Երկու տարի` սխալ երգելու համար. Արամ Աբրահամյան

Ընդհանուր առմամբ, ռուսներն ավելի հավատացյալ ժողովուրդ են, քան մենք՝ հայերս: Ուրիշ հարց, որ այնտեղ պաշտոնական եկեղեցական վերնախավն ունի ճիշտ նույնպիսի «հեղինակություն», ինչպես եւ իրենց հայաստանյան գործընկերները, ու ճիշտ նույն՝ հղփացածության եւ ճոխ կյանքի հանդեպ հակվածության պատճառով: Բայց միանշանակ է, որ ռուս ժողովուրդը հարգում է իր սրբությունները, այդ թվում՝ Մոսկվայի Քրիստոս Ամենափրկչի բազմաչարչար տաճարը: Այդ առումով փանկ-ռոք խմբի «ելույթը» տաճարում վիրավորել է հավատացյալների զգացմունքները: Եթե նման խումբ երգեր, ասենք, Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, եւ ես այնտեղ լինեի, դա ինձ ու մնացած ներկաներին, անշուշտ, կզայրացներ:

Բայց դա գործի, այսպես ասած, բարոյական կողմն է: Pussy Riot-ի աղջիկները, կարծես թե, զղջացին իրենց արարքի համար եւ ներողություն խնդրեցին: Դրանից հետո գալիս է քաղաքական եւ իրավական մասը, եւ այստեղ Ռուսաստանի իշխանությունը, նախեւառաջ՝ դատական, բավականին խոցելին է: Ի՞նչ կլիներ, եթե փանկ-ռոքերները երգեին ոչ թե «Աստվածամայր, վտարիր Պուտինին», այլ, ասենք, «Բատյանյա կոմբատ» երգը: Նրանց այդ դեպքում նույնպե՞ս կազատազրկեին երկու տարով, թե՞, հակառակը, կհրավիրեին ելույթ ունենալու Կրեմլի Համագումարների պալատում: Համենայնդեպս, հիմնավոր կասկածներ կան, որ դատարանը պաշտպանում էր ոչ թե հավատացյալների զգացմունքները, այլ «ցարին» ու նրա գահը:

Իհարկե, նման դեպքերում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է իշխանությունը փոքրիկ եւ աննշան միջադեպից միջազգային մասշտաբի պատմություն սարքում, երբ կարելի էր այդ աղջիկներին տուգանել եւ բաց թողնել: Երբեմն մտածում ես՝ իշխանություններն իրենց օգուտը չգիտեն, պարզապես ղեկավարվում են էմոցիաներով եւ այլն: Դա ճիշտ է միայն մասամբ. մեծ հաշվով, այո, բոլոր հետեւանքները չեն հաշվարկում: Բայց մարտավարական առումով նպատակը պարզ է՝ վախեցնել հասարակությանը, լռեցնել ցանկացած դժգոհ եւ քննադատական ձայն: Որպեսզի հնչի այն, ինչ հնչում է ռուսաստանյան դաշնային հեռուստաալիքներով՝ ձոներ, ներբողներ եւ, ի դեպ, խայթոցներ «փիս» ամերիկացիների եւ եվրոպացիների հասցեին: Որքանո՞վ է այդ մարտավարությունը արդարացված՝ կարելի է դատել արդյունքներից՝ Պուտինը, ըստ էության, իշխանության գլխին է 1999 թվականից ի վեր:

Pussy Riot-ի գործի եւ խմբի անդամների նկատմամբ արտառոց խիստ դատավճռի թե՜ միջազգային եւ թե՜ տեղական արձագանքը հսկայական է՝ ավելի մեծ, քան Մագնիտսկու եւ Խոդորկովսկու գործերով: Պատճառը, հավանաբար, այն է, որ նշված երկու գործերում կարող է լինել քրեական ինչ-որ տարր: Իսկ տաճարում «սխալ երգ» երգելը զուտ իրավական տեսանկյունից վարչական խախտում է, ոչ թե քրեական հանցագործություն:

Դատավճռի դեմ բողոքողներից մեկը Գարրի Կասպարովն էր: Ըստ ռուսաստանցի իրավապահների, բողոքի ցույցը ցրելու ժամանակ նա կծել է մի ոստիկանի: Եթե դա հերթական «մենթական հեքիաթը» չէ, ապա գոնե այդ ոստիկանի համար լավ PR է. նրան աշխարհի չեմպիոն է կծել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«ԱՌԱՎՈՏ»