«Ասեց` աստված քեզ մի երեխա արդեն տվել է, պիտի աբորտ անես, միակ ելքը աբորտն է». ՄԻԱՎ վարակակիր հղիները բախվում են խտրական վերաբերմունքի

«Ասեց` աստված քեզ մի երեխա արդեն տվել է, պիտի աբորտ անես, միակ ելքը աբորտն է». ՄԻԱՎ վարակակիր հղիները բախվում են խտրական վերաբերմունքի
«Ասեց` աստված քեզ մի երեխա արդեն տվել է, պիտի աբորտ անես, միակ ելքը աբորտն է». ՄԻԱՎ վարակակիր հղիները բախվում են խտրական վերաբերմունքի

Երրորդ երեխան ունենալու մասին Աննան լուռ է երազում: Երբ երկրորդ հղիության լուրը լսելուց անմիջապես հետո լսեց նաև իր մոտ ՄԻԱՎ վարակի մասին, ամեն ինչ տակնուվրա եղավ նրա կյանքում:

«Նախկինում կարծում էի ՄԻԱՎ վարակիրները մեռնում են: Ասում էի բա երեխայիս ո՞վ ա պահելու, որ ծնվի: Ես չեմ լինի իր կողքին»,- ասում է Աննան:

Մարզային տեղամասային պոլիկլինիկայում Աննային ուղղորդեցին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, որտեղ նրան բացատրեցին, որ ՄԻԱՎ-ը մահացու չէ, ավելին՝ նա կարող է առողջ երեխաներ ունենալ։

Դժվարությունները, սակայն, այդքանով չսահմանափակվեցին: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում ՄԻԱՎ-ի դրական պատասխանից հետո Աննան որոշեց հետազոտություն անցնել նաև  «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, որտեղ, իմանալով, որ ՄԻԱՎ վարակակիր է, նրան խորհուրդ  տվեցին ընդհատել հղիությունը։

«Ասեց` աստված քեզ մի երեխա արդեն տվել է, պիտի գնաս, աբորտ անես, ու որ նման հիվանդության դեպքում աբորտը միակ ելքն է»,- «Մեդիալաբին» ասում է Աննան:

Չնայած խտրական վերաբերմունքին, եւ բժիշկների` հղիությունն ընդհատելու խորհուրդներին, Աննան այնուամենայնվի որոշեց, որ իր երեխան պիտի ծնվի: Հղիությունը լավ էր ընթանում, քանի որ ըստ մասնագետների օրգանիզմի դիամդրողականությունը բարձր էր, վարակի ազդեցությունը` թույլ: Սակայն, Աննան տհաճությամբ է հիշում ամեն մի այցելությունը բժշկի, քանի որ ամեն անգամ իրեն հիշեցնում էին ՄԻԱՎ վարակակիր լինելու մասին եւ «հատուկ» վերաբերմունքի արժանացնում:

«Ես լսեցի, որ իրար մեջ խոսում էին, ասում էին ինքը հիվանդ ա, բա ո՞նց ա ունենալու էդ երեխուն, երեխան առողջ կլինի՞։ Էդ քույրը անընդհատ հետևում էր ինձ ու արհամարական վերաբերմունքով ցույց տալիս, որ զգուշանում է ինձնից։ Էլի թող զգուշանային, բայց ոչ էդքան կոպիտ ձևով։ Դա ինձ համար էնքան ահավոր ցավ էր, երբ դիտմամբ իմ ներկայությամբ հակավիրուսային սփրեյ էր ցանում օդում, իմ ներկայությամբ բարձրաձայն մյուսներին ասում, որ իմ տեղը հանկարծ չպառկեն»,- ասում է նա։

Մարզային պոլիկլինիկայում խտրական վերաբերմունքի հանդիպելով,  Աննան վերջիվերջո որոշում է ընդունում ծննդաբերել Երեւանում:

«Ես ասեցի գնում եմ քաղաք։ Ոնց էլ լինի, ավելի տեղեկացված կլինեն, կհասկանան, որ դա կպնելով կամ օդով չի տարածվում»,- «Մեդիալաբին» պատմում է Աննան։

Հղիության վերջին ամիսներին Աննան նախածննդյան հսկողության է անցնում «Արմենիա» հանրապետական բժշկական։ Սակայն, կինը մայրքաղաքում եւս բախվում է խտրական վերաբերմունքի: Բուժաշխատողներն ամեն ինչ անում են հիշեցնելու, որ նա ՄԻԱՎ վարակակիր է: Աննան պատմում է, նույն վերաբերմունքը շարունակվում է ծննդաբերությունից հետո, երբ հաջորդ հերթափոխի բժիշկը արգելում է ծննդկանին տեղափոխել պալատ` հիմնավորելով, թե իր հիվանդը շուտով գալու է:

«Կյանքում չէի ուզենա նույն ճանապարհն անցել: Անընդհատ լացում էի, խնդրում էի, որ ինձ վճարովի պալատ տեղափոխեն, որ ոչ մեկին չտեսնեմ,-«Մեդիալաբին» պատմում է Աննան:

Աննան պատմում է, որ հիվանդանոցում ներերակային կաթիլային միացնելիս (սիստեմա) իր հասակակից բուժքույրը վախենում էր իրեն հպվել, ասում էր` ձեռք չեմ տա, չգիտե՞ք, որ ինքը հիվանդ է:

«Քույրերն իրար մեջ անընդհատ փսփսում էին, որ ես հիվանդ եմ….բայց դու չգիտես, թե վաղը քեզ հետ ինչ կլինի։ Վարակակիր դառնալն իմ ցանկությամբ չի եղել: Ոչ ոք ապահովագրված չէ։ Ծանր է, երբ քեզ չեն վերաբերվում որպես մարդու, այլ վերաբերվում են որպես մեկի, ով ուղղակի վարակված է։ Իրենք ոչ թե ուղղակի զգուշանում էին, այլ ցավեցնում էին»,- զսպելով հուզմունքը պատմում է նա։

Բոլոր այդ ապրումները, բուժհաստատություններում հանդիպած նման վերաբերմունքը Աննայի համար անհետևանք չեն մնացել․ «Ավելի պարփակված եմ դարձել։ Կուզեի հոգեբանի մոտ գնալ»,- ասում է։

Ընտանիքի անդամներից միայն սկեսուրը գիտի որդու և հարսի ՄԻԱՎ վարակակիր լինելու մասին։ Աննան, թեև վարակվել է արտագնա աշխատանքից վերադարձած ամուսնուց, սակայն երբևէ չի մեղադրել նրան:

«Ինքը ինձնից ավելի ծանր է տանում, ես դա գիտեմ։ Մենք ընտանիք ենք կազմել, ես չէի ուզենա իրեն ցավեցնել։ Հիմա կյանքի բերումով էդպես է ստացվել, ուրեմն մեր ճակատագիրն էլ էդ էր»,- ասում է նա։

Եվ Աննայի, և նրա ամուսնու մոտ ՄԻԱՎ-ի վաղ փուլն է։

«Այժմ հիվանդության մասին չեմ մտածում, էդպես ավելի հեշտ է դժվարությունները հաղթահարել: Կյանքում նաեւ բարի մարդկանց եմ հանդիպել, ովքեր օգնել են ունենալ երեխայիս, որով այնքան երջանիկ եմ:  Երեխաս լիովին առողջ է, ես հանգիստ եմ նրա համար»,- «Մեդիալաբին» պատմում է Աննան:

Չնայած բուժհաստատություններում իրեն բաժին հասած խտրական վերաբերմունքին, Աննան ասում է, որ միշտ սթափություն է պահպանում եւ օրինակ, ատամնաբուժարան գնալիս միշտ խնդրում է, որ ախտահանեն գործիքները, ձեռնոցներ հագնեն, պահպանեն անվտանգության անհրաժեշտ պայմանները:

«Իմ ճակատագիրն էդպես ա ստացվել, ես վարակվել եմ, ուրիշներին նույնը չեմ ցանկանա: Միշտ ձգտում եմ պահպանել անվտանգությունը, որ հանկարծ մեկն ինձանից չվարակվի»,- ասում է նա:

Հայաստանում, ըստ ՁԻԱՀի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների՝ 1988թ. մինչև 2015թ. հոկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2194 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 334-ը` 2014թ. ընթացքում, ինչն արդեն իսկ գերազանցում է նախորդ բոլոր տարիների տարեկան դեպքերի թիվը:

ՄԻԱՎ վարակով հիվանդների 31%-ը կանայք են՝ 681 դեպք, 69%-ը տղամարդիկ՝ 1513 դեպք: ՄԻԱՎ վարակի 41 դեպք (1,9%) է արձանագրվել երեխաների մոտ:

Մեր երկրում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (64,4%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (26,2%): Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով գրեթե բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ:

Կանանց գերակշիռ մասը վարակվել է սեռական ճանապարհով` 96.6 %: Մորից երեխային վարակն անցել է 1.7%-ի դեպքում:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ փոխնախագահ Ժենյա Մայիլյանը «Մեդիալաբին» ասում է, որ ՄԻԱՎ վարակակիրների նկատմամբ բժշկական հաստատություններում  գերիշխում է խտրական վերաբերմունքը: Նա նշում է, որ հատկապես խոցելի վիճակում են հղի կանայք, որոնց մոտ ՄԻԱՎ վարակակիր լինելը հաստատվում է տեղամասային պոլիկլինիկաներում: Մասնագետները ահազանգում են նաեւ, որ քիչ չեն դեպքերը, երբ ՄԻԱՎ վարակակիր հղիներից բուժհաստատություններում տարբեր ծառայությունների եւ մեկանգամյա գործիքների եւ պարագաների համար հավելյալ գումարներ են պահանջում:  

«Որոշ բուժհաստատություններում հղիներին նորմալ են սպասարկում, սակայն կան դեպքեր, երբ խտրական վերաբերմունքի հետեւանքով կանայք միանգամից Երեւան են տեղափոխվում,-«Մեդիալաբին» ասում է Մայիլյանը,-կարող են Երեւան գալ Կապանից, Նոյեմբերյանից: Սա մեծ խնդիր է»:

Նա նշում է, որ եթե ամեն մարզկենտրոնում գոնե մեկ վերապատրաստված բժիշկ լինի, որը կհամաձայնի պահպանել գաղտնիությանը նախապայմանը, հոգ տանել հղիի, իսկ հետո նորածնի հանդեպ, խնդիրը կլուծվի:

«Մարդիկ կան, որ լավ ինֆորմացված են, բայց իրենց ներքին վախերը, կարծրատիպերը թույլ չեն տալիս լիարժեք շփվել ՄԻԱՎ վարակակրի հետ» ,- ասում է Ժենյա Մայիլյանը,-պատշաճ վերահսկողության դեպքում ՄԻԱՎ-ից ոչ ոք չի մահանում։ Ներկայում ՄԻԱՎ-ով ապրող կնոջից ծնված 80-ից ավել առողջ երեխա կա Հայաստանում»։

Ժենյա Մայիլյանն ասում է, որ դեպքեր են եղել, որ շտապօգնության մեքենայով մարդուն տարել են բժշկական կենտրոն, բայց այնտեղ հրաժարվել են նրան բուժօգնություն ցուցաբերել՝ իմանալով ՄԻԱՎ վարակակիր լինելու մասին:

«Շատ դեպքերում ուղիղ չեն էլ ասում, որ այդ պատճառով են հրաժարվում, բայց ստեղծում են այնպիսի պայմաններ, որ մարդն ինքը հրաժարվի բուժօգնություն ստանալուց»,- ասում է նա:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի (ՁԻԱՀ-ի ԿՀԿ) կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանն ասում է, որ բժիշկների կողմից նման վերաբերմունք առկա է ամբողջ աշխարհում։

«Մի կողմից մարդկանց մոտ գիտելիքի պակասը` կապված փոխանցման ուղիների հետ, մտածում են՝ եթե ՄԻԱՎ վարակակրի կողքին են գտնվում, անպայման կվարակվեն, մյուս կողմից՝ կարծրատիպերն ու ներքին վախերը բերում են նման վերաբերմունքի։ Քանի որ այդ հիվանդությունը հիմնականում ասոցացնում են մահվան հետ, այդ ներքին վախը մարդկանց մոտ ծնում է նման վերաբերմունք։ Խտրականության դեմ պայքարը մի օրվա խնդիր չէ։ Դա տևական, երկարատև գործընթաց է, որը մենք փորձում ենք իրականացնել։ Դրան կարելի է հասնել նախ՝ տեղեկատվություն տրամադրելով»,- ասում է Ժանետա Պետրոսյանը։

«ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը Առողջապահության ազգային ինստիտուտի «ՄԻԱՎ վարակ» դասընթացի անցկացման բազայում է։ Դրանք ներառում են հնգօրյա դասընթացներ բժիշկների հետ, որոնց բաղադրիչն է  նաև խտրականության դրսևորումների վերացումը»,- ասում է Ժանետա Պետրոսյանը:

Նա նշում է, որ ՄԻԱՎ վարակիր կնոջը երեխայից ազատվելու խորհուրդ տալը բժշկի անգրագիտության հետեւանք է: Ըստ Պետրոսյանի, այսօր գոյություն ունեցող հզոր միջոցների շնորհիվ ՄԻԱՎ վարակակիր կինը կարող է 98 տոկոս հավանականությամբ առողջ երեխա ունենալ:

«Եթե կինը չունի մանկաբարձական հակացուցումներ, միայն ՄԻԱՎ-ի համար ընդհատել հղիությունը, իհարկե, անգրագիտության հետեւանք է,- ասում է նա:-Միայն ՄԻԱՎ վարակակիրների դեպքում չէ, որ խտրական վերաբերմունք է նկատվում, հոգեկան խնդիրներ ունեցողները, հաշմանդամություն ունեցողները, տուբերկուլյոզով հիվանդները ևս հաճախ նման վերաբերմունքի են արժանանում: Երևույթն ավելի շատ կապված է մարդասիրական վերաբերմունքի բացակայության հետ, որի դեմ էլ պետք է պայքարել»։

Անի Պետրոսյան

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի

© Medialab.am