Պաշտպանը դատարանին ներկայացրեց Լոռեցյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, ընթանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի գործով դատական նիստը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը Լոռեցյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը 2 միլիոն դրամ գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացեց դատարանը: Մեղադրող դատախազը առարկեց միջնորդության դեմ: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Գևորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության համար։

Սույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Գևորգ Լոռեցյանի վարորդ Էդուարդ Հովհաննիսյանին և «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանին:

Էդուարդ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկատվություն և միջոցներ է տրամադրել, ինչպես նաև խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Գևորգ Լոռեցյանին։

Հրաչիկ Քանանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Գևորգ Լոռեցյանին խոստացել է տալ առանձնապես խոշոր չափերով՝ 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք: