Զեյթունի օրինակելի այգի՝ Մեղրիում

Զեյթունի օրինակելի այգի՝ Մեղրիում
Զեյթունի օրինակելի այգի՝ Մեղրիում

Լեհվազեցի Կարոյին Մեղրիում գրեթե բոլորն են ճանաչում եւ շատ ժամանակ Մեղրի այցելած անծանոթ հյուրերին խորհուրդ տալիս անպայման լինել ու սեփական աչքերով տեսնել ճանաչված այգեգործի ստեղծած զեյթունի հսկայական այգին: Ասում են, որ զեյթունի օրինակելի այգին միակն է ոչ միայն այս տարածաշրջանում, այլ` ամբողջ հանրապետությունում: Արաքսաշենի տարածքում գտնվող 7 հա այգին ամբողջությամբ տեսնելու եւ տեղանքին ծանոթանալու համար առնվազն 3 ժամ է պահանջվում:

50-ամյա Լեհվազեցի Կարո Կարապետյանը երկար տարիների չարչարանքի ու սեփական ուժերի գնով է ստեղծել այս այգին, որտեղ այժմ աճում են Իսպանիայից բերված Սեվելիանո եւ Ասկոլանա 2 տեսակի 3400 հատ զեյթունի բերքատու ծառեր: «Էստեղ ժամանակին խաղողի այգիներ են եղել, կռվի տարիներին, բաքվեցիները եկել են ու կտրտել ամեն ինչ: Ես, որ եկել եմ այստեղ՝ ոչինչ չի եղել, նայում էիր տեղանքին, ոնց որ անապատ լիներ: 4 տարի տանջվել եմ մինչեւ կարողացել եմ մի քիչ խելքի բերեմ էս տարածքը», – այսպես է սկսում իր այգու պատմությունը այգեգործ Կարոն եւ ցույց տալով այգու ծառերը՝ շարունակում պատմել սկսած պատմությունը: «2000թ.-ին եմ ստեղծել այս այգին: Բերել եմ 7590 հատ զեյթունի ծառ տնկել, բայց բոլորը ցրտահարվել են: 2003 թվականին կրկին բերել եմ զեյթուն տնկել: Բայց 2008թ.-ի հունիսի 22 ին տեղացած կարկուտն ամբողջ բերքը հերթական անգամ փչացրեց, միայն 2010 թ.-ին հավաքեցի այգուս առաջին բերքը: Ամեն մի ծառից 20-30 կգ զեյթուն եմ քաղում բերքի սեզոնին: 3 հազար 400 ծառերից միայն հազարն է, որ բերքի սեզոնին յուրաքանչյուրը 1 կամ 2 կգ է բերք տալիս, մնացած 2 հազար 400 ծառերից յուրաքանչյուրի տված բերքը 20-30 կգ է կազմում: Տեսակներից մեկը շատ յուղատու է: Անալիզի արդյունքներով՝ մինչեւ 70 տոկոս յուղատվությունը պահում է մսի մեջ, իսկ կորիզում` 27-33 տոկոս: Ամենաբարդը բերքի իրացման խնդիրն է, որը մեր հանրապետությունում շատ դժվար է լուծել», -ասում է Կարո Կարապետյանը: 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ  Լուսանկարները՝ Նադիա Պասկուալի 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2012/06/24/300440/