«Ալիևն ուղղակիորեն սպառնում է, որ եթե չստանա «միջանցքը»՝ խաղաղություն չի լինելու». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը

Տիկի՛ն Հայրապետյան, Բաքվի IX գլոբալ ֆորումի «Գլոբալ աշխարհակարգի սպառնալիքները» թեմայով քննարկման ժամանակ Իլհամ Ալիևի ելույթից ի՞նչ կարևոր կետեր կառանձնացնեք: Նկատի ունենալով այդ ելույթը՝ որքանո՞վ եք հնարավոր համարում խաղաղության պայմանագրի կնքումն այդ երկրի հետ, որի կարևորության մասին երեկ խորհրդարանում խոսել է ՀՀ վարչապետը՝ կոչ անելով մարդկանց համախմբվել իր առաջարկած խաղաղության օրակարգի շուրջ:

– Նախ՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկածը խաղաղություն չէ, դա ուղղակի նշանակում է Հայաստանի կողմից հետագա զիջումներ, որի հետևանքով մենք կարող ենք ընդհուպ կորցնել մեր պետականությունը, ու եթե ուշադիր լինեք, իր խոսքում շեշտում է, որ դա կորուստների ճանապարհ է, բայց այլընտրանք չկա, այսինքն՝ ինքն արդեն հանրությանը տրամադրում է հերթական զիջումներին, ավելին՝ իր խոսքում նշում է, որ անգամ այդ պայմաններում ինքը չի կարող ոչինչ երաշխավորել: Այսպիսով՝ ինքն ուղղակի հարվածի տակ է դնում Հայաստանի՝ որպես պետության գոյությունն առհասարակ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի ելույթին, այստեղ առաջնահերթը «միջանցքի թեմայի» արծարծումն էր, բայց այն համատեքստում, որ, օրինակ՝ եթե նախկինում սպառնում էր, ասում էր՝ Հայաստանն այլընտրանք չունի, պետք է տրամադրի այն, հիմա այն այլ բովանդակություն ստացավ, որ եթե Հայաստանը դա չանի, ապա չի լինի խաղաղություն, այսինքն՝ Ադրբեջանը կգնա ակնհայտ ռազմական սցենարի գործարկման, որի մասին բազմիցս եմ ասել նաև ձեզ հետ զրույցների ժամանակ, ակնհայտ սպառնալիք է հնչեցնում:

Ադրբեջանի նախագահը կրկին վերահաստատեց, որ իրենք տարածքային պահանջներ են ներկայացնելու Հայաստանի նկատմամբ հետագայում: Ադրբեջանը ցույց է տալիս, որ ինքը մշտապես մեզ հետ խոսելու է հաղթողի դիրքերից, ու այդ թեզը կար Ալիևի մոտ: Ասում է՝ մենք իրավունք ունենք պահանջելու, որովհետև մենք հաղթել ենք պատերազմը: Այս տրամաբանությունն է գործում Ադրբեջանում, ու հիմա, այս տրամաբանության մեջ մենք փոխարենը հստակ գիտակցենք, թե մեր հակառակորդներն ինչի են պատրաստվում, մենք ուղղակիորեն զբաղված ենք ինքնախաբեությամբ: Նիկոլ Փաշինյանն ուղղակի զբաղված է մեզ տրամադրել հանձնվելուն: Փաստացի, Նիկոլ Փաշինյանը ոչ հստակ, բայց ակնարկում է, որ Արցախի հետ Հայաստանն ապագա չունի, երեկվա իր ողջ ելույթը դրա մասին էր:

Երեկ Փաշինյանը, այսօր էլ իշխանական պատգամավորները հայտարարեցին, որ իրենք այս պահին «Արցախի կարգավիճակը բխեցնում են արցախահայության իրավունքների ու ազատության, անվտանգության պաշտպանված լինելուց»: Ինչպե՞ս եք հնարավոր համարում կարգավիճակի հարցի լուծմանը հասնել այս տարբերակով: Նկատելի է նաև, որ իշխանության նախընտրական ծրագրում կարևորվում էր ոչ թե իրավունքների, այլ բուն կարգավիճակի հարցը:

– Իշխող թիմը պետք է մեկ պարզ հարցի պատասխան տա՝ հրաժարվո՞ւմ է իր նախընտրական ծրագրից, եթե հրաժարվում է, կա՛մ թող հրաժարական տա, կա՛մ արտահերթ ընտրություններ անցկացնի, կա՛մ բացատրություններ ներկայացնի:

Ինչքա՞ն կարելի է չաշխատել ո՛չ դիվանագիտական առումով, ո՛չ ռազմական առումով: Հնարավոր բան չէ այդ եղանակով կարգավիճակի հարցի լուծմանը հասնել, իրենք շատ լավ գիտեն, որ հնարավոր չէ, իրենց գրում, ասում են՝ գնացեք այս արտասանեք, գնում արտասանում են: Նրանցից ոչ մեկը ո՛չ բանակցային փաթեթն է կարդացել, ո՛չ գիտի՝ որ փաթեթն ով է մերժել:

Փաշինյանը որ խոսում էր երեկվա բոլոր փաթեթների մասին ու փորձում համոզել, թե նախկիններն Արցախը տվել են, իսկ Ադրբեջանի նախագահը չի վերցրել Արցախը, այդ բոլոր փաստաթղթերը մերժել է ադրբեջանական կողմը:

