Ռուբլու արժեզրկումը բացասաբար է ազդելու Հայաստանում ՌԴ-ից տրանսֆերտներով ապրող բնակչության սոցիալական վիճակի վրա. տնտեսագետ

Ռուս-ուկրաինական պատերազմի շրջանակներում Ռուսաստանի Կենտրոնական և մի շարք բանկերի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների հետևանքով ռուսական ռուբլին արժեզրկվում է: 

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանն ասում է՝ ռուսաստանյան միջինից բարձր խավի բազմահազար քարտապանների համար անհասանելի է դարձել Mastercard-ի, Visa Card-ի ծառայությունները, Apple Pay-ը, Google Pay-ը: Սակայն շարքային քաղաքացիները, ըստ նրա, կարծես թե խնդիրներ չունեն:

«Ռուսաստանում փորձում են դոլար-ռուբլի փոխարժեքը պահել 100 ռուբլու սահմանում: Մարդիկ ունենալով որոշակի մտավախություններ՝ փորձում են անվտանգ երկրներում պահել միջոցներ, փոխարկել խնայողությունները»,-«Մեդիալաբին» ասում է Ֆանյանը: 

Նա դժվարանում է ասել՝ որքա՞ն կշարունակվի ֆինանսական նման անկայուն վիճակը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ rate.am-ի՝ հայաստանյան բանկերում այսօր ռուբլին միջինը կարելի էր ձեռք բերել 3.31 դրամով։ 

«Մեզ մոտ շուկայական հարաբերություններ են, ռուսական ռուբլու փոխարժեքի կարգավորման խնդիր չկա, և առաջարկի քանակը շատացել է, ռուբլու գինը՝ նվազել»,- նշում է նա:

Տնտեսագետն ասում է՝ ռուբլու փոխարժեքի նման կտրուկ տատանումները բացասաբար են ազդելու Հայաստանում ՌԴ-ից փոխանցվող տրանսֆերտներով ապրող բնակչության սոցիալական վիճակի վրա:

«Հայտարարված ու կիրառվող պատժամիջոցները, բնականաբար, ծանր են լինելու Ռուսաստանի համար, և այդ երկրի տնտեսությունը խոշորագույն անկում է ունենալու այս տարվա ընթացքում: Այս անկումը բացասաբար է անդրադառնալու մեր հայրենակիցների վրա»,- նշում է Հայկազ Ֆանյանը:

Նա առանձնացնում է երկու բացասական հետևանք՝ դեպի ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը և Ռուսաստանից ՀՀ ուղարկվող գումարի չափը կնվազեն:

Տեղեկացնենք, որ 2021 թվականին տրանսֆերտների ընդհանուր ներհոսքը Հայաստան աճել էր շուրջ 14.5%-ով, ինչը 7.7 %-  ով ավել էր կորոնավիրուսային համաճարակի պատճառով ճգնաժամային համարվող 2020-ի ցուցանիշներից: 2021 թվականին Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 109 մլն դոլար, որի մեջ Ռուսաստանից դրամական փոխանցումները կազմել են 464 մլն դոլար: 

«Մեր հարյուրհազարավոր հայրենակիցներ գնում էին Ռուսաստան արտագնա աշխատանքի: Հիմա պարզ է, որ Ռուսաստան մեկնողների թիվը կկրճատվի, որովհետև այդքան աշխատատեղ Ռուսաստանում չի լինի: Բացի այդ, մեր այն հայրենակիցները, որոնք ապրում են ՌԴ-ում ու պարբերաբար իրենց հարազատներին դրամական օգնություն են փոխանցում, բնականաբար, նրանց եկամուտները կկրճատվեն, և չեն կարող նախկին գումարները Հայաստան ուղարկել: Նույնիսկ եթե կարողանան ռուսական ռուբլով այդ 30 հազարը Հայաստան ուղարկել, բնականաբար, դա մեր շուկայում արդեն շատ քիչ կլինի: Կիսով չափ, եթե ոչ ավելի, ռուսական ռուբլու գնողունակությունը նվազել է»,- նշում է տնտեսագետը:

Այդուհանդերձ, Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները, ըստ տնտեսագետի, կարող են նաև օգուտներ տալ հայաստանյան տնտեսությանը: Նա չի բացառում, որ պատժամիջոցների թիրախում հայտնված ռուսական տնտեսությունում գործող շատ ընկերությունները պարզապես գան Հայաստան, հաստատվեն ու աշխատեն այստեղ: 

«Օրինակ՝ ես գիտեմ, որ այս պատժամիջոցների հետևանքով ՏՏ ոլորտում գործող մի շարք ռուսական ընկերություններ, որոնք աշխատում են հիմնականում արևմտյան ընկերությունների հետ, նախընտրում են տեղափոխվել Հայաստան: Այդ առումով ՏՏ ոլորտի համար Հայաստանում մեծ հնարավորություններ եմ տեսնում»,- ասում է Հայկազ Ֆանյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am