Վրաստանի պաշտպանության նախարարը կարևորել է ՆԱՏՕ-ի դերը Սև ծովում անվտանգության ապահովման հարցում

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուչուլաձեն, ով մասնակցել է Բրյուսելում Վրաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին, ընդգծել է Հյուսիսատլանտյան դաշինքի կարևորությունը Սևծովյան տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման գործում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի պաշտպանության  նախարարությունը:

Նախարարը ողջունել է նաև ՆԱՏՕ-ի կողմից հունիսի 14-ին Բրյուսելում ընդունված հայտարարությունը, որում ասվում է, որ այդ երկիրը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, իսկ երրորդ երկրները չեն կարողանալու միջամտել հանրապետության ու ռազմա-քաղաքական բլոկի հարաբերությունների մեջ:

Վրաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ 1990-ականների վերջերից: 2002 թվականի նոյեմբերին նախագահ Էդուարդ Շևարնաձեն առաջին անգամ  հայտարարել էր, որ իրենք ցանկանում են դառնալ դաշինքի անդամ: