«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
– Պարո՛ն Ստեփանյան, Նիկոլ Փաշինյանի ու Արթուր Օսիպյանի միջև տեղի ունեցած «բանավեճից» հետո, պարոն Օսիպյանը ձերբակալվեց, քրեական վարույթ է հարուցվել խուլիգանության հոդվածով: Օրինաչա՞փ եք համարում ձերբակալությունը:
– Իրավական տեսանկյունից եթե նայենք հարցին՝ Արթուր Օսիպյանին ազատությունից զրկելու որևէ հիմք չկա, բոլորի համար դա շատ պարզ է: Ակնհայտ է նաև, ինչի մասին արդեն խոսել են ոչ միայն իրավաբաններ, այլ նաև իրավապաշտպան կազմակերպություններ, որ Արթուր Օսիպյանին ազատությունից զրկել են վարչապետի հետ քաղաքական բանավեճի պատճառով, որովհետև այդ բանավեճի ժամանակ հնչեցրած թեզերը դուր չեն եկել Նիկոլ Փաշինյանին, ու նրա հրահանգով իրավապահ մարմինները ապօրինաբար զրկել են մարդուն ազատությունից: Սա է իրողությունն ու իրականությունը: Հարուցված գործը՝ խուլիգանության հիմքով, աբսուրդ է, Օսիպյանի արածը ոչ մի ձևով չի տեղավորվում այդ հոդվածի շրջանակներում, առհասարակ ՔՕ-ով արգելված որևէ արարք, որևէ վարքագիծ նա չի դրսևորել:
– Իշխանության ներկայացուցիչները իբրև խուլիգանության հիմնավորում բերում են Արթուր Օսիպյանի՝ Նիկոլ Փաշինյանին հանդիպելուց առաջ արված ֆեյսբուքյան գրառումը:
– Այդ գրառումը հանցակազմ չպարունակող գրառում է, փետրահան անել կարող ես նաև խոսքով, բացի այդ՝ դա ժողովրդական խոսք է, որը կիրառվել է այս պարագայում: Եթե հիմքում սա են դնում, ապա ինչո՞ւ այդ դեպքում ձերբակալված չէ Նիկոլ Փաշինյանը, նա շատ ավելի վատ խոսույթ է օգտագործել՝ «համբալ, կսատկացնեմ, կկզացնեմ», չեմ ուզում հիմա կրկնել բոլոր այն խոսքերը, սպառնալիքները, որոնք հնչեցրել է ինքը, հետևաբար սա ընտրովի արդարադատության վառ դրսևորում է: Իրենց հնչեցրած արտահայտությունները դիտում են որպես քաղաքական խոսույթ, իսկ երբ դրանց հակընդդեմ ինչ-որ բան է լինում, միանգամից գործի են դնում ռեպրեսիոն մեխանիզմները:
– Նույն այդ բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հարցը՝ «ինչո՞ւ ես դու կենդանի, ինչո՞ւ չես զոհվել», կամ երբ ասում է, թե «փախել են Ղարաբաղից, եկել են ուզում են Հայաստանում էլ անեն այն, ինչ արեցին Ղարաբաղում», ինչո՞վ եք բացատրում նմանատիպ վերաբերմունքը, հարցադրումները արցախահայության նկատմամբ:
– Այդ հարցադրումն այնքան անբարոյական է, որ ես արժանապատվությունիցս ցած կհամարեմ որևէ մեկնաբանություն տալ, դա իսկապես անբարոյականության վերջին սահմանն է, որ մարդուն ասես՝ ինչու դու չես զոհվել, հետևաբար այդ ցնդաբանությանը, շատ կներեք, մեկնաբանություն չեմ տա:
Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, որ հնչեցնում է. մի հատ նայեք, թե ընդհանրապես արցախահայությունն ի՛նչ ազդեցություն կարող է ունենալ ընտրական գործընթացի վրա: 150 հազար տեղահանվածից դեռևս Արցախում 100 հազարն ունեին ընտրական իրավունք, բացի դրանից՝ մեր ունեցած վիճակագրական տվյալներով՝ առավելագույնը 30 հազար արցախահայ է, որ մասնակցելու է ընտրություններին: Այսինքն՝ մոտավորապես 2.4 միլիոն ընտրող ունեցող երկրում 30 հազար ընտրող արցախցի՞ն պետք է որոշի կամ իշխանափոխություն անի:
Այս խոսույթը տարածում են ուղղակի հակաարցախյան տրամադրություններ ունեցող կոնկրետ հատվածի համար, որոնք, ցավոք սրտի, տարիների ընթացքում թունավորվել են Նիկոլ Փաշինյանի թերթով: Այդ ատելության թույնը, որ տարիներ շարունակ ներարկել է արցախահայության նկատմամբ իր թերթով, հիմա էլ անթաքույց վարչապետի դիրքերից է անում:
Այն մարդկանց, որոնք այդ ատելությունը գեներացնում ու տարածում են, ես՝ որպես արցախահայ, ոչինչ այլևս չունեմ ասելու, նրանց հետ ամեն բան պարզ է, իմ ասելիքը, խնդրանքը մեր հայրենակիցների այն հատվածին է, որոնք մերժում են ներազգային թշնամանքն ու ատելությունը, իմ խնդրանքն այն է, որ այս նախընտրական շրջանում հատկապես չտրվեն նման սադրանքների, թույլ չտան, որ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական հաշվարկներով պառակտում մտցնի հայության միջև: Այս թույնը, որ տարածում է նա, ունի հակաթույն՝ մեր միասնականությունն ու հանդուրժողականությունը:
– Պարո՛ն Ստեփանյան, այսինքն՝ սա միայն նախընտրական նպատակո՞վ է արվում:
– Միանշանակ այդ նպատակն էլ կա, բայց դա միակը չէ: Եթե, օրինակ՝ 2023-ից անմիջապես հետո այդ խոսույթը սկսեց ձևավորվել՝ «փախածներ, մնայիք կռվեիք» և այլն, նպատակ ուներ ամեն ինչի մեղավոր կարգել արցախահայությանը՝ զոհին: Սա արվում է նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը փորձի իրեն արդարացնել կամ սրբագրել իր արածները՝ Արցախի կորստի մեջ կարգելով մեղավորներ: Տեսնելով, որ հակազդեցություն ստացավ հանրության կողմից, սկսեց սլաքները թեքել՝ ասելով, թե նկատի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական էլիտային: Այսինքն՝ էությունն այն է, որ այս մարդը փորձում է Արցախի կորստի մեջ իր մեղավորությունն արդարացնել՝ այլոց մեղադրելով:
Ես էլի եմ կրկնում, որ տարիներ շարունակ հենց Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթն է ատելության քարոզ իրականացրել Արցախի, արցախահայության նկատմամբ տարբեր դրվագներով, այս խոսույթները նոր չեն ձևավորվել, ու ինքը դրանց կիրառողների առաջամարտիկն է եղել դեռ շատ վաղուց, հիշեք մարտի 1-ին իր արտահայտությունը՝ «Պետք է այսօր դուրս մղենք այստեղից ղարաբաղյան կլանին»:
Հիմա էլ նախընտրական փուլում բևեռացնում է հասարակությանը. մարդը մոտենում է ու ընդամենն ասում, որ «դու իմ հայրենիքը գողացել ես», ինքը տանում է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի տիրույթ, ինչո՞ւ, որ բոլոր մարդկանց, որոնք համաձայն չեն հայրենիքի կորստի հետ, դարձնի սև, իսկ մի խմբին էլ՝ սպիտակ, իրենց բառերով ասած: Քաղաքական բևեռացումն այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է, ու նա հենց դա էլ անում է:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















