«Չեմ բացառում, որ Ռուսաստանի պարտադրմամբ՝ անհավանական կոալիցիայի ականատես լինենք». Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրն է: Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ողջ ընթացքն ու քաղաքական ուժերի գործելաոճը:

– Դեռ քարոզարշավի մեկնարկից առաջ, հենց ձեզ տված հարցազրույցում կանխատեսում էի արել, որը, ցավոք սրտի, իրականացավ: Քարոզարշավը շատ անտագոնիստական ստացվեց, եթե ուշադիր դիտարկենք՝ կնկատենք, որ ծրագրային, քաղաքական, բովանդակային մրցակցության բաղադրիչները շատ քիչ են:

Քարոզարշավի հիմնական ֆավորիտները միմյանց պիտակավորում են «կապիտուլյանտ», «թալանչի» բառերով, էլ չեմ խոսում այն անթույլատրելի բառապաշարի մասին:

Հասարակությունը տեսավ՝ ով և ում ավելի բարձր կամ ավելի «շքեղ» կարող է հայհոյել ու պիտակավորել: Ի դեպ, Հանրայինի կազմակերպած երկու փուլով անցկացվող բանավեճը լավագույնս ցույց տվեց այս քարոզարշավի իրական պատկերը, այսինքն՝ այն չստացվեց, որովհետև ֆավորիտների զգալի մասը չմասնակցեց:

Ցավով պետք է նշեմ, որ անտագոնիզմի հիմնական աղբյուրը շարունակում էր մնալ իշխանությունը, որովհետև իր կարգավիճակին բնորոշ զսպվածություն, հանդուրժողականություն չցուցաբերեց, ավելին՝ հակված եմ մտածելու, որ Փաշինյանի մուրճը դառնալու է այս քարոզարշավի գլխավոր սիմվոլներից մեկը, բնականաբար՝ վատ իմաստով:

Աննախադեպ անտագոնիստական մթնոլորտը, ցավոք սրտի, չի ավարտվելու քարոզարշավով, հունիսի 20-ին, մեծ հավանականությամբ, տեղափոխվելու է ընտրատեղամասեր, հետո՝ գուցե փողոցներ: Քանի որ չունեցանք որակյալ քարոզարշավ, խիստ կասկածում եմ, որ ընտրությունների արդյունքների լեգիտիմության հարցում լինի կոնսենսուս, իսկ սա բերելու է քաղաքական ճգնաժամի խորացման:

Քարոզարշավն առանձնացավ նաև նրանով, որ մասնակցում էին Հայաստանի նախկին ու ներկա բոլոր ղեկավարները, ինչը նպաստեց, որ այն ընթանա նախկին-ներկա տրամաբանությամբ՝տեղ չթողնելով ապագային:

Նման քարոզարշավը որքանո՞վ կողմնորոշիչ դարձավ քաղաքացիների համար, և նրանք կկարողանա՞ն ընտրություն կատարել:

– Քաղաքացիները բովանդակային ընտրության հնարավորություն չունեն: Ձևավորվեց այնպիսի կոնֆիգուրացիա, ենթադրում եմ՝ նաև արտաքին որոշակի կենտրոնների խրախուսմամբ, որ բովանդակային ընտրություն չկատարվի:

Ըստ էության, ընտրությունը տեղի է ունենում «կապիտուլյանտ Նիկոլի» և «թալանչի Ռոբերտի» միջակայքում, որը բովանդակային ընտրության հնարավորություն չի տալիս քաղաքացիներին:

Իսկ նման որակով քարոզարշավի ու ընտրությունների դեպքում ունենալու ենք մի խորհրդարան, որն իր բնույթով լինելու է ժամանակավոր կամ անցումային, որը չի կարողանալու հանգուցալուծել քաղաքական այն ճգնաժամը, որը կար երկրում:

Իսկ քաղաքացիներին ի՞նչն է խանգարում ձեր նշած ուժերին մի կողմ թողնել ու ընտրել այլ ուժերի:

Աղմուկը: Հակադիր երկու բևեռներն ունեն անհամեմատելի մեծ ֆինանսական, վարչական, կազմակերպչական, ինստիտուցիոնալ ռեսուրսներ, որոնք ներդրել են ընտրական գործընթացի մեջ, իսկ այդ պարագայում մրցակցային միջավայրը խաթարվում է:

