«Չենք կարող հանդուրժել որևէ սաբոտաժի կամ արգելակման գործելակերպ, շուտով կզգանք թե՛ տեմպի և թե՛ որակի փոփոխություն». Հայկ Կոնջորյան

Լուսանկարը՝ Հայկ Կոնջորյանի ֆեյսբուքյան էջից

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը

– Պարո՛ն Կոնջորյան, նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց իրավապահ համակարգի՝ շոկի մեջ լինելու մասին: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում կրկին ականատես ենք լինում, որ նախկին իշխանության ներկայացուցիչ և մեղադրյալ անձինք կարողանում են դիմել փախուստի: Արդյոք այստեղ չկա՞ն սաբոտաժի տարրեր իրավապահների կողմից։

– Հեղափոխության փաստն ինքնին շոկային էր շատ-շատերի համար, իսկ հեղափոխությանը հաջորդող գործընթացները կոտրեցին բազմաթիվ միֆեր և լեգենդներ, որոնց վրա կառուցված էր նախկին համակարգը։ Այս երկու տարիներին աննախադեպ ծավալներով քրեական գործեր են հարուցվել կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված, որոնցով անցնում են նաև մի շարք նախկին բարձրաստիճան և անպարտելի թվացող պաշտոնյաներ։

Շոկային է ինչպես փոփոխությունների բուն փաստը, այնպես էլ այն աննախադեպ ծավալներով գործերը, որոնք բացահայտվում և ստանում են համապատասխան ընթացք։

Իրավապահ համակարգը այս պայմաններում պետք է համահունչ քայլի նոր պահանջներին և իրողություններին։ Իշխանությունը ունի բարձր քաղաքական կամք հանցագործությունների բացահայտման և պատասխանատվության ենթարկելու առումով, և ինչպես իրավապահ, այնպես էլ մյուս պետական կառույցները, պետք է հասցնեն համահունչ քայլել երկրում օրինականություն հաստատելու իշխանության աներկբա և հաստատակամ նպատակներին։

Այս առումով, իհարկե, անելիքներ կան նաև իրավապահ համակարգում՝ այն դարձնելու համար առավել էֆեկտիվ և դինամիկ, ինչպես նաև համահունչ՝ մեր պետության և հանրության որդեգրած նպատակներին և արժեքներին։ Պետք է նշեմ, որ Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր մարմին, պատրաստ է իր հաստատուն աջակցությունը տրամադրել իրավապահ մարմիններին՝ երկրում օրինականության հաստատման համար անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների մասով։

Տարօրինակ չէ՞, որ իշխանությունը հեղափոխությունից 2 տարի անց դեռ խոսում է իրավապահ համակարգի՝ շոկի մեջ լինելու մասին: Այստեղ իշխող ուժի մեղքի բաժինը չկա՞, որ իրավապահ համակարգը կամ դրա մի մասը դիմադրում է իշխանություններին: 

– Բարդ համակարգերը հնարավոր չէ կայծակնային արագությամբ փոփոխությունների ենթարկել՝ առանց վնասելու կարևոր բաղադրամասերին։

Իրավապահ համակարգի տրանսֆորմացիան և բարեփոխումը ժամանակատար գործընթաց են, սակայն մենք նաև չենք կարող հանդուրժել որևէ տեսակ սաբոտաժի կամ արգելակման գործելակերպ։ Այո՛, իշխանությունները չեն գնացել կադրային ջարդի վիրահատական ճանապարհով, յուրաքանչյուրին տրվել է վերափոխվելու շանս։ Շատերը, այդ թվում՝ իրավապահ համակարգում, իսկապես ընդունել են նոր կանոններն ու արժեքները։

Մենք ունենք բազմաթիվ ազնիվ և անձնվեր ծառայողներ համակարգում։ Մեկ բան հստակ է՝ Հայաստանում օրինականությանն ու արդարադատությանն այլընտրանք չկա։ Նրանք, ովքեր կփորձեն կասկածի տակ դնել այս հրամայականը, իրենց վրա կզգան օրենքի ուժը։ Իսկ որոշ տեղերում, եթե անգամ դանդաղում ենք, ապա շուտով կզգանք թե՛ տեմպի և թե՛ որակի փոփոխություն։

Կարո՞ղ ենք արձանագրել, որ իրավապահ համակարգը չի արդարացնում իրեն, և իշխանությունը պետք է ժամ առաջ կարողանա լուծումներ գտնել:

Կառավարությունը արդեն իսկ ձեռնարկել է դատաիրավական համակարգի բարեփոխումներ, և շատ շուտով մենք կզգանք կոնկրետ և շոշափելի արդյունքներ։ Իրավապահ համակարգը միշտ պետք է մեկ քայլ առաջ լինի բոլորից, մեկ գլուխ բարձր բոլորից իր պրոֆեսիոնալիզմով՝ երկրում ապահովելու օրինականություն և կարգուկանոն։

Վստահ եմ, որ մենք ունենք բավական մեծ հիմքեր այս նպատակին առաջիկայում հասնելու համար, բայց յուրաքանչյուրը պետք է գիտակցի սեփական պատասխանատվության բաժինը, սեփական առաքելությունը այս մեծ և ազգանվեր գործում։

– Չնայած այն հանգամանքին, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները որևէ կերպ չեն մեկնաբանում Միքայել Մինասյանի հայտարարությունները իր և Վանեցյանի հանդիպման մասին, որում նա նշում է, որ Վանեցյանն իր հետ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հորդորով, այնուամենայնիվ, այսօր ՀՔԾ-ն հրավիրել է Վանեցյանին, և իրավական գործընթաց է սկսվել: Ի՞նչ կարելի է ակնկալել այս գործից:

– Ձեր նշած անձանց վերաբերող գործերով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները։ Ես միայն նշեմ, որ արդարադատության ձեռքը հասնելու է բոլորին, որոնք օրինականության հետ խնդիրներ ունեն։

– Այս գործընթացները ազդո՞ւմ են արդյոք իշխանության վարկանիշի վրա, թե՞ ոչ:

– Մեզ քաղաքացիներն ամենաշատը քննադատում են բավականաչափ կոշտ չլինելու համար, իսկ այդ բավականաչափը յուրաքանչյուր դեպքում սուբյեկտիվ ընկալման տիրույթում է։

Մենք հավատարիմ ենք մեր սահմանած նպատակներին և այդ ճանապարհին գործում ենք օրինականության դաշտում։ Շատերը կուզենային առավել բիրտ մեթոդներ, բայց մենք պետք է օրինականություն հաստատենք օրինական գործիքակազմով, ինչը և անում ենք։

Միաժամանակ, մենք պատրաստ ենք լսել մեր քաղաքացիների քննադատությունները, կատարենք համապատասխան հետևություններ և շարժվենք առաջ՝ դույզն-ինչ չշեղվելով մեր հիմնարար արժեքներից և համազգային նպատակներից։

– Իսկ վստահություն ունեցող իշխանությունը արդյոք բիրտ գործիքների չէ՞ր կարող դիմել։

– Գործիքները պետք է լինեն հարկ եղած դեպքում կոշտ, բայց՝ օրինականության դաշտում։ Եթե լինի անհրաժեշտություն՝ ընդլայնելու օրենսդրական գործիքակազմը արդյունավետորեն պայքարելու հանցավորության դեմ և հաստատելու արդարադատություն, մենք դա կանենք։

Մանե Հարությունյան

MediaLab.am