Իշխանության համար անհարմար ու համարձակ մարդկանց սպառնում է Արթուր Օսիպյանի ճակատագիրը․ Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, Արթուր Օսիպյանը երկու ամսով կալանավորվեց, նրան մեղադրում են խուլիգանության, բռնության հրապարակային կոչ հնչեցնելու ու քարոզչությունը խոչընդոտելու համար: Իրավաչափ համարո՞ւմ եք կալանքը:

– Շատ կանխատեսելի էր. բոլոր նրանց, ովքեր անհարմար են լինելու գործող իշխանության համար ու համարձակվելու են ակտիվություն դրսևորել, բոլորին սպառնում է այն, ինչ տեղի ունեցավ Արթուր Օսիպյանի հետ: Պարոն Օսիպյանին մեկ մեղադրանք պակաս են առաջադրել․ ենթադրում էի, որ Նիկոլ Փաշինյանի մանկական երազանքը չկատարելու ու չզոհվելու մասով էլ քրեական հոդված կավելացնեին: 

Կասկածից վեր է, որ սա քաղաքական հետապնդում է, որովհետև երբ մի կողմի հնչեցրած միտքը, տեսակետը անմիջապես ընկալվում են իբրև սպառնալիք ու իբր քարոզարշավի խոչընդոտում, իսկ մյուս կողմից՝ ՔՊ-ականների որևէ գործողություն, հայտարարություն որևէ գնահատականի չեն արժանանում, սա կոչվում է քաղաքական հետապնդում ու ընտրովի արդարադատություն: 

Գործող իշխանությունը սրան երկար էր գնում, հող էր նախապատրաստում, ու սրա համար ինքը նաև ունի քաղհասարակության մի ստվար զանգվածի լռելյայն համաձայնությունը, ինչի պարագայում Փաշինյանի ձեռքերը ազատ կլինեն: Մենք դեռ ունենալու ենք ավելի կոշտ իրավիճակներ:

– Ասացիք, որ պարոն Օսիպյանին մեկ հոդված քիչ են առաջադրել, բայց իրականում այդ հարցադրումը, որը տարածում են արդեն մյուս իշխանականները, ինչպե՞ս եք գնահատում:

– Որպես ՀՀ քաղաքացի՝ ես պահանջում եմ, որ անվանական հրապարակեն, թե ո՛ւմ մեռնելն էին ուզում ՔՊ-ականները, կամ թիվ հրապարակեն, որպեսզի իմանանք, թե քանի՛ զոհ էին ուզում, որ համարեին առաքելությունը իրականացված: Եթե մենք ունենայինք գլխավոր դատախազ, հակակոռուպցիոն մարմիններ, իրավապահ մարմիններ, ապա անհապաղ պետք է քրեական գործ հարուցվեր, որովհետև դա կոնկրետ խումբ մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունք է, ատելության խոսք է: Բայց, ինչպես տեսնում ենք, դրա արձագանքը չկա, ու սա խոսում է այն մասին, որ Հայաստանում արդարադատության համակարգ ուղղակի գոյություն չունի, ինչպես ես պնդել եմ տարիներ առաջ: 

Խոսքը միայն մեկ մարմնի թերացման մասին չէ, բազմաթիվ պետական կառույցներ կան, որոնց արձագանքը հիմա պետք է լիներ, բայց ոչ մի խոսք չկա, անգամ ՄԻՊ-ը, որը գոնե ծայրահեղ իրավիճակներում քիչ թե շատ ադեկվատ արձագանքներ էր տալիս, հիմա լղոզված ինչ-որ հայտարարություն է տարածում: Այս կառույցները իրենց մանդատին ուղղակի չեն ծառայում: 

– Տիկի՛ն Կարապետյանց, Արթուր Օսիպյանի ֆեյսբուքյան գրառումը համարում են բռնության կոչ, Նիկոլ Փաշինյանի «սատկացնելու եմ, կզացնելու եմ» հայտարարությունները սպառնալիք կամ բռնության կոչ պարունակու՞մ են:

– Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հայտարարել է, որ որոշ մարդկանց սատկացնելու է ու բազմաթիվ դրվագներով ատելության խոսք է հնչեցրել ու անվանական սպառնալիքներ է հնչեցրել: Ինչո՞ւ է Օսիպյանը կալանավորված, իսկ Փաշինյանը՝ ո՛չ: Որ կողմից էլ նայենք, Փաշինյանի արածն անթույլատրելի, քրեորեն պատժելի արարք է, երանի՜ թե դատախազ ունենայինք:

– Այդ պարագայում Հայաստանի շարքային քաղաքացին, քաղաքական մյուս ուժերի ներկայացուցիչները ի՞նչ սպասեն:

– Իսկական ընդդիմադիր ուժերը քայլող թիրախներ են, նրանց հետ կարող է պատահել ամեն ինչ՝ սկսած ապօրինի քրգործերի հարուցումից, բայց, կարծում եմ, խաղի մեջ մտած բոլոր մարդիկ իրենց հաշիվ տվել են, թե ինչի մեջ են թաթախվում: 

Ինչ պետք է անի հասարակությո՞ւնը․ պետք է հունիսի 7-ին գնա ընտրություններին ու մերժի այն ամենը, ինչին ականատես ենք եղել 35 տարի շարունակ, որ ինչ-որ մի խմբակ գալիս է իշխանության ու համարում է, որ կարող է անել այն, ինչ ուզում է, իրեն զգում է ինչպես միապետ, ու պետք է ընտրի նրանց, ովքեր պատրաստ են գնալ համակարգային փոփոխությունների, ասել է թե՝ «Բոլորին դեմ եմ», համար 2: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am