Ֆորմալ առումով մրցակցային է, բայց այդ ռեսուրսների միջոցով քաղաքական այդ ուժերը ստեղծեցին տեղեկատվական այնպիսի աղմուկ, որի հորձանուտում կորան ցանկացած ռացիոնալ խոսք ու ծրագիր:

Պարո՛ն Սուրենյանց, քաղաքական առանցքային այդ ուժերը միտումնավո՞ր ընտրեցին նման բնույթի քարոզարշավ անցկացնելու ձևը:

– Այո՛, որովհետև այդ ուժերը բնույթով պոպուլիստական են: Հանդես են գալիս քաղաքական կլիշեներով, խոսքս երկու հակադիր բևեռների մասին է: Երկու օրինակ բերեմ, որոնք չունեն առարկայական հիմնավորում. քաղաքական մի ուժ, որը ձախողել է պատերազմը, տապալել վարակի դեմ պայքարը՝ պատճառ դառնալով հազարավոր մահերի, հանդես է գալիս «Ապագա կա» կարգախոսով: Այսինքն՝ ձախողել է ներկան ու ռացիոնալ հիմքերից զուրկ խոսում է վիրտուալ ապագայի մասին: Սա պոպուլիզմի դասական օրինակ է:

Նախագահ Քոչարյանը խոսում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի ամբողջական սահմանների վերականգնման հնարավորության մասին, այն պարագայում, երբ մեկ այլ առիթով ասում էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չեղարկելու մտադրություն չունի:

Այսինքն՝ այս երկու հակադիր կողմերն էլ հանդես են գալիս ականջահաճո հայտարարություններով, որոնք չունեն քաղաքական ռացիոնալ հիմնավորումներ:

– Ձեր կանխատեսմամբ՝ ո՞ր ուժերը շանսեր ունեն խորհրդարանում հայտնվելու անցողիկ շեմը հաղթահարել:

– Խորապես վստահ եմ, որ որևէ քաղաքական ուժ չի կարող ստանալ կայուն մեծամասնություն, օրինական ընտրությունների դեպքում դա բացառված է:

Անցողիկ շեմը, անկախ տոկոսային հարաբերակցությունից, հաղթահարելու են «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները:

Նման շանս, բայց՝ ավելի քիչ, ունեն «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները:

– Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը վստահ հայտարարում է, որ իր ղեկավարած ուժը 60 տոկոս քվե է ստանալու:

– Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ հայտարարություններ է արել, որոնք կապ չունեն իրականության հետ, օրինակ՝44 օր հաղթում էինք, բայց վերջին ժամերին պարզվեց, որ պարտվում ենք, 3 տարվա ընթացքում նմանատիպ դեպքերի պակաս չենք ունեցել:

Փաշինյանի նման պնդումը ես ուղղակի հրահանգ եմ համարում պետական մարմիններին՝ կիրառել վարչական ռեսուրս, տոտալ ձևով, այլ ճանապարհով ոչ ոք կայուն մեծամասնություն չի կարող ստանալ:

– Հետընտրական զարգացումների ու քաղաքացիական բախումների մասին են խոսում որոշ շրջանակներ: Նման կանխատեսում դուք և՞ս ունեք:

– Եթե երկու քաղաքական ուժ խոսում է իր անվերապահ հաղթանակի մասին, ապա շատ մեծ է հավանականությունը, որ անկախ հայտարարված թվերից, հունիսի 20-ի երեկոյան մենք ունենալու ենք երկու «հաղթող», որոնք կարող են իրենց հարաբերությունները պարզել փողոցներում և հրապարակներում, ինչն անշուշտ քաղաքացիական բախումների շատ մեծ ռիսկեր է ծնում:

Չեմ էլ բացառում, որ արտաքին որոշակի կենտրոնից՝ Ռուսաստանից, թվացյալ կայունությունը պահպանելու նպատակով որոշակի կոալիցիոն սխեմա պարտադրվի քաղաքական ուժերին, այդ թվում՝ ֆավորիտներին, և մենք ականատես լինենք անհավանական կոալիցիաների:

Այս երկու սցենարներից որևէ մեկն է գործելու:

– Ձեր նշած անհավանական կոալիցիան հնարավոր է լինի Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժերի՞ միջև:

– Քանի որ այդ երկու ուժն էլ, ըստ էության, ամբողջովին ռուսական սցենարի շրջանակներում է գործում, չի բացառվում, հավանականությունը մեծ չեմ համարում, բայց չեմ էլ բացառում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am