Նոր տարին առանց Նիկոլի․ Իշխան Սաղաթելյան

Այսօր ընդդիմության Արժանապատվության երթը ավարտվել է Ֆրանսիայի հրապարակում։ Այստեղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ նման երթերը շարունակելու են, քանի դեռ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը։

«Նրան պետք է հեռացնենք ու շարժվենք առաջ։ Նրա արագ հեռացումը խիստ անհրաժեշտություն է։ Նիկոլին հեռացնելուց հետո մենք բոլորս միասին՝ Ավստրալիայից մինչև Մոսկվա, բոլորը միասին պետք է համախմբվենք։ Հայ ժողովուրդը երբեք չպետք է հուսահատվի։ Այս պատերազմում հայը չի պարտվել, պարտվել է միայն Նիկոլը։

Մեզ անընդհատ հարցնում են՝ այս պայքարի վերջն ինչ է լինելու, ինչքան է շարունակվելու, կոչ են անում հենց հիմա կոնկրետ գործողություններով հեռացնենք այս իշխանություններին: Ես շարժման անունից ձեզ խոստանում եմ, որ Նիկոլ Փաշինյանին մնացել են հաշված օրեր: Եթե Նիկոլը ինքնակամ շատ արագ չհեռանա, ապա մենք պաշտոնը կհեռացնենք իրենից: Առաջիկայում ամեն օր մենք իրականացնելու ենք բողոքի անհնազանդության զանգվածային գործողությունները եւ հասնելու ենք մեր նպատակին: Մենք առաջիկա օրերին հասունացնեու ենք Նիկոլի հեռացումը։ Նոր տարին առանց Նիկոլի», – հայտարարեց Իշխան Սաղաթելյանը: