«Մենք չհաղթելու տարբերակ չունենք, որովհետև առաջին անգամ հասկացել ենք, որ ինքնիշխան ենք, որ մեր բոլոր հաղթանակները և պարտությունները կախված են մեզնից» Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը

 – Տիկի՛ն Սեդրակյան, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց ժողովրդին: Արդյոք այդ ուղերձում տեսա՞ք այն, որ մենք մենակ ենք, մենք ենք մեր ճակատագրի տերը, և մեր հույսը մեզ վրա է:

– Ես ընկալեցի նրա ելույթը իբրև Հայաստանում առաջին անգամ իրական անկախական մտածողություն ունեցող պետական գործչի ելույթ: Առաջին անգամ բացարձակ տեղին էին այն զգացմունքայնությունը և բառային վրիպումը, որ տեղի ունեցան, որովհետև այս ամեն ինչը մտնում է վերջին իրադարձությունների կոնտեքստի մեջ: 

Ես ասում եմ, որ երբեմն ցավալի է, որ մեզ վիճակվեց ապրել միայն պատմական ժամանակներում, չվիճակվեց ապրել սովորական ժամանակներում, բայց հիմա մենք ապրում ենք պատմական ժամանակաշրջանում այդ բառի ամենալավ իմաստով: 

Որովհետև կոտրվում են արմատական մի շարք խոսույթներ, որոնք ուզում եմ կետ առ կետ նշել.

Ա. Հայ ազգը խեղճ է և մշտական զոհ: 1990-ականների Արցախի հաղթանակով դա մի թեթև կոտրվեց, բայց հետո էլի սկսեց մեզ պարտադրվել մեր պարտվողականության և ուրիշից կախում ունենալու միտումը:

Բ. Ռուսական բազան այստեղ է, որ մեզ թուրքից պաշտպանի: Առաջին անգամ բոլորի աչքի առաջ մեզ վրա հարձակվում է Թուրքիան, և դա ապացուցվում է նաև միջազգային հանրության փաստարկներով: 

Բայց ռուսական բազայի գոյությունը մեր հողում ընդհանրապես անպիտան էր, ինչպես նաև մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և այլ կառույցների: Սա իրապես գոյամարտ է: Մենք շեշտում ենք այլ երկրների անտարբերությունը, բայց չէ՞ որ մեր ռազմավարական դաշնակցի ռազմակայանը մեր հողում է, և մեզ տարիներ շարունակ ներշնչել են, որ եթե ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի: 

Եվ այդ բազան տեղակայված է նրա համար, որ թուրքը մեզ չուտի: Բայց ահա բազան կա, կռվում է հայ զինվորը, կռվում է անձնուրաց, և յուրաքանչյուր զոհի համար մեր սրտերը դատարկվում են, նորից վերադառնում են տեղը, որովհետև հասկանում ենք, որ մենք իսկապես չհաղթելու տարբերակ չունենք: 

Մենք չհաղթելու տարբերակ չունենք, որովհետև առաջին անգամ հասկացել ենք, որ ինքնիշխան ենք, առաջին անգամ հասկացել ենք, որ մեր բոլոր հաղթանակները և պարտությունները կախված են մեզնից: 

Առաջին անգամ մենք չենք սպասում ո՛չ անգլիական նավերին, ո՛չ ռուսական տանկերին, ո՛չ ճապոնական զենքերին: Եվ, վերջապես, մենք հասկացել ենք, թե ով ով է, որովհետև ինչքան էլ ես խոսում էի լյուստրացիայի մասին, ոչ թե հեղափոխությունը, այլ հենց պատերազմը եղավ ավարտուն լյուստրացիան: 

Որովհետև երբ բարձրացավ հայրենիքի տեսլականը, ցանկացած մարդ քաղաքական տարաձայնությունները մի կողմ է դնում: Դրա վկան է Երկրորդ համաշխարհային պատերազմը, երբ Արևմուտքում բազմաթիվ կուսակցություններ մոռացան, թե ով ինչ քաղաքական նկատառումներ ունի, բոլորը միացան Դիմադրության, պարտիզանական շարժումների մեջ: 

Եվ միայն մեզ մոտ որոշակի մարդիկ՝ ռուսական ԿԳԲ-ի սպառված արսենալից, սկսեցին խոսել այլ դիրքերից: Դրանք ԿԳԲ-ի սպառված արսենալից են, հակառակ դեպքում ԿԳԲ-ն այդպես անխղճաբար նրանց չէր նետի աղբամանը: 

ԿԳԲ-ն, հրահանգելով այդ մարդկանց խոսել այդ ձևով, ես նկատի ունեմ Դավիթ Շահնազարյանին, Վահրամ Սահակյանցին, այնտեղ ինչ-որ Ռոբերտ Սիմոնյանի, նրանց նետում է պատմական հիշողության աղբամանը:

 Ընդ որում, ոչ թե մոռացության աղբամանը, այլ հավերժական ստորացման և անարգման աղբամանը: Իսկ դա շատ վատ բան է, դա սերունդների համար էլ շատ վատ բան է: 

Դա պետական դավաճանություն է: Դա լավագույն լյուստրացիան է, որ մենք վերջապես հասկանանք, որ ինքնիշխանությունը նախևառաջ մտածելակերպ է, և այդ մտածելակերպից են բխում աշխարհի, պետության և քաղաքակրթության բոլոր հաղթանակները: 

Հայաստանում և Արցախում չկա հայաստանցի-արցախցի բաժանում և չի կարող լինել: Արցախի նախագահը առաջնագծում է, և մենք բոլորս հասկանում ենք, թե դա ինչ անձնազոհ քայլ է: 

Այլևս որևէ մեկը չի կարող ասել, որ ինչ-որ մարդիկ իրենց ապահով տներում նստած են: Բոլորը զարմանում են այդ քայլի վրա, իսկ ես հասկանում եմ այդ քայլը, որովհետև եթե նախագահն առաջնագծում է, որևէ մեկը այլևս չի ասի՝ իրենք իրենց տանը ապահով նստած, մեր երեխաներին ուղարկում են ճակատ, որովհետև բոլորն են ճակատում: Անխտիր բոլոր իրական տղամարդիկ ճակատում են, իմ հարազատ մարդն էլ է ճակատում, որի մասին ուզում եմ շեշտել: 

Մենք բոլորս հասկանում ենք, որ կարող է լինել ամենավատ ընթացքը, բայց միաժամանակ, ինչպես Փաշինյանն ասաց, սա մեր վերջին պատերազմն է, և մենք չենք բռնելու Դեր Զորի ճամփան: 

Այո՛, որովհետև Դեր Զորի ճամփան բռնում են կախյալը, ստրուկը և անտեղյակը: Իսկ մենք ո՛չ կախյալ ենք, ո՛չ ստրուկ ենք, ո՛չ անտեղյակ: Մենք հիմա ՀՀ անկախ քաղաքացիներ ենք և լրիվ ուրիշ ճանապարհ ենք բացում: Այո՛, կորուստների գնով, բայց այդ ճանապարհը բացվում է:

– Ինչպե՞ս եք գնահատում վերջին շրջանում ռուսական, եվրոպական կամ ամերիկյան կողմերից հնչող հայտարարությունները՝ կապված ստեղծված իրավիճակի հետ: 

– Տպավորությունն այն է, որ այս պարագայում թիվ մեկ ակտիվ գործոնը Ֆրանսիան է, ինչքան էլ ասեն, որ Ֆրանսիան իրացնում է իր աշխարհաքաղաքական հետաքրքրությունները: 

Ռուսաստանն էլ պակաս իր աշխարհաքաղաքական հետաքրքրությունները չունի, բայց ինչ-որ դժկամ է խոսում: Ինձ թվում է, որ Ադրբեջանի հետ դեռևս ակտիվ առևտուր է անում և մտածում է, թե ինչ կարելի է պոկել Ադրբեջանից: 

Բայց վարձկանների առկայությունը Ադրբեջանի զորքերում, Հայաստանի սահմանների օդային գնդակոծումը, փաստորեն ներխուժումը՝ սրանք արդեն միջազգային իրավունքի այնպիսի կոպիտ խախտումներ են, որ աշխարհը հիմա ոչ թե պետք է խոսեր, այլ գոռար: 

Ես կարծում եմ, որ Սփյուռքը, որ հիմա մի բռունցք դարձած ակտիվորեն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում համահայկական հիմնադրամին, ինչի համար շատ շնորհակալ ենք, պետք է նաև դիվանագիտական խողովակների վրա հույս դնի: 

Շատ կեղտոտ ձևով էր բռնացված պահը, որովհետև դուք հասկանում եք, որ ԱՄՆ-ում նախընտրական վիճակ է, և բնական է, որ, այսպես թե այնպես, ամեն երկիր հետևում է իր ներքին խնդիրներին, և այս հարցը չէր կարող դառնալ առաջնային, կոնկրետ ԱՄՆ-ի միջամտության համար: 

Դրա համար եմ ասում, որ շատ կեղտոտ պահ էր ընտրված: Եվ, իհարկե, ռուսական իրական միջամտությունը ի զորու էր կանգնեցնել այս պատերազմը, բայց Մոսկվային դա ձեռնտու չէ, որովհետև Ռուսաստանը վաղուց է փափագում այդտեղ խաղաղապահ զորքեր տեղակայել, տառացիորեն ստրկացնել Հայաստանն ու Արցախը: 

Այս միջոցառումներին նա հետևում է ուշի ուշով՝ հույսով, որ ի վերջո հուսալքված հայերը կդիմեն իր օգնությանը, և դա էին ակնարկում մարգարիտասիմոնյանները, դավիթշահնազարյանները: 

Բայց Հայաստանը վերջապես սովորում է իր սեփական սխալներից և այլևս դրանք չի կրկնելու: Զարգացման բոլոր միտումներից, մարդկային բոլոր գործոններից, ղեկավարությունից դա երևում է: 

Շատ կարևոր է, որ քո ղեկավարները այն մարդիկ են, ում դու վստահում ես, դեռ ավելին, բոլորը դարձել են յուրատեսակ պաշտամունքային հերոսներ: Աստված տա, որ հաղթանակից հետո այդ աստղային հիվանդությունը քիչ-քիչ մարի, որովհետև դա վտանգավոր է հասարակության հետագա զարգացման համար: Մարդիկ լիահույս են, մարդիկ շատ ամուր են, ըմբռնում են ամեն ինչ, և, ի վերջո, սուտ խաղաղասիրությանը, կեղծ խաղաղասիրական կոչերը ավարտվեցին այլևս: Ոչ մի խոսույթում դա չկա: Չի կարելի խաղաղության դրոշով դեմ գնալ արյունարբու կենդանուն: Արյունարբու կենդանուն ոչնչացնում են, որ ինքը քեզ չհոշոտի, դա է միակ խաղաղությունը՝ գազանին ոչնչացնելը: 

– Այսօր Արցախի ԱԳՆ-ն դիմել էր աշխարհին Արցախի անկախության ճանաչման խնդրով։ Հայաստանի դեպքում ճիշտը Արցախի անկախության ճանաչո՞ւմն է, թե՞ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը։

Միակ տարբերակը անկախության ճանաչումն է, և ես կարծում եմ, որ պետք է Արցախի միջազգային ճանաչումը անպայման պրեսինգի տակ լինի, որովհետև նախևառաջ դա շատ հզոր լծակ է, որովհետև դրանից հետո ամեն ինչ կանգ կառնի, դրանից հետո այլևս պայքարելու բան չի լինի։ Այլևս դա կլինի անկախ տերիտորիա,իսկ հետո կարող ենք ռազմաքաղաքական դաշինք կնքել, ինչը երկրորդական գործընթաց է։

– Անընդհատ խոսվում է, որ հիմա ամենաճիշտ պահն է Արցախի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից։

– Իհարկե, ուրիշ տարբերակ չկա, որովհետև միայն այդկերպ կընդհատվի այդ երկարաժամկետ պատերազմը, և կընդհատվի այս կոնֆլիկտը։ Թող տեսնեն՝ ով ինչպես է կռվում և հասկանան՝ ում հողն է դա, որովհետև ուրիշի հողի համար ոչ ոք այդպես չի կռվում, այսպես կռվում են միայն սեփական, հարազատ հողի համար և իրական տղամարդիկ։

Մանե Հարությունյան

MediaLab.am