Դատարանը չփոխեց Քոչարյանի և մյուսների գործով տուժածների դատավարական կարգավիճակը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանը անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ դատակոչի ցուցակում ներառված 102 հոգուն որպես գործով վկա հրավիրելու միջնորդությանը:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական թիմից` պաշտպանը նշեց, որ մեղադրող կողմը անհասկանալի չափանիշներով է տուժողներին ընդգրկել դատակոչի ցուցակ։

Նա հիշեցրեց, որ ՀՔԾ-ում քննվող գործով տուժող է ճանաչվել 228 հոգի, ովքեր, ըստ դատախազության, պետք է դատակոչվեին այս նիստին։ Սակայն դատակոչվել են ընդամենը 102 հոգի։

Նա նաև երկու ցուցակ ներկայացրեց․մեկում ընդգրկված են տուժող ճանաչված 126 հոգի, ովքեր, սակայն, դատակոչված չեն, իսկ մյուսում՝ դատակոչված 102 տուժողները։

«Կամ այստեղ տուժող ընդհանրապես չկա, կամ կան 228 տուժող։ Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է որոշվում՝ տվյալ անձը տուժո՞ղ է, թե ոչ, պե՞տք է հարցաքննվի դատարանում, թե ոչ», – ասաց Ալումյանը։

Մեղադրող կողմը ոչ հիմնավոր համարեց պաշտպանների ներկայացրած փաստարկները և առարկեց միջնորդության դեմ։

Լսելով պաշտպանական և մեղադրող կողմերին՝ դատարանը գտավ, որ տուժածների դատավարական կարգավիճակի որևէ փոփոխության կարիք չկա։

Դատական նիստին տուժողներն ու նրանց ներկայացուցիչները չեն ներկայացել։