Որևէ տարբերություն չկա՝ Հրայր Թովմասյա՞նը, թե՞ ՍԴ դատավորի համար առաջադրված թեկնածու Վահրամ Ավետիսյանը․ Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցազրույցը իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցի հետ

– Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման ճանապարհին ՀՀ Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։

Նա Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է։ Դուք՝ որպես իրավապաշտպան համայնքի ներկաացուցիչ, ի՞նչ դիրքորոշում ունեք այս թեկնածության շուրջ։

– Կադրերի հետ կապված ինչ-որ գեներատոր ունի մեր կառավարությունը ու պատահականության սկզբունքով ընտրում է ամենաանհաջող կադրերին։ Անհասկանալի է՝ ի՛նչ սկզբունքով են առաջնորդվում ու ի՛նչ սկզբունքով են ընտրում թեկնածուներ։

Ես այսօր լսում էի նաև Լիլիթ Մակունցի ելույթը, ասաց, որ իր ունեցած տեղեկություններով նա (նախկին դատավոր Դավիթ Ավետիսյանը, որը առաջադրված թեկնածուի հայրն է – հեղ․) որևէ մեկի վերաբերյալ ապօրինի դատավճիռ, ապօրինի գործողություն չի իրականացրել։

Բայց խնդիրն այն է, որ նոր առաջադրվող թեկնածուն հայտնի դատավորի որդին է, որը շատ վատ համբավ ուներ․ իր պաշտոնավարման տարիներին նա կա՛մ կայացրել է ապօրինի վճիռներ, օրինակ՝ «Մարտի 1»-ի գործը, կա՛մ բազմաթիվ գործեր չեն ընդունել վարույթ։

Ավելին, նա պետք է պատասխանատվության ենթարկվեր, դա անխուսափելի է։ Այսինքն՝ ստեղծվում է մի իրավիճակ, երբ նոր դատավորը ստիպված է լինելու կատարել երկու գործողություններից մեկը՝ կա՛մ ընդունել, որ իր հայրը և նրա հետ գործակցածները հանցագործներ են, կա՛մ գնալու է օրենքին, խղճին, իրավունքին հակառակ։

Մարդը 2008-ի մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ որևէ կերպ չի արտահայտել իր դիրքորոշումը՝ լավ կամ վատ, ավելին, ստեղծել է կարիերա, վստահ եմ՝ հոր շնորհիվ, նրա պաշտոնավարման շնորհիվ, հետևաբար այդ ամենի վրա աչք փակած, լռած, դիրքորոշում չարտահայտած մարդուն ինչպե՞ս էր հնարավոր առաջադրել։

Նա Սահմանադրական դատարանում ունենալու է շահերի բախում, ինչպե՞ս եք առաջադրել նրան փոփոխված Սահմանադրական դատարանում։ Այս պարագայում պետք է խնդրեմ վերադարձնեք ՍԴ հին կադրերին։

Գոնե գիտեինք՝ նրանք ով են։ Ինչի՞ համար էր այս ամբողջ աղմուկը, ինչո՞ւ կատարվեցին փոփոխություններ, ինչո՞ւ երկու ու կես տարի սպասեցինք։ Ինձ համար որևէ փոփոխություն չկա, ավելին, տարբերություն էլ չկա՝ կլինի դա Հրայր Թովմասյանը, թե՞ առաջադրված թեկնածու Վահրամ Ավետիսյանը։

– Դուք ասում եք, որ թեկնածուի հայրը «Մարտի 1»-ի գործով քաղբանտարկյալների վերաբերյալ ապօրինի դատավճիռներ կայացնելու գործընթացի մասնակիցներից է եղել։ Արդյոք որդին պատասխանատո՞ւ է հոր կատարածների համար, ի՞նչ պետք է աներ նա։

– Դա չգրված օրենք է՝ երեխան ծնողի և ծնողը երեխայի արարքների համար պատասխանատու են։ Ամբողջ խնդիրն այն է, որ տարիներ շարունակ Վահրամ Ավետիսյանը դատարանների գործունեության մասին որևէ դիրքորոշում չի հայտնել։

