Քննչական կոմիտեն հայտնում է, որ Արթուր Օսիպյանը կալանավորվել է․ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, խուլիգանություն կատարելու և նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով։ Ըստ ՔԿ-ի՝ Օսիպյանը Ֆեյսբուքում վարչապետի հասցեին բռնության կոչեր է հնչեցրել, իսկ մայիսի 18-ին Արաբկիրում խոչընդոտել է ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին ՔՊ նախընտրական քարոզարշավի ընթացքում Արթուր Օսիպյանը մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին և Արցախի վերաբերյալ մի քանի հարց ուղղել նրան, ինչին հաջորդել էր բանավեճը։ Դրանից հետո վարչապետը բղավել էր Օսիպյանի վրա և նրա հասցեին կոշտ վիրավորական արտահայտություններ հնչեցրել, այդ թվում՝ «բա ինչո՞ւ դու չես զոհվել»։ Կարճ ժամանակ անց Օսիպյանը ձերբակալվել էր։
Իրավապաշտպան կառույցները դատապարտել են նրա նկատմամբ անհամաչափ գործողությունները՝ տեղի ունեցածը որակելով որպես անհիմն, անհամաչափ և քաղաքական շարժառիթներով քրեական հետապնդում՝ պահանջելով ազատ արձակել նրան։
ՔԿ հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Օ.-ն 2026 թվականի մարտի 22-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ Ֆեյսբուքի իր օգտահաշվի միջոցով, քաղաքական հայացքներով պայմանավորված շարժառիթով, կատարել է հրապարակային գրառումներ՝ այդ կերպ ՀՀ վարչապետի հասցեին ուղղակի դիտավորությամբ հնչեցնելով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:
Բացի այդ, Ա.Օ.-ն, տեղեկանալով ՀՀ վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ անդամների կողմից 2026 թվականի մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում իրականացվելիք նախընտրական քարոզչության մասին, վերջիններիս նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու նպատակով՝ Ֆեյսբուքի իր անձնական օգտահաշվում հրապարակում կատարելուց հետո ժամանել է Արաբկիր վարչական շրջանի Վրացական 7 շենքի բակ և օգտագործելով քարոզչության հրապարակային բնույթը, տեղում հավաքված մեծաթիվ քաղաքացիների առկայությունը՝ խոչընդոտել է նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը:
Այնուհետև, Ա.Օ.-ն հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք, այն է՝ հնչեցրել է հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ՝ անտեսելով հավաքվածների կողմից համակեցության կանոնները հարգելու և պահպանելու հորդորները, խաթարել է հասարակական կարգը:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):
Ա.Օ.-ն կալանավորվել է»:



















