանապարհի անտառապատ հատվածում, բայց այն որևէ կերպ այսօր տեղաշարժման համար չի կարող արդյունավետ ճանապարհ լինել:

Ընդամենը երկու օր առաջ այնտեղ անձրև էր, և այդ ճանապարհը բացարձակ անանցանելի էր: Հավանաբար, այն հնարավոր կլինի գործարկել մեկ տարի հետո, այսինքն՝ մինչև մեկ տարի մեր քաղաքացիները մնալու են փաստացի շրջափակման մեջ:Այժմ որոշակի աշխատանքներ իրականացվում են կենսական անհրաժեշտության, ու ոչ միայն, ապրանքներ տեղ հասցնելու առումով, բայց պետք է փաստենք, որ այս իշխանությունները գրեթե մեկ տարի ունեին, որպեսզի այդ ճանապարհը վերանորոգեին, կառուցեին:

Բայց փաստացի չեն արել, ու մեր հայրենակիցները մեկ տարի լրջագույն խնդիրներ են ունենալու տեղաշարժի առումով, որովհետև կրկին շեշտեմ, այդ այլընտրանքային ճանապարհը, որը դեռ ճանապարհի տեսք էլ չունի, անանցանելի է, և որոշակի աշխատանք կատարելուց հետո էլ կարելի է խոսել միայն ամենագնացներով անցնելու մասին, քանի որ սովորական մեքենաները չեն կարողանալու այդ ճանապարհով անցնել:

– Սյունիքի մարզի բնակիչների անվտանգությունն ապահովվա՞ծ է: Ի՞նչ տրամադրություններ են բնակիչների շրջանում:

– Իհարկե, անհանգստություններ ու մտահոգություններ ունեն, բայց պետք է ասեմ, որ խուճապային տրամադրություններ չկան: Անվտանգային հարցերի մասով՝ ճանապարհը լոգիստիկ առումով եռակի-քառակի բարդացրել է իրավիճակը: Պետք է նաև հաշվի առնել այն, որ գյուղերի անմիջական հարևանությամբ կանգնած են ադրբեջանցի զինվորները:

Եվ մի կողմից ստացվում է, որ ճանապարհը, որը տանում է դեպի այդ գյուղեր, արդեն ադրբեջանական վերահսկողության ներքո է, իսկ գյուղերին հարակից տարածքներում կանգնած են ադրբեջանական զինվորներ, ու պետք է նշել, որ անվտանգային խնդիրներն առկա են եղել մինչև մաքսակետեր տեղադրելն ու ավելի են սրվել դրանից հետո:

Տիկի՛ն Գրիգորյան, նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի նպատակը ո՞րն էր:

– Եթե նայենք, թե ինչ ուղղությամբ են ադրբեջանցիներն առաջ եկել, կարող ենք ենթադրել, որ փորձում են, այսպես կոչված, միջանցքի հարցը լուծել: Ալիևը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ եթե միջանցքը խաղաղ ճանապարհով չտրվի, ապա վերցնելու են ռազմական ճանապարհով:

Նոյեմբերի 16-ի սահմանային սադրանքը կարելի է համարել, այսպես կոչված, միջանցքն ուժով վերցնելու առաջին արարը, որը սկսվել էր դեռևս մայիսի 12-ից:

Ռազմական գործողությունների դադարից հետո այս իշխանությունը խոսեց դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին, ու արդեն երեկ ասվեց, որ Մոսկվայից նոր առաջարկություն են ստացել ու համաձայն են դրանց: Այսինքն՝ սեղանին այսօր դրված է նաև սահմանների ճշգրտման հարցը, ու, ըստ իս, դրանք իրենց մեջ շատ մեծ ռիսկեր են պարունակում, իշխանության ղեկին նստած մարդն այսօր իրավունք չունի չհաշվարկել այդ ռիսկերն ու պետք է նախևառաջ հաշվետու լինի ժողովրդի առաջ, ասի, թե ինչ առաջարկներ են ներկայացվել իրեն:

Ձեր պատկերացմամբ՝ միջանցքային այս խնդիրն ի՞նչ հանգուցալուծում է ունենալու:

– Թշնամին ցանկացած եղանակով ուզում է բացել այդ ճանապարհը, որով միայն իրենք կարող են տեղաշարժվել: Այս համատեքստում, երբ Նիկոլ Փաշինյանն է իշխանության ղեկին և, հավանաբար, արդեն որոշակի պայմանավորվածություններ է ունեցել, դժվար է խոսել հետագա զարգացումների մասին, որովհետև ինքն արդեն բանակցել է այդ թեմայով ու որքան էլ ասի, որ միջանցքի մասին երբեք խոսք չի եղել, մենք պոստ ֆակտում արդեն տեսնում ենք, որ այդ թեմայով բանակցություններ եղել են:

Հիմա Նիկոլ Փաշինյանը պետք է այդ խիզախությունն ունենա, դուրս գա ժողովրդի առաջ, ասի՝ ի՞նչ պայմաններ են իր առջև դրել, ու ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում:


– Տիկի՛ն Գրիգորյան, խորհրդարանական ընդդիմությունը երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը համարժե՞ք է գործում: Լիագումար նիստերին չմասնակցելու որոշումը որքանո՞վ է օգնում մեր երկրին՝ դուրս գալու այս իրավիճակից:

– Մենք ի սկզբանե բոյկոտեցինք նիստերը՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, իսկ այդ համատեքստում Ազգային ժողովի օրակարգում ներառել հարցեր, որոնք ամենևին չէին արտացոլում ստեղծված իրավիճակը, մեր դաշինքն ասաց, որ չի պատրաստվում մասնակցելու քննարկումների, որոնք չեն բխում օրվա իրավիճակից:

Բայց դրա հետ մեկտեղ, մեր գործընկերները մեկնել են Սյունիք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, քաղաքական կոնսուլտացիաների խումբ էինք ձևավորել, մյուս մասը, որի կազմում նաև ես էի, մեր միջազգային գործընկերների հետ հաղորդակցությունն էինք ապահովում, որպեսզի կարողանայինք հասնել նրան, որ միջազգային հանրությունը դատապարտեր ադրբեջանական ռազմական ագրեսիան:

Այսինքն՝ կատարել ենք որոշակի աշխատանքներ, որոնց անհրաժեշտությունը այդ պահին ավելի շատ կար, քան լինել ԱԺ դահլիճում ու մասնակցել սնդիկի կամ կենդանիների մասին ինչ-որ քննարկումների:

– Այսինքն՝ համարում եք, որ խորհրդարանական ընդդիմությունը աշխատում է ստեղծված իրավիճակին համարժե՞ք:

– Իրավիճակը ժամ-ժամ փոխվում է, որպեսզի կարելի լինի գնահատել ընդդիմության համարժեք կամ արդյունավետ գործել-չգործելը: Մենք պետք է նախ ամբողջական տեղեկություն ունենանք կատարվող իրադարձություններից, բայց ոչ մեկը չգիտի՝ ի՞նչ են դրել Փաշինյանի սեղանին, իսկ ինքն էլ չի խոսում ու չի բացատրում, միայն մանիպուլյացիաների միջոցով փորձում է շտկել իրավիճակը:

Մեր գործողությունները փոխվել ու փոխվելու են երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր զարգացման հետ համահունչ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am