Օվերչուկ․ Հայաստանը չի կարող միաժամանակ օգտվել ԵԱՏՄ-ից ու գնալ ԵՄ

«Մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական միություն գագաթաժողովի ընթացքում քննարկվելու է այդ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը»,- TACC-ի հետ զրույցում հայտարարել է Ալեքսեյ Օվերչուկը։

«Դա շատ բարդ հարց է։ Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն, սակայն տեսնում ենք այն խնդիրները, որոնք կարող են ծագել Եվրոպական միությունին միանալու կամ այդ կառույցի հետ հարաբերությունները սերտացնելու դեպքում»,- նշել է Օվերչուկը՝ հավելելով, որ այդ խնդիրները «գործնականում արդեն իսկ ի հայտ են գալիս»։

«Եթե ընտրությունը կատարվում է հօգուտ ԵՄ-ի, մեզ մոտ հարցեր են առաջանում։ Նախևառաջ՝ ինչո՞ւ մենք պետք է աջակցենք այդ ընտրությանը մեր բյուջեի հաշվին։ Եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված պետություններին, ինչո՞ւ մենք պետք է պաշտպանենք դա»,- ասել է նա։

Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով՝ հայկական կողմը հայտարարում է, որ անցնում է ԵՄ ստանդարտներին, սակայն շարունակում է օգտվել այն արտոնություններից, որոնք տրամադրում է ԵԱՏՄ-ն։

«Լավ կլիներ, եթե Հայաստանը հնարավորինս արագ կողմնորոշվեր, քանի որ դա ազնիվ մոտեցում կլինի թե ԵԱՏՄ-ում իր դաշնակիցների, թե հենց Հայաստանի նկատմամբ»,- ընդգծել է Ալեքսեյ Օվերչուկը։