Ես վստահ եմ, որ կա ուղիղ շահերի բախում, որովհետև դատարանների նկատմամբ նա չի կարող ունենալ անկողմնակալ դիրքորոշում, որևէ պարագայում չի կարող ունենալ։

Ինձ համար ակնհայտ է, որ դատական համակարգը իր գործող անձանցով գործել է պետության, պետական իշխանության, սուվերենիտետի դեմ։ Իրենց ուղիղ գործողություններով կատարել են բազմաթիվ հանցագործություններ։

Այս պարագայում,թե ինչպես պետք է ՍԴ-ում աշխատի դատավոր Ավետիսյանը, չեմ պատկերացնում։ Սա այնքան կարևոր հարց է, որ «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդները անձնական վիրավորանքի նման մի բան էին ընդունել, սա շատ կարևոր հարց է։ 

– Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է կառավարությունը պարբերաբար նման իրավիճակում հայտնվում, արդյոք վարչապետը տեղյակ չի եղել՝ ո՛վ է թեկնածուն, ո՛ւմ որդին է։

– Չեմ կարող ասել՝ ինչու հենց այդ թեկնածուի անունը հայտնվեց վարչապետի սեղանին, բայց այն, որ այդ գործողությունները նոր կառավարությանը վարկաբեկում են, ինձ համար ակնհայտ է։

Առաջադրելու տրամաբանությունը իսկապես չեմ հասկանում, որովհետև վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ մասնագետներ, որոնք իրենց անցած ճանապարհով ապացուցում են, որ պայքարել են հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն երկրի սուվերենության, հանուն մարդու իրավունքների, հանուն ժողովրդավարության։ Թող չասեն՝ նման կադրեր չկան։ Վստահ եմ, որ կան, և ընտրել այդպիսի կադր՝ տրամաբանությունից դուրս է։

– ՍԴ դատավորի թեկնածուն հայտարարություն էր տարածել և, արձագանքելով նախկին 50 քաղբանտարկյալների և մարտի 1-ի զոհերի հարազատների հայտարարությանը, ասել․ «․․․ակնհայտ են այդ հրապարակումներն իրականացրած անձանց նեղ անձնական, հատվածական և խմբային շահերը, հայտնի են այդպիսի հրապարակումների հեղինակների մասնագիտական հատկանիշները և բարոյական կերպարը»։

– Նման հայտարարությունից հետո առհասարակ նրա թեկնածության հարցը քննարկելը նույնիսկ անընդունելի է։

Այդպիսի հայտարարություն Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի հավակնորդը չի կարող անել։ Նա պետք է զուսպ ու հավասարակշռված լիներ։ Ես մեծ հույս ունեմ, որ Ազգային ժողովը քվեարկությունից առաջ կգնահատի նաև այս հայտարարությունը, գնահատի նաև այս թեկնածության շուրջ հանրության շրջանում բարձրացված աղմուկը։

Կարծում եմ՝ Ազգային ժողովի որոշումը կլինի միանշանակ՝ մերժել այդ թեկնածությունը։ Սա իսկապես մեծ խնդիր է առաջացնելու։ 

– Ի դեպ, պատգամավորներից մեկն ասել էր, որ զավակները պատասխանատու չեն իրենց ծնողների արարքների համար։

– Մարդ կա՝ մտածում է մեկ հարթության մեջ, բայց դա այն հարցն է, որ պետք է դիտարկել ամեն կողմից։

Մեր բոլոր խնդիրները Հայաստանի ներսում գալիս են նրանից, որ պատգամավորների, նաև կառավարության անդամների մի մասը փորձում է խնդիրները տեսնել մեկ հարթության մեջ։

Քաղաքականությունը մեկ հարթության մեջ չի լինում, այն պետք է դիտարկել լայն՝ տարբեր ասպեկտներով։ Հենց միայն այն, որ ինքը ստիպված է լինելու իր հոր պաշտոնավարման տարիների հետ կապված որոշումների քննարկմանը մասնակցել, բավականին լուրջ խնդիր է:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am