Լռության գինը. Հայաստանում ընտանեկան բռնության հետեւանքով շարունակում են կանայք մահանալ

Հոկտեմբերի 1-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» նշում է ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը՝ ավանդական միջոցառումների միջոցով փորձելով հրավիրել թե՛ պետության, թե՛ հասարակության ուշադրությունը ընտանեկան բռնության, գենդերային բռնությունների տարբեր դրսևորումների վրա:

Կոալիցիայի անդամներն այսօր կառավարության շենքի դիմաց էին. նախ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակը հանձնեցին կառավարության ընդունարան, այնուհետև շարժվեցին դեպի հարակից պուրակ՝ ծառերին կապելու ժապավեններ, որոնց վրա գրված էին 2010 թվականից մինչ օրս ընտանեկան բռնության հետևանքով մահացած կանանց անունները:

Նկատենք, որ ակցիայի մասնակիցները նախատեսել էին այդ ժապավենները կապել կառավարության շենքի դիմացի ծառերին, բայց ոստիկանության աշխատակիցները թույլ չտվեցին՝ պատճառաբանելով, թե հյուրեր ունեն, և ճիշտ չի լինի նման ակցիա իրականացնել: Թե ինչ հյուրեր էին և որտեղից՝ ոստիկանության աշխատակիցները չմանրամասնեցին, միայն ասացին, որ իրենք շարժվում են օրենքով:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ծրագրերի համակարգող, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը «Մեդիալաբին» ասաց, որ նամակի նպատակն էր ուշադրություն հրավիրել կանանց նկատմամբ բռնության խնդրին և պահանջը, որպեսզի վարչապետն ընդունի կանանց խմբերին, փորձի հասկանալ խնդրի խորությունն ու անընդհատ ուշադրության կենտրոնում պահի այս խնդիրը:

«Մենք առաջարկել ենք փոփոխություններ կատարել օրենսդրական դաշտում, որովհետև օրենքը, որ գործում է, հեռու է կատարյալ լինելուց, այնպիսին չէ, որ մենք հանգիստ լինենք, որ պետությունն ամեն կերպ կանխարգելում և պաշտպանում է ընտանեկան բռնության ենթարկված անձին», – ասում է Զառա Հովհաննիսյանն ու ցավով նշում, որ օրենքի իրենց առաջարկած փոփոխությունները մնացել են նախագծի մակարդակում և անորոշ ժամկետով հետաձգվել:

Նրա խոսքով՝ Հայաստանում դեռ չկան այն մեխանիզմները, որոնցով հնարավոր կլինեն բռնության ենթարկվածին թե՛ պաշտպանել, թե՛ անհրաժեշտ չափով աջակցել, որպեսզի նա կրկին չհայտնվի նույն տարածքում բռնարարի հետ:

Գյումրիում գործող «Կանանց իրավունքների տուն» կազմակերպության ներկայացուցիչ Կարինե Դավթյանը «Մեդիալաբին» ասում է, որ Շիրակի մարզում ընտանեկան բռնության ենթարկվողների թիվը բավական մեծ է, վերջերս էլ ավելի են շատացել ահազանգերը:

«Թվի աճը կապում եմ իրազեկվածության մակարդակի բարձրացման հետ, բայց սա չի նշանակում, թե ունենք հստակ ցուցանիշ, որովհետև շատերը դեռ լռում են ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ վախի, ամոթի խարանի կամ ֆինանսական կախվածության»,- «Մեդիալաբին» ասում է Կարինե Դավթյանը:

Նրա խոսքով՝ կազմակերպություն մեծ մասամբ դիմում են հենց բռնության ենթարկվածներն ու հիմնականում այն ժամանակ, երբ վտանգի տակ են հենց երեխաները:

«Մեր կազմակերպությունը ոչ միայն հոգեբանական, իրավական մասով է փորձում խորհրդատվություն տրամադրել, այլ նաև փորձում ենք օգնել աշխատանք գտնելու հարցում: Այդ մասով տարբեր ծրագրեր ենք իրականացնում, որպեսզի կանայք կարողանան ֆինանսապես անկախանալ ու ինքնուրույն որոշումներ կայացնել»,- ասում է «Կանանց իրավունքների տուն» կազմակերպության ներկայացուցիչը:

Կարինե Դավթյանը նկատում է, որ ցուցաբերած օգնությունից հետո, եթե դեպքեր են լինում, որ կանայք կրկին վերադառնում են ամուսնու մոտ, ապա բռնությունը նորից կրկնվում է, և կանայք նորից դիմում է իրենց:

«Կանանց աջակցման կենտրոնի» ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանն էլ «Մեդիալաբին» ասում է, որ տարածված է թյուր կարծիք, թե հիմնականում մարզերում բռնության ենթարկված կանայք են վախից կամ ամոթից ելնելով համակերպվում բռնությանը և չեն դիմում համապատասխան կազմակերպություններին, մինչդեռ մայրաքաղաքում էլ քիչ չեն այդպիսի կանայք:

«Հայաստանում բռնության հետ կապված իրավիճակի որևէ փոփոխություն չկա, դեռ վաղ է խոսել բռնության ենթարկված կանանց թվի նվազման մասին, որովհետև Հայաստանում չկա պետական համակարգի կողմից վարվող այնպիսի քաղաքականություն, որը կնպաստի բռնության դեպքերի նվազմանը»,- «Մեդիալաբին» ասում է Հասմիկ Գևորգյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում դեռևս չի գրանցվել մի դեպք, որ բռնարարն արժանի պատիժ կրի, ինչն էլ նպաստում է բռնության նոր դեպքերի ի հայտ գալուն ու փաստում՝ բռնության դեմ չկա պայքար:

«Միակ փոփոխությունը 2020 թվականից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունն է բռնության հետևանքով տուժած կանանց աջակցման երկու ապաստարանին»,- ասում է Հասմիկ Գևորգյանը՝ ընդգծելով, որ թեև այդ աջակցությունը մեծ քայլ է, բայց դեռ կան բազմաթիվ բացեր, որոնք ծնում են շարունակական ու լուրջ խնդիրներ:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամները նշում են, որ Հայաստանում շարունակվող ընտանեկան բռնության հետևանքով դեռ կանայք են մահանում:

Իրազեկման ակցիան կազմակերպիչները կշարունակեն նաև երեկոյան ժամը 19:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ բեմադրելով պարային ներկայացում, որը կմարմնավորի կանանց նկատմամբ բռնության խնդիրն ու կանանց պայքարի ամբողջ ճանապարհը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am