Ալիևի հայտարարությունը նշանակում է նոր պատերազմ. Դավիթ Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, երեկ Ալիևը Բրյուսելում եռակողմ հանդիպումից առաջ նոր պահանջ է առաջ բերել՝ հայտարարելով, որ եթե Հայաստանը պնդի «մաքսակետեր տեղադրվեն Զանգեզուրի միջանցքով ապրանքների և քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու համար, ապա մենք կպնդենք Լաչինի միջանցքում նույն պայմանները»: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունը, և ի՞նչ է ենթադրում այն:

– Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, դա արցախակործան քաղաքականության շարունակությունն է: Այդ քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում թուրքական գերիշխանությունը հաստատելու ծրագրի իրականացմանը: Այն քարտեզը, որը Էրդողանը հրապարակել է, սա դրա բաղկացուցիչ մասն է: 

Ի՞նչ է նշանակում Բերձորում կամ, այսպես կոչված, Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետերի ստեղծում: Սա նշանակում է նոր պատերազմ, սա նշանակում է խեղդել Արցախը, սա նշանակում է հայաթափել Արցախը: Իսկ դրա հետևանքով հայոց անկախ պետականությունը կկործանվի:

Թուրքիան ու Ադրբեջանը տանում են այն քաղաքականությունը, որը Հիտլերը վարում էր 30-ականների սկզբին: Այն ժամանակ էլ տարբեր պետություններ քաջալերում էին նրան՝ մտածելով, որ իրենց վտանգ չի սպառնում, բայց արդյունքում ի՞նչ եղավ, բոլորի համար վտանգ եղավ: Հիմա այս է վիճակը:

– Այդուհանդերձ, հնարավո՞ր է Ադրբեջանն իր համար ցանկալի արդյունքը չի ստանում և հիմա էլ նման օրակարգ է առաջ մղում:

– Ես չէի ուզի, որ մենք հարցին զգացմունքային մոտենանք և էնպես ներկայացնենք իրավիճակը, որ տարբերվի իրականությունից: Ադրբեջանը ուզում է մեզ փակուղի գցել, ուզում է մեզ կոտորել: Մարդիկ կան, ասում են՝ Ադրբեջանը և Թուրքիան մեզ վտանգ չեն ներկայացնում, բա իհարկե, Ալիևը նման հայտարարություն պետք է անի: 

Ադրբեջանը վտանգ չէ մեզ համար, Արցախում մաքսակետ բացենք, հա՞: Դա է նշանակում: Թող այդ մարդիկ, որոնք այդպես խոում են, այդ մաքսակետով անցնեն: Իհարկե, կարող է իրենց ոչ մի բան չլինի, աղուհացով դիմավորեն, բայց մեզ համար դա լինելու է մահացու: Ի՞նչ պետք է անենք, պաշտպանենք մեզ:

– Պարո՛ն Բաբայան, երեկ Բրյուսելում այս անգամ ԵՄ-ի միջնորդությամբ եռակողմ հանդիպում տեղի ունեցավ: Ի՞նչ ակնկալիքներ կան այդ հանդիպումից:

– Ցանկացած հանդիպում, իհարկե, ավելի գերադասելի է, քան փոխհրաձգություն: Ընդհանուր առմամբ, լավ է, որ հանդիպում է տեղի ունեցել, բայց Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունը, մենք էլ պետք է մեր քաղաքականությունը շարունակենք. զարգացնենք ու խորացնենք հարաբերությունները եղբայրական երկրների հետ, պահպանենք մեր արժանապատվությունը, խելքով մոտենանք հարցերին և եթե այդպես աշխատենք, ամեն վտանգ կարելի է չեզոքացնել:

Մենք չպետք է մտածենք, որ մենք և Թուրքիան եղբայրներ ենք:

– Ի դեպ, երկու երկրները հայտարարել են հարաբերությունների հաստատման մասին: Ի՞նչ կարծիքի եք:

– Հարաբերություններ հաստատելը նորմալ է, բայց ի՞նչ գնով: Սա է խնդիրը: Հարաբերությունների հաստատմանը մենք երբեք դեմ չենք եղել, մենք ուղղակի ասում ենք՝ ի՞նչ գնով է լինելու դա: Եթե Թուրքիան պատրաստ է հանգիստ թողնելու մեզ, եթե Թուրքիան չի ասում, որ այդ հարաբերությունների գինը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելն է, Ադրբեջանին միջանցք տալն է, Ցեղասպանության ճանաչումից հրաժարումն է, դա մի բան է, եթե շարունակում է պնդել՝ այլ բան:

Էրդողանը ցույց է տալիս քարտեզ, որտեղ Հայաստանը չկա: Նա հասարակ թուրք լրագրո՞ղ է, թե՞ բանվոր: Նա երկրի առաջնորդն է:

Այս ամենը մենք պետք է տեսնենք տեղում, որովհետև եթե սխալվենք, դա կարող է ճակատագրական լինել: Թուրքիան երբեք չի փոխել իր մոտեցումները: Թուրքիան և Ադրբեջանը մեր ամենաազնիվ թշնամիներն են, երբեք չեն թաքցրել իրենց մոտեցումները մեր նկատմամբ: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am