Հիմա այս ամենը գործող իշխանությունը մի կողմ է դնում, ասում, թե բոլոր նախկիններն Արցախը հանձնում էին, ապա Ադրբեջանն ինչո՞ւ չէր ուզում վերցնել, ինչո՞ւ էր պատերազմի պատրաստվում, եթե կարող էր խաղաղ ճանապարհով ամբողջը վերցնել: Իշխանությանը հարմար չէ այս հարցերին պատասխանել, ուղղակի պետք է անդադար ստել ու փորձել այս ձևով իշխանությունը պահել:

Տիկի՛ն Հայրապետյան, քանի որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 9-ին Երևանում հայտարարեց, որ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակներում ներդրվելիք ռեժիմը հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա, ի՞նչ եք կարծում, ռուսական կողմի ճնշմամբ կամ միջամտությամբ Ադրբեջանը կհրաժարվի՞ իր միջանցքային տրամաբանությունից:

Լավրովն իր խոսքում նաև նշեց հեշտացված կարգով կարգավորումների մասին, որի բովանդակությունը հստակ չէ: Բայց ես կարծում եմ, որ Մոսկվայի համար՝ իր շահերի տեսանկյունից, կարևոր է, որ իրենք շարունակեն այդ ամբողջ գործընթացները վերահսկել: Թեև Ուկրաինայում գործընթացները շարունակվում են, բայց եթե ուշադիր լինեք, վերջին շրջանում Լավրովը նաև շատ ակտիվ էր Հարավային Կովկասում՝ Անկարայում էր, հետո եկավ Երևան, հաջորդ շաբաթ գնալու է Բաքու:

Եթե ուզում ենք, որ Ադրբեջանն ինչ-որ բանից հետքայլ անի, ապա, բնականաբար, Մոսկվայի դերն այդտեղ կարևոր է, բայց ոչ միայն Մոսկվայի: Այդ հարցում շատ հստակ դիրքորոշում ունի իրանական կողմը, և նրանց հետ ճիշտ աշխատանքը կարող է օգուտ բերել: Այս հարցում Հայաստանը հստակ գործընկերներ ունի, ուղղակի աշխատանք չեն ցանկանում տանել:

Արցախի կարգավիճակի մասով Ալիևն ի՞նչ մոտեցումներ, պատկերացումներ ունի:

– Ալիևը ոչ մի դիրքորոշում չունի, նրա դիրքորոշումը մեկն է, որ Արցախում հայ չպետք է ապրի, ու Արցախից պետք է դուրս գան նաև ռուս խաղաղապահները՝ սա Ադրբեջանի հստակ օրակարգային հարցն է: Իսկ հայկական կողմը եթե հնարավորություն ունենար, ամենայն արագությամբ Արցախը կթողներ Ադրբեջանի կազմում, ուղղակի իշխանությունն այդ հնարավորությունը չունի ու չունի ոչ միայն ներսից առկա դիմադրության արդյունքում, այլ նաև դրսում դա միանշանակ չի ընկալվում: Օրինակ՝ Ռուսաստանն ուզում է, որ այդ հարցը չլուծված մնա, որպեսզի խաղաղապահների ներկայությունն Արցախում երկարաժամկետ լինի:

Այսինքն՝ Ռուսաստանը շահագրգիռ է կոմունիկացիաների բացմամբ, բայց ո՞չ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ:

– Միանշանակ այո՛, որովհետև եթե Ռուսաստանը Ադրբեջանի հետ մնա դեմ դիմաց, այսինքն՝ Ադրբեջանի հետ հարկադրված լինի իր խնդիրները լուծել խաղաղապահների՝ Արցախում մնալու մասով, ապա դա շատ խնդրահարույց կլինի ռուսական կողմի համար: Իրենց պետք է, որ այդ հարցում ասելիք ունենա նաև հայկական կողմը: Ուզում եմ խոսքս սխալ չմեկնաբանվի, թե ես նկատի ունեմ, որ Ռուսաստանը պատրաստվում է Արցախը մեզ թողնել, ո՛չ, Ռուսաստանն ուղղակի ցանկանում է ազդեցություն ունենալ տարածաշրջանում ու դա անում է Արցախի միջոցով:

Իսկ հաջորդ շաբաթ Բաքու կատարելիք այցի ընթացքում, ի՞նչ եք կարծում, ՌԴ արտգործնախարարը կանդրադառնա՞ Ալիևի այս հնչեցրած հայտարարություններին:

– Կարծում եմ՝ ոչ այն չափով, որքան մեզ համար ցանկալի կլինի, որովհետև, ամեն դեպքում, Ռուսաստանն Ուկրաինայի հետ կապված սերտորեն աշխատում է թուրքական կողմի հետ ու հարաբերությունները վատացնել Ադրբեջանի հետ՝ կարող է ենթադրել հարաբերությունները վատացնել Թուրքիայի հետ: Բացի այդ, Ռուսաստանը, բացի մեզ դաշնակից լինելուց, նաև միջնորդ է տարածաշրջանում, ու իր համար շատ հաճախ միջնորդի դերը գերակայում է դաշնակցի իր դերին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am