Հաշիշը Հայաստան էր բերել սոցցանցերի միջոցով վաճառելու․ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը․ Տեսանյութ

Հունվարի 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացան, որոնց հիման վրա, բաժնի անչափահասների գործերով ծառայողների հետ, Պարույր Սևակի փողոցում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Երևանի երկու բնակչի` 28 և 30 տարեկան։ 30-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով փաթեթավորված յուրահատուկ հոտով թմրամիջոցի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 43 գրամից ավելի քաշով, որոնք ուղարկվեցին փորձաքննության։ 

28-ամյա երիտասարդը բերման ենթարկվելիս նետել էր մոտի թմրամիջոցի նմանվող զանգվածները։ Տարածքի զննությամբ հայտնաբերվեց ընդհանուր 23 գրամից ավելի քաշով 15 փաթեթ, որոնց մեջ, ըստ բերման ենթարկվածի՝ հաշիշ է։ Դրանք ևս առգրավվեցին և ուղարկվեցին փորձաքննության։

Ըստ քննությանը հայտնի տվյալների՝ զանգվածները մաքսանենգ ճանապարհով Հայաստան է բերել 28-ամյա երիտասարդը՝ սոցցանցերի միջոցով դրանք վաճառելու նպատակով։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են, տեղեկացնում է ոստիկանությունը։