Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները, հետընթացը պահպանվում է․ Գրիգորյան

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի հերթական առաջարկները, փետրվարի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։Այս մասին հայտնում է Civilnet.am-ը:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական նախորդ առաջարկներից հետո ասել էր, որ «որոշ հոդվածներով հայկական կողմը որոշակի հետընթաց է տեսնում»։ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ վերոնշյալ հետընթացը նոր առաջարկներից հետո էլ պահպանվում է։

«Որոշ հարցերում, որտեղ նախկին հետընթացը եղել է, դա պահպանվել է։ Բայց նաև հնարավորություն կա աշխատելու։ Ուզում եմ խաղաղության պայմանգրի բանակցությունները դիտարկենք գործընթաց՝ ակնկալելով, որ երբեմն կարող է առաջընթաց լինել, երբեմն կարող է հետընթաց լինել։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին»,- ասել է Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ հետընթացը վերաբերում է «սկզբունքային հարցերին»։

Նա նշում է, որ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները կշարունակվեն արտգործնախարարների մակարդակով առաջիկայում նախատեսվող հանդիպմանը, որի մասին հայտարարվել էր Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպումից հետո։

Հայկական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները փոխանցել էր հունվարի 4-ին։