Պուտինը ցանկանում է 1 մլրդ դոլար հատկացնել Թրամփի «Խաղաղության խորհրդին»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ընթացքում քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը։ ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Պուտինը շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ ընդգծելով, որ Ռուսաստանը աջակցում է միջազգային կայունությանն ուղղված նախաձեռնություններին և գնահատում է ԱՄՆ գործող վարչակազմի ջանքերը ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։

Պուտինը հայտնել է, որ հրավերի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի արտգործնախարարության ուսումնասիրություններից և ռազմավարական գործընկերների հետ խորհրդակցություններից հետո։ Նա նշել է, որ առաջարկը հիմնականում վերաբերում է Մերձավոր Արևելքի կարգավորմանը և Գազայի մարդասիրական ճգնաժամին՝ շեշտելով, որ գործընթացը պետք է նպաստի պաղեստինա-իսրայելական հակամարտության երկարաժամկետ լուծմանը՝ ՄԱԿ-ի որոշումների հիման վրա։

Անկախ մասնակցության հարցից՝ Պուտինը առաջարկել է ԱՄՆ-ում սառեցված ռուսական ակտիվներից 1 միլիարդ դոլար ուղղել «Խաղաղության խորհրդին»։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրից հետո մնացած միջոցները կարող են օգտագործվել պատերազմից տուժած տարածքների վերականգնման